Կաշառք վերցնելու և գողության համար մեղադրվողը «Հարավկովկասյան երկաթուղում» նոր պաշտոն է ստացել. «Հետք»

20-09-2019 18:26:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hetq.am «Հարավկովկասյան երկաթուղուց» գողություն կատարելու դեպքերը սովորական մի բան են։ Տարեկան մի քանի քրեական գործ է ուղարկվում դատարան, սակայն այս տարի դատարան ուղարկված գործերից մեկն առանձնահատուկ է։ Յուրահատկությունը՝ կաշառք վերցնելու, գողության և լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող անձին նույն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունում այլ պաշտոնի նշանակելն է։
 


Նախորդ տարի Հայաստանի երկաթուղին կոնսեսիոն պայմանագրով կառավարող ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ
Ը-ում Քննչական կոմիտեն ստուգումներ սկսեց։ Այդ ընթացքում էլ բացահայտվեցին գողության և կաշառքի դեպքեր։ Նախնական տվյալներով՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության «Սովետական» և «Եղվարդ» քարշային ենթակայաններում առկա ուժային տրանսֆորմատորներից հափշտակվել են մետաղյա փաթույթներ: Այդ ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված հափշտակությունները կատարել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության համապատասխան աշխատակիցները։ Ավելին՝ պարզվել է, որ մեկ դեպքով ընկերության իրավասու անձինք իմացել են իրենց ենթակա աշխատակցի հափշտակություն կատարելու մասին, նրանից պահանջել և ստացել են առևտրային կաշառք՝ հափշտակությունը քողարկելու, համապատասխան իրավական ընթացք չտալու համար: Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա հափշտակություն կատարած, կաշառք պահանջած և տված անձանց առաջադրվել են մեղադրանքներ:
 
Նշված գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի դատարան։ Շենգավիթի նստավայրում դատաքննություն է ընթանում։ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության «Եղվարդ» քարշային ենթակետի էլեկտրամեխանիկ Վարդան Հովհաննիսյանը մեղադրվում է իրեն վստահված միջոցներից կատարված հափշտակության համար։ Գառնիկ Իվանյանը լինելով ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ էլեկտրաֆիկացիայի և էներգամատակարարման ձեռնարկության պետը մեղադրվում է իրեն վստահված միջոցներից հափշտակելու մեջ։ Իսկ ահա ընկերության էլեկտրաֆիկացման և էլեկտրամատակարարման ձեռնարկության գլխավոր ինժեներ Հարություն Մակարյանին, ի թիվս այլնի, մեղադրանք է առաջադրվել նաև վերը նշված անձանց մեղսագրվող հափշտակությունները թաքցնելու նպատակով վերցրած կաշառքի համար։
 
Հարություն Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով գողություն), 214-րդ հոդվածի 1-ին մասով (լիազորությունները չարաշահելը) և 200-րդ հոդվածի 3-րդ մասով (առևտրային կաշառք) նախատեսված հանցավոր արարքները կատարելու համար։
 
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկովը, ստանալով իրավապահների միջնորդությունը 2019 թ.-ի հունիսի 6-ին հրաման է ստորագրել, որով Հարություն Մակարյանի լիազորությունները կասեցվել են։ Հրամանում գլխավոր տնօրենը գրել է, որ մինչև չլինի դատարանի վերջնական դատավճիռը, Հարություն Մակարյանի լիազորություները չեն կարող վերականգնվել։ Բայց արի ու տես, որ այս հրամանից շատ չանցած՝ Հարություն Մակարյանը նույն ընկերությունում այլ պաշտոն է ստացել և այժմ դատավարությանը զուգահեռ աշխատում է «ՀԿԵ» ՓԲԸ-ի տեղամասի պետի պաշտոնում, նույն այն տեղամասի, որի ենթակայաններում կատարվել էր գողությունը, և ըստ մեղադրանքի՝ գողությունը թաքցնելու համար ինքը կաշառք է վերցրել։ Իսկ դատարանում ցուցմունքներ պետք է տան նաև այն վկաները, որոնք արդեն աշխատում են Հարություն Մակարյանի անմիջական ենթակայության տակ։
 
«ՀԿԵ» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը «Հետք»-ի հարցին ի պատասխան հաստատեց
տեղեկությունը, որ Հարություն Մակարյանը նշանակվել է տեղամասի պետ։
 
«Էլեկտրաֆիկացման և էներգամատակարարման ձեռնարկության գլխավոր ինժեներ Հարություն Մակարյանի լիազորությունները կասեցվել են քննչական մարմինների միջնորդությամբ, քանի որ նրա նկատմամբ քննություն է ընթանում: Մակարյանի հետ պայմանագիր վերակնքելու որոշումը կայացնելիս ընկերությունը ղեկավարվել է անմեղության կանխավարկածով: «ՀԿԵ»-ում նրա հետագա աշխատանքի մասին որոշումն ընդունվելու է համապատասխան դատական ակտի ուժի մեջ մտնելուց հետո»,- նշել է Ռուբեն Գրդզելյանը:
 
Նշենք, որ Հարություն Մակարյանի և մյուսների գործով դատական նիստը նախագահում է դատավոր Աննա Դանիբեկյանը, հաջորդ նիստի օրը դեռ հայտնի չէ։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 645 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար