«Մեր վերաբերմունքը գիտության և կրթության հանդեպ պետք է արմատապես փոխել»․ FAST հիմնադրամ

FAST հիմնադրամը Մոսկվայում ներկայացրել է «Իննովացիոն Հայաստան» հայեցակարգը

02-10-2019 10:47:56   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Սեպտեմբերի 27-ին Մոսկվայում ՀՀ դեսպանության մշակութային կենտրոնում Հայաստանի գիտության և
տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) ղեկավարությունը հանդիպեց Մոսկվայի գործարար և հայ համայնքի ներկայացուցիչների հետ: «Roadshow» ձևաչափով հանդիպման մասնակիցները՝ տարբեր ոլորտների շուրջ 50 ընկերությունների ղեկավարներ և գործարարներ, ծանոթացան «Innovative Armenia» («Իննովացիոն Հայաստան») հայեցակարգին, որն ուղղված է Հայաստանի իննովացիոն համակարգի զարգացմանն ու բարելավմանը։  
«Roadshow» ձևաչափով հանդիպումների նպատակն է աշխարհի տարբեր անկյուններում գիտական և բիզնես ոլորտներին, շահագրգիռ կազմակերպություններին, ինչպես նաև ուսանողությանը մանրամասն տեղեկատվություն տրամադրել հիմնադրամի ընթացիկ ծրագրերի, Հայաստանում գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտների զարգացման հեռանկարների և հնարավորությունների մասին։
 
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց Հայաստանի նորարարական էկոհամակարգի բարելավմանը և զարգացմանն ուղղված FAST հիմնադրամի նախաձեռնությունները և ծրագրերը, ինչպես նաև դրանց մասնակցելու հնարավորություններն ու պայմանները:
 
Ողջունելով ներկաներին՝ Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տոգանյանն ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը. «Մենք ուրախ ենք համագործակցել Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ, որի հիմնական առաքելությունն է ստեղծել բարենպաստ նորարարության էկոհամակարգ՝ մեր հանրապետության նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանելու համար: Դեսպանությունը պատրաստ է աջակցել հիմնադրամի նախաձեռնություններին իր լիազորությունների և հնարավորությունների շրջանակներում»:
 
Գործարար և բարերար, FAST-ի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ողջույնի խոսքը ոգեշնչող էր․ «Մենք այսօր պարտավոր ենք ընդունել ժամանակակից աշխարհի կարևորագույն մարտահրավերներից և հրամայականներից մեկը՝ արմատապես փոխել գիտության և կրթության հանդեպ մեր վերաբերմունքն ու մտածողությունը։ Երկարաժամկետ ռազմավարության տեսանկյունից միայն այս մոտեցման շնորհիվ է հնարավոր ապահովել երկրի կայուն առաջընթացը։  
Համակարգում – Կենտրոնացում – Խթանում (Coordinate – Concentrate – Catalyze) սա է լավագույն արդյունքին հասնելու բանաձևը, քանի որ այսօր մեզ պետք է հզոր Հայաստան, որը խաղաղ և կառուցողական ճանապարհով համաշխարհային ասպարեզում պաշտպանում է իր շահերը»:   
 
Վարդանյանի խոսքով՝ հայկական գիտության վերածնունդը և Հայաստանում տեխնոլոգիական արդյունաբերության ստեղծումն ազգային առաջնահերթություններ պետք է դառնան, ինչի անհրաժեշտությունն ակնհայտ է:
 
FAST հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ալավերդյանն իր ելույթում նշեց. «Այսօր ներկայացրեցինք մեր կողմից մշակված գիտության և տեխնոլոգիաների զարգացման ռազմավարությունը, որի նպատակն է Հայաստանը դարձնել աշխարհի առաջատար հետազոտական կենտրոններից մեկը: Չափազանց կարևոր է ունենալ ապագայի ամբողջական և հստակ տեսլական, ինչպես նաև դրան հասնելու հստակ քայլեր և մեխանիզմներ: Մեր նախագծերն ու ծրագրերը մեծ հետաքրքրություն առաջացրեցին հյուրերի շրջանում․ շատերը ցանկություն հայտնեցին ակտիվ մասնակցություն ունենալ դրանց իրականացման գործում»:
 
FAST հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանը ներկայացրեց «Իննովացիոն Հայաստան» հայեցակարգը։ Ա․Օրուջյանն անդրադարձավ Հայաստանում իննովացիոն էկոհամակարգի ուժեղ և թույլ կողմերին, որոնք դուրս են բերվել հիմնադրամի՝ կրթության և գիտության բնագավառների լայնամասշտաբ հետազոտությունների արդյունքում։ Նա ներկայացրեց արդեն իրականացրած նախագծերը՝ ցույց տալով, թե
ինչպես է քայլ առ քայլ իրագործվում երկարաժամկետ ռազմավարությունը։
 
«Ժամանակակից աշխարհի կարևորագույն խնդիրներից մեկն է հնարավորություն ընձեռել գիտնականներին, հատկապես երիտասարդներին իրականացնել ֆունդամենտալ և կիրառական հետազոտություններ, մշակումներ ու գյուտեր անել սեփական գիտական ու հետազոտական ներուժն օգտագործել ազգային կարևորագույն խնդիրների լուծման համար։
Հայաստանն ունի կրթության բարձր մակարդակ, բնակչության մեծ մասը կրթված է, սակայն մեր խնդիրը ոչ թե կրթական մակարդակի բարձրացումն է, այլ համաշխարհային շուկայում մրցունակության ապահովումը։ Մենք պետք է գործենք համաշխարհային պրակտիկայի համատեքստում․ գիտական զարգացումների հետևողական ներդրումը տնտեսության բոլոր ոլորտներում սիներգետիկ արդյունք է ապահովում»։ 
 
Ավարտելով ելույթը Ա․Օրուջյանը հրավիրեց բոլոր ներկաներին շարունակել քննարկումը Երևանում՝ հոկտեմբերի 16-17-ը կայանալիք FAST հիմնադրամի ամենամյա Գլոբալ իննովացիոն ֆորումի (GIF19) ընթացքում։ GIF19-ը բացառիկ հարթակ է, որի նպատակն է համախմբել գիտական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին` յուրատեսակ կամուրջ կառուցելով գիտության ու արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների միջև: 
Այս տարի Գլոբալ իննովացիոն ֆորումն անցկացվում է «Վերափոխելով բանականությունը» խորագրի ներքո և դրա գլխավոր թեմաներից է արհեստական բանականությունը («GIF19: Transforming Intelligence») ։ 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 441 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար