Անիի ավերակներում հայտնաբերվել են միջնադարյան խեցեգործական նմուշներ (ֆոտո)

09-10-2019 13:49:12   | Թուրքիա  |  Մամլո հաղորդագրություն
«Աշխարհի քաղաք», «Քաղաքակրթությունների օրրան», «Հազար ու մի եկեղեցիների քաղաք» և «քառասուն դարպասների քաղաք» անվանումներով հայտնի Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում վերջին շրջանում մեծ թափ են ստացել պեղումները:
 

Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության թույլտվությամբ սեպտեմբերի 23-ից սկսվել են Անիի ավերակների պեղումները, որոնք համակարգում է Կարսի թանգարանը և Կովկասի համալսարանի արվեստաբանության ամբիոնի վարիչ Մուհամմեթ Արսլանը: Պեղումներին մասնակցում են հնագետներ, ճարտարապետներ և մարդաբաններ:
 
Պեղումները համակարգող Մուհամմեթ Արսլանը նշել է, որ աշխատանքներն իրականացվելու են 3 փուլով: Այս ընթացքում կատարված աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են միջնադարյան
խեցեգործական նմուշներ: Անհրաժեշտ ուսումնասիրությունից հետո հնարավոր է դրանք ցուցադրվեն:
 
Կարսի նահանգապետ Թուրքեր Օքսյուզը լրագրողներին տված հարցազրույցում ասել է, որ Անիի ավերակների պեղումները արդեն 120 տարի է, ինչ կատարվում են: Օքսյուզի փոխանցմամբ` իրենց նպատակն է ևս մեկ անգամ բացահայտել Անիի թե պատմական և թե մշակութային արժեքը:
 
Միջանկյալ նշենք, որ Անիի ավերակներում 1904թ. պեղումներ է իրականացրել անվանի հայագետ Նիկողայոս Մառը, որի հայտնաբերած հնագիտական գտածոներով հետագայում թանգարան բացվեց: Մինչ այդ քաղաքը գրեթե չէր պեղվել:
 
Կարսի նահանգապետը հայտնել է նաև, որ 2017թ. Անի է այցելել շուրջ 60.000 զբոսաշրջիկ, իսկ 2018-ին` 95.000 զբոսաշրջիկ: Հույս ունեն, որ այս տարի այցելուների ավելի մեծ թիվ են արձանագրելու:
 
Հիշեցնենք, որ Անիի ավերակները 2012թ․ ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ժամանակավոր ցանկում, իսկ 2016թ․ հուլիսի 15-ին՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 474 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար