Նիկոլ Փաշինյանը սկսեց. հեղափոխության օջախը

09-10-2019 14:45:37   | Հայաստան  |  Վերլուծություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է ֆեյսբուքյան ֆլեշմոբ՝ ձեռագրով հրապարակել «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է»:
 

Ֆլեշմոբը սկսել է: Այդ կարգախոսը վարչապետն առաջին անգամ բարձրաձայնեց օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հանրահավաքին, երբ անում էր համահայկական օրակարգի շուրջ կոնսենսուսի ձեւավորման, մինչեւ 2050 թվական համազգային նպատակների ձեւակերպման հայտնի առաջարկները:
 
Նիկոլ Փաշինյանն առաջարկում է դրանց շուրջ համախմբվել հռչակված կարգախոսի ներքո:
 
Օջախ, ընտանիք հասկացությունները հետանկախական շրջանում ստացան յուրօրինակ, ինչ որ իմաստով «ինդուլգենցիոն» նշանակություն: Դրանք սկսեցին ծառայել իշխող համակարգի՝ հանրային եւ պետական ռեսուրսի յուրացումների եւ մսխումների ալիբի, կամ այսպես ասած հանրային ենթագիտակցական ծածկ՝ «օջախ պահելու», «ընտանիք պահելու» տրամաբանությամբ:
 
Դրանից իհարկե չպետք է արժեզրկվեն հայկական ավանդական օջախ, կամ հասարակական՝ ընտանիք հասկացությունները: Բայց արդյոք դրանցով պետք է չափվեն պետական ու համահայկական հեռանկարները:
 
Նախորդ համակարգը օջախ եւ ընտանիք հասկացություններն իջեցրել էր «կենդանական բնազդի» մակարդակի՝ սեփական արարքներն արդարացնելու ակնկալիքով: Նոր իրողություններում, հասարակական հարաբերությունների նոր համակարգի հեռանկարում
օջախ եւ ընտանիք հասկացությունները բարձրացվում են պետական չափման մակարդակի: Բայց դա էլ նրանց տեղը չէ: Իսկ երբ արժեքը կտրվում է իր տեղից ու միջավայրից, անկախ նրանից՝ չար, թե բարի նպատակով, այն հայտնվում է ոչ էֆեկտիվության մեծ ռիսկի տակ:
 
Հատկանշական է, որ Հայաստանում ֆլեշ-մոբը սկսվում է մի շրջանում, երբ երկրում տեղի է ունենում համաշխարհային մասշտաբի իրադարձություն՝ ՏՏ Համաշխարհային տարեկան կոնգրեսը, որն անցկացվում է Հայաստանում եւ որի համար երկիր են ժամանել հազարավոր հյուրեր, ՏՏ ոլորտի եւ այլ ոլորտների համաշխարհային դեմքեր: Գործնականում, Հայաստան է ժամանել «նոր աշխարհը», արհեստական բանականության աշխարհը, իր թե հնարավորություններով, եւ թե իհարկե մարտահրավերների մասին խորհելու առիթներով:
 
Համաշխարհային չափումների համակարգը հեղափոխական առաջընթաց է ապրում գրեթե ամեն օր, եւ Հայաստանն ունի դրա հետեւից հասնելու անհրաժեշտություն, ըստ այդմ առաջնային է մշակել ժամանակի ու տարածության, դրանում մեր տեղի եւ դերի չափումների համարժեք համակարգ կամ սանդղակ:
 
Մյուս կողմից, եթե օջախն ու ընտանիքն ընդամենը մոբիլիզացիոն մեկնակետ են, ապա թող լինի այդպես: Հատկապես հաշվի առնելով պատմական անցյալի պաշարը եւ պետական ապագայի չափման ու կառուցման տեսանկյունից այդ պաշարի խիստ անբավարարությունը՝ առաջին հերթին աշխարհայացքային, հոգեբանական ասպեկտներում:
 
Չափազանց բարդ է մի ամբողջ հանրության բերել ապագայի շուրջ համընդհանուր քննարկումների եւ կոնսենսուսային անհրաժեշտությունների, երբ տասնամյակներով այդ հանրության մեջ ներարկվել է նվնվալու, սեփական անձից դուրս ամեն տեղ մեղավոր փնտրելու արվեստը, դրա մի քանի
տասնյակ երանգներով՝ կենցաղայինից մինչեւ մտավորական, ակադեմիական նվնվոց: Դրա ուղղությամբ են աշխատել մշակութայինից մինչեւ քաղաքական «էլիտաներ», այդ հատկանիշները դիտարկելով հանրույթ կառավարելու միջոց:
 
Այդ պայմաններում անշուշտ բավական բարդ է հանրությանը մոբիլիզացնել ապագայի չափման նոր, այսպես ասած «ենթագիտակցությանն անհայտ» չափիչների շուրջ: Իսկ մոբիլիզացնել պետք է: Եվ եթե դրա համար օգտակար է սկսել օջախից ու ընտանիքից, ապա թող լինի այդպես: Ի վերջո ապագան բերելու է իր չափման միավորները՝ նոր սերնդի հետ մեկտեղ: Ներկայում կարեւորը սկսելն է:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 842 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար