Հերոսն ու կլոունը՝ մեկ տեղում. Վիտալի Բալասանյանի գահավիժումը. Սարգիս Արծրունի

09-10-2019 16:41:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
1in.am lԱրցախի հերոս, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը LIVEnews.am-ի հետ զրույցում անդրադարձել է հայաստանյան իշխանությունների վարած քաղաքականությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, 2016 թվականի հուլիսին «Սասնա ծռեր» ահաբեկչական խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավմանը։
 


Այնպիսի տպավորություն է, որ այս գեներալն ինչքան երկար է խոսում, այնքան շատ են լինում նրա հնչեցրած անհեթեթությունները։ Այս հարթության վրա LIVEnews.am-ի հարցազրույցը հավակնում է ռեկորդի, ավելի ստույգ՝ հակառեկորդի։ Օրինակ՝ այդ հարցազրույցում Բալասանյանն ասել է, թե Փաշինյանը վիժեցնում է ապագա մայրերին, որ հերոսներ չծնեն։ Ավելորդ է ասել, որ նման հայտարարություն հնչեցնողը խնդիր ունի ոչ միայն քաղաքական ադեկվատության, այլ նաև հոգեկան վիճակի հետ։
 
Իհարկե, այս հայտարարությունը Վիտալի Բալասանյանի գուցե «ամենաանմեղ» արտահայտությունն է այս հարցազրույցում, որովհետև նրա հնչեցրած քաղաքական գնահատականները շատ ավելի վտանգավոր են։
 
2016 թվականին ներեցինք այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում եմ, որ ֆիզիկապես ոչնչացնելու ենք նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իմ, մեր ժողովրդի, մեր պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ՝ հարցազրույցում հայտարարել է Վիտալի Բալասանյանը:
 
Անդրադառնալով վերջերս Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուքասզյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը` Բալասանյանն ասել է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում
է ահաբեկել բոլորին, նաև՝ իրեն
և իր նմաններին: «Որ, տեսեք, ես ունեմ մարտական թև, կարող եմ մի փոքր հրաման տալ, և «Սասնա ծռերը» կամ մնացածը ձեր հարցերը ֆիզիկապես կլուծեն: Ուզում եմ լուր տամ բոլորին, մանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի կողմնակից «Սասնա ծռեր»-ին՝ չփորձեն նմանատիպ խոսակցություններ ծավալել կամ քննարկել, րոպե առաջ պատասխան են տալու»,- ասել է նա:
 
Բալասանյանը հայտարարել է նաև, որ 2016 թվականին ներել են այդ ահաբեկիչներին, հիմա հայտարարում է՝ ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր, ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: «Նիկոլ Փաշինյանն ու այդ ահաբեկչական խմբավորումը մեկ ամբողջություն են, դա մեկ ահաբեկչական խմբավորում է, մեկը՝ զենքով, մյուսը գրիչով իշխանությունը բռնազավթել են: Բարձրաձայն եմ ասում, թող Նիկոլի հպարտ քաղաքացիները լսեն, համայն հայությունն էլ լսի և րոպե առաջ քայլ անի»,- եզրափակել է նա:
 
Ավելորդ է ասել, որ հարցազրույցի այս դրվագում գեներալը գրեթե ամբողջովին խեղաթյուրել է փաստերը՝ բացառությամբ այն հատվածի, որ ինքն իրապես մասնակցել է ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծմանը։
 
Նախ՝ առնվազն քաղաքական տգիտություն է Փաշինյանի ու «Ծռերի» նույնացումը։ Թերևս Բալասանյանը շատ հեռու է քաղաքականությունից ու նույնիսկ չի գիտակցում, որ 2018-ի թավշյա հեղափոխությունն իր արժեքային համակարգով լուսանցք մղեց ոչ միայն ավտորիտար իշխանությանը, այլ նաև բոլոր այն ուժերին, որոնք այդ իշխանության տապալումը պատկերացնում էին նաև բռնության միջոցով։ Սա աքսիոմ է, որի վիճարկումը կասկածի տակ է դնում որևէ մեկի քաղաքական հասունությունը։
 
Մյուս կողմից՝ Վիտալի Բալասանյանն իրեն դատավորի կարգավիճակ է վերապահել՝ կոնկրետ մարդկանց տալով «ահաբեկիչ» սահմանումը ու ավելին՝ սպառնալով ոչնչացնել նրանց։ Գեներալը պետք է որ իմանա՝ քաղաքակիրթ աշխարհում լեգիտիմացված են միայն իրավապահ մարմինների ուժային գործողությունները, մնացած դեպքերում նման հայտարարությունները բռնության կամ ահաբեկչության կոչ են, ու տրամաբանական կլինի, որ Բալասանյանը հրավիրվի իրավապահ մարմիններ՝ համապատասխան բացատրություններ տալու։ Էլ չենք ասում այն մասին, որ Վիտոն փաստորեն սպառնում է սպանել Հայաստանի վարչապետին՝ վերջինիս նույնացնելով ահաբեկիչների հետ։
 
Ցավոք, հերոսական անցյալ ունեցող Վիտալի Բալասանյանը հայտնվել է կլոունի կարգավիճակում՝ իր հարցազրույցներով զվարճացնելով հասարակությանը։
 
Սարգիս Արծրունի
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 541 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար