Վարչապետի այցը, թուրքմենական գազն ու միլիարդները

10-10-2019 16:52:07   | Հայաստան  |  Վերլուծություն
ԱՊՀ պետությունների ղեկավարների հավաքին մասնակցելու նպատակով Աշգաբադ մեկնող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքմենիայի մայրաքաղաքում նաեւ երկկողմ ձեւաչափով  հանդիպելու է այդ երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
 


Դա կլինի Հայաստանի վարչապետի եւ Թուրքմենիայի նախագահի առաջին հանդիպումը: Մինչ այդ, 2019-ի հունիսին Թուրքմենիայի նախագահը ընդունել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին եւ հրավեր էր հղել Նիկոլ Փաշինյանին՝ այցելել Կասպիցի տարածաշրջանի տնտեսական համաժողովին, որը տեղի ունեցավ Թուրքմենիայում:
 
 
Նիկոլ Փաշինյանը համաժողովին չմասնակցեց:
 
Բերդիմուհամեդովը Հայաստան այցելել էր 2017 թվականի օգոստոսին: Նրա հետ հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե ուրախ է, որ Թուրքմենիայի նախագահը խոսում է երկկողմ գործակցության միլիարդավոր դոլարներ ենթադրող մասշտաբներով:
 
Թե հատկապես ինչ կոնկրետություն էր պարունակում այդ խոսակցությունը, Սերժ Սարգսյանը չմանրամասնեց: Մի քանի ամիս անց նա թողեց
իշխանությունը, իսկ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետը փաստորեն մոտ մեկուկես տարի անց է հանդիպում Թուրքմենիայի նախագահին:
 
Ուժի մե՞ջ է Բերդիմուհամեդովի բազմամիլիարդ գործակցության օրակարգը, թե՞ ոչ: Այդ իմաստով, հայ-թուրքմենական գործակցության տիրույթում առանձնահատուկ նշանակություն ունի էներգետիկ ոլորտը: Բանն այն է, որ դեռեւս 2017 թվականից Կարեն Կարապետյանի կառավարությունը բացեց թուրքմենական գազը Իրանի տարածքով սվոփ տարբերակով Հայաստան առաքելու մասին խոսակցություն: Այն ժամանակ հայտարարվեց, որ լինելու են եռակողմ քննարկումներ՝ Հայաստան, Իրան, Թուրքմենիա: Իրանը Թուրքմենիային պարտք է մի քանի միլիարդ, ինչը բարդացնում է սվոփ տարբերակով գազի տարանցումը: Հայաստանն առաջարկում էր իր վրա վերցնել Իրանի պարտքը՝ այսպես ասած ապրանքային տեսքով, ինչն էլ կբացեր թուրքմենական գազն Իրանի տարածքով սվոփ տարբերակով Հայաստան առաքելու հնարավորություն:
 
Շարունակվու՞մ է արդյոք այդ խոսակցությունը, ընթանու՞մ է եռակողմ քննարկում: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով Ռուսաստանի հետ գազի գնի վերաբերյալ բանակցության մասին լրագրողների հարցերին, նշեց, որ հայ-ռուսական այդ բանակցությունը ներառում է բաղադրիչների լայն շրջանակ,
այդ թվում նաեւ Իրանի հանգամանքը՝ սվոփ տարբերակը: Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ ձմռանը գազը չի թանկանա, բայց նշել, որ բանակցում են, որպեսզի գտնեն մի մեխանիզմ, որը թույլ կտա չթանկացնել գազը ընդհանրապես, եւ այդ հարցում դիտարկում են նաեւ իրանյան տարբերակները:
 
Արդյոք իրան-թուրքմենական տարբերակի մասին կխոսեն Թուրքմենիայի նախագահն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Մեկնաբան
 
 
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 698 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար