Միջազգային փորձագետները Երևանում կքննարկեն, թե ինչպիսին պետք է լինի բարձրագույն կրթության որակի ապահովումն ապագայում

14-10-2019 11:48:57   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 17-18-ին Երևանում տեղի կունենա Բարձրագույն կրթության որապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) 10-րդ ընդհանուր վեհաժողովը։
 


Մասնագիտական կրթության
որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանի խոսքով՝  այս վեհաժողովը 2015-ին Հայաստանում տեղի ունեցած Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթնաժողովի տրամաբանական շարունակությունն է․ Երևանի կոմյունիկեով  շեշտադրվեց ուսանողակենտրոն,  ուսուցանող կրթությունը, այժմ  նույն քննարկումը շարունակվելու է որակի ապահովման տեսանկյունից։
 
Երկօրյա միջոցառման ընթացքում կքննարկվի, թե որոնք են բարձրագույն կրթության որակի ապահովման մարտահրավերները և ինչպիսին պետք է լինի կրթության որակի ապահովումն ապագայում, ինչ դերակատարություն են ունենալու ENQA-ն  և նրա անդամներն ապագայի զարգացումներում, ինչպիսին է լինելու Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի ռազմավարությունը 2021-2025թթ․ համար։ Բացի այդ, կքննարկվեն հետխորհրդային երկրների խնդիրները կրթության որակի ապահովման ոլորտում,  տարածաշրջանային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ հավատարմագրումները՝ որպես տարածաշրջանի երկրների նկատմամբ վստահություն ձևավորելու միջոց։
 
Վեհաժողովին կմասնակցեն ENQA-ի անդամ հավատարմագրման գործակալությունները ներկայացնող  100-ից ավել  կրթության կառավարման և որակի ապահովման մասնագետներ Բոլոնիայի անդամ երկրներից։ Միջոցառման մասնակիցներին ողջույնի խոսք կհղեն ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և  Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի նախագահ Քրիստոֆ Գրոլիմունդը։
 
Վեհաժողովի կազմակերպիչներն են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) և Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիան (ENQA)։
 
Հոկտեմբերի 16-ին հիմնական վեհաժողովից առաջ տեղի կունենա նախնական միջոցառում «Բացահայտեք հայկական մշակույթը ՈԱԱԿ-ի հետ» խորագրով, որի ընթացքում օտարերկրյա հյուրերը հնարավորություն կունենան ծանոթանալու հայկական պատմամշակութային մի շարք հուշարձանների, հայկական խոհանոցին
և ծիսական մի քանի ավանդույթների։
 
ENQA-ն եվրոպական ցանց է, որը միավորում է եվրոպական բարձրագույն կրթական տարածքում (ԵԲԿՏ) գործող որակի ապահովման գործակալությունները։ Կառույցի նպատակն է  նպաստել բարձրագույն կրթության որակի ապահովմանը ԵԲԿ  տարածքում և խթանել համագործակցությունը կրթության որակի ապահովման ոլորտում։ ՈԱԱԿ-ը ENQA լիիրավ անդամ է 2017 թվականից ի վեր։
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 244 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար