Ջաբրայիլի հոսպիտալի բժիշկները բարդ վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայողի կյանքը

14-10-2019 13:24:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Արցախի Հանրապետության Ջրականի (Ջաբրայիլ) հոսպիտալում բժիշկները 5 ու կես ժամ տևած վիրահատությամբ փրկել են 18-ամյա զինծառայող Հայկ Խաչատրյանի կյանքը: Հոսպիտալի բժիշկները կողմնորոշվել են արագ, բարդ վիրահատությունը հաջողած բժիշկներն արժանանում են զինծառայողի մոր անսպառ շնորհակալություններին: «Արմենպրես»-ի հետ զրույցում դեպքի մասին պատմեց Հայկի մայրը՝ Թամարա Բաղդասարյանը:
 


«Տղաս ծառայում է Հադրութի զորամասում: Զորամասից տեղափոխվել է Ջաբրայիլի հոսպիտալ՝ որովայնի շրջանում ուժեղ ցավերով, ծայրահեղ ծանր վիճակում: Պարզվել է, որ կույրաղիքը պայթել է, և սկսվել է բորբոքում: Տրվել է կույրաղիքի որդանման լաբիրինթ բորբոքում ախտորոշում։ Հոսպիտալի բժիշկներն անմիջապես ձեռնամուխ են եղել վիրահատության»,-պատմում է մայրն ու նկատում՝
նույնիսկ նախավիրահատական շրջանին պատրաստվելու հնարավորություն չեն ունեցել:
 
Մոտ 5 ու կես ժամ տևած վիրահատության արդյունքում բժիշկներին հաջողվել է փրկել տղայի կյանքը: Հայկ Խաչատրյանը հիմա գտնվում է մայրական խնամքի արձակուրդում: Մայրը՝ Թամարա Բաղդասարյանը, ոգևորվածությամբ է նշում՝ որդին հիմա արդեն լավ է զգում: «Երկրորդ վիրահատության վտանգ կար, սակայն ամեն ինչ շատ լավ անցավ, դրա կարիքն այլևս չկա։ Մինչև կյանքիս վերջ պարտական եմ հոսպիտալի բժիշկներին: Ուզում եմ հատուկ նշել վիրաբույժներ Արամ Անտոնյանին և Հովհաննես Եղոյանին»,-նշեց նա ու հավելեց՝ զորամասի հրամանատարը ևս շատ հետևողական է եղել:
 
Զինծառայողի մայրը տպավորված է հոսպիտալի բուժանձնակազմի ուշադրությամբ, հոգատարությամբ: «Այդ ծայրամասում այդ տեսակի խնամքից զարմացած եմ»,-նշեց նա:
 
Հայկը զինվորական ծառայությանը կվերադառնա հոկտեմբերի 23-ից:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 474 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար