Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նախագիծը

14-10-2019 15:05:03   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի գլխավորությամբ հոկտեմբերի 12-ին տեղի է ունեցել Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը:
 
Վերջինի ընթացքում
քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկվել են «Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումն ու  «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը:
 
Նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանը և Աննա Վարդապետյանը ներկայացրել են Ռազմավարությամբ ամրագրված մի շարք կարևոր ուղղություններ, որոնք վերաբերել են անցումային արդարադատությանը,  սահմանադրական բարեփոխումների անցկացմանը,
ընտրական օրենսդրության բարեփոխմանը, դատական ու իրավապահ համակարգի, քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության, սնանկության ոլորտի բարեփոխմանը, վեճերի լուծման այլընտրանքային եղանակների զարգացմանը և այլն:
 
Օրակարգային հաջորդ հարցը ներկայացրել է փոխնախարար Սրբուհի Գալյանը՝ նշելով, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի նպատակը տնտեսական շրջանառությունից ապօրինի ծագում ունեցող գույքը հանելն ու այն օրինական սեփականատիրոջը վերադարձնելն է, իսկ վերջինի բացակայության դեպքում՝ պետությանը: Նախագիծը մշակելիս հաշվի է առնվել միջազգային լավագույն փորձը: Փոխնախարարի տեղեկացմամբ, ընթակարգը լինելու է ոչ թե քրեադատավարական, այլ քաղաքացիաիրավական: Ըստ Սրբուհի Գալյանի՝ Նախագծում թվարկված են բոլոր հիմքերը, որոնք կարող են ազդակ հանդիսանալ ուսումնասիրության վարույթը սկսելու համար: ««Հասարակ» քաղաքացիները որևէ պարագայում իրենց չեն կարող համարել այս օրենքի պոտենցիալ շահառու, քանի որ նախագծում թվարկված են հանցագործությունների կոնկրետ տեսակներ՝ կազմակերպված հանցավորություն, թմրամիջոցների, զենքի  ապօրինի շրջանառություն, թրաֆիքինգ, ինչպես նաև կոռուպցիոն գործարքներ, որոնց առնչությամբ հարուցված քրեական գործերի պարագայում կարող է սկսվել ուսումնասիրության վարույթը»,- պարզաբանել է փոխնախարարը:
 
Նիստի ընթացքում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ողջունել ու դրական են գնահատել Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության նախագիծը մշակելիս արձանագրված ներառականությունն ու Ռազմավարությամբ վեր հանված սկզբունքային խնդիրները: 
 
Հարցուպատասխանի ժամանակ անդրադարձ է եղել Ռազմավարությունից բխող Գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումներին հասարակական կազմակերպությունների մասնակցայնության ձևաչափին, ինչպես նաև ապօրինի գույքի բռնագանձման նախագծի մի շարք կարգավորումներին:
 
 
  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
 հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 387 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար