Հարձակում պետության վրա. Ոստիկանապետը զգուշացնում է

16-10-2019 15:13:09   | Հայաստան  |  Վերլուծություն
Հարձակումը որեւէ ոստիկանի վրա հարձակում է պետության վրա, եւ մենք թույլ չենք տա որեւէ մեկին հարձակվել պետության վրա, հայտարարել է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Այդ հայտարարությունը հնչել է Երեւանում ոստիկանի սպանությունից հետո, որ տեղի է ունեցել նախօրեին գիշերը: Ծառայություն իրականացնող երկու ոստիկան մոտեցել են կասկածելի անձանց, որոնք փախել են, ոստիկանները հետապնդել են նրանց, նրանք դիմադրել են եւ ոստիկաններից մեկի հրազենը խլելով կրակել են նրանց վրա:
 


Ոստիկանը չափազանց վտանգավոր մասնագիտու
թյուն է ամբողջ աշխարհում, եւ ոստիկանների կյանքը անշուշտ մշտապես վտանգի տակ է:
 
Միաժամանակ պետք է արձանագրել նաեւ, որ Հայաստանն այն երկրների շարքում է, որտեղ հանրության շրջանում կա ոստիկանության ընկալման խնդիր: Այդ խնդիրն ունի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ, որոնք, եթե ընդհանրացնենք, պետականության ավանդույթների բաց
ակայության շրջանակում են: Այդ խնդիրները գալիս են դեռեւս ԽՍՀՄ ժամանակաշրջանից, երբ քաղաքացին ոստիկանին դիտարկում էր ոչ թե օրենքի աներկբա պաշտպան եւ պետության ներկայացուցիչ, այլ մարդ, ում միջոցով հնարավոր էր կաշառքով հարցեր լուծել: Որովհետեւ այդպես էր ընկալվում Խորհրդային պետությունն ընդհանրապես:
 
Միեւնույն ժամանակ, ԽՍՀՄ-ում «զարգանում» էր քրեական ենթամշակույթը, այդ թվում նաեւ պետական աջակցությամբ, քանի որ այդ ենթամշակույթը դիտարկվում էր մի կողմից հանրության այսպես ասած «արդարության պահանջի» գոլորշի բաց թողնելու, մյուս կողմից քաղաքական կառավարման ենթարկելու միջոց:
 
Արատավոր ընկալումները փոխանցվեցին անկախ Հայաստան, որը ձեւավորվում էր ընթացող պատերազմի պայմաններում, ինչն արդեն իսկ ձեւավորում էր անկախ պետականության կառուցման առանձնահատուկ եւ բարդ միջավայր, այդ թվում նույն քրեական ենթամշակույթը սնուցող արատներով:
 
Միաժամանակ, հետխորհրդային շրջանում այդ ենթամշակույթը տրանսֆորմացվեց թե ինքնին, թե իշխանության հետ հարաբերության իմաստով, աստիճանաբար ներգրավվելով քաղաքականության մեջ:
 
Այդ ամենն անշուշտ շարունակեց իր բացասական հետքը թողնել ոստիկանության, ոստիկանի հանդեպ վերաբերմունքի, դրա հանրային ընկալման վրա: Զուգահեռ, այդ ամենը բարդանում էր պետական իշխանության ամբողջատիրական բնույթով: Իշխանությունն իր վերարտադրության համար ոստիկանությունը դիտարկում էր հանրությանը ճնշելու գործիք, եւ այդպիսով ոստիկանությունն ասոցացվում էր նաեւ որպես ամբողջատիրական, ոչ լեգիտիմ իշխող համակարգի «մահակ»:
 
Հանրագումարում, Հայաստանում պետականության, պետական ավանդույթների ձեւավորման տոտալ ճգնաժամում էապես խեղվեց նաեւ ոստիկանություն հասկացությունը, ոստիկանի տեղն ու դերը պետական ու հանրային կյանքում:
 
Իսկ այդ հանգամանքը իր հերթին բերում է շղթայական մի շարք խորքային խնդիրների: «Ոստիկանը մերն» է արտահայտությունն անշուշտ չի լուծելու այդ խնդիրները, եւ ոչ էլ լուծելու է ոստիկանությունը զուտ հռետորաբանությամբ պետության հետ նույնացնելը, անգամ եթե դա անում է արդեն լեգիտիմ իշխանությունը:
 
Խնդիրը պետք է լուծվի ոստիկանության եւ պետական համակարգի խորքային ռեֆորմով, որի նպատակն իհարկե ոչ թե ոստիկանությունից հրեշտակ ստանալը պետք է լինի, այլ օրենքի եւ ոստիկանության սերտաճումն ու կոշտ դիրքավորումը պետական եւ հանրային կյանքում: Որովհետեւ, ոստիկանը քաղաքացու հետ պետք է հավասար լինի օրենքի ու դատարանի, սակայն թերեւս ոչ անմիջապես նրա առաջ: Դա իհարկե չի նշանակում ոստիկանության կամայականություն, որովհետեւ հակառակ դեպքում դա էլ դառնում է հակառակ ծայրից եկող լրջագույն խոչընդոտ:
 
Բայց, եթե մենք իբրեւ հանրություն չկարողանանք կառավարման մեխանիզմով, ինստիտուցիոնալ վերափոխումներով եւ գիտակցությամբ ու պետականապաշտությամբ գալ այդ հարցում ընդհանուր հայտարարի, լրջագույն խնդիրներ ենք ունենալու պետական արդիականացման ճանապարհին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 969 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար