Վերափոխելով բանականությունը․ Երևանում մեկնարկել է Գլոբալ ինովացիոն ֆորումը

17-10-2019 10:41:22   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 16-ին, Երևանում մեկնարկեց «Գլոբալ ինովացիոն ֆորում 2019․ Վերափոխելով բանականությունը» (Global Innovation Forum 2019: Transforming Intelligence)` Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology, FAST) ամենամյա առանցքային միջոցառման հանդիսավոր բացումը։ 
 

GIF19-ը բացառիկ հարթակ է, որի նպատակն է համախմբել գիտական աշխարհի առաջատար մասնագետներին ու գործարարներին Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս` յուրատեսակ կամուրջ կառուցելով գիտության ու արդյունաբերության, կառավարության, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական ինստիտուտների միջև:  
 
GIF19:Transforming Intelligence-ը մեկնարկեց FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանը։ Նա նշեց. «Տեխնոլոգիական դարաշրջանում մենք բոլորովին այլ ակնոցներով ենք նայում մեզ. ոչ թե մենք այն ենք, ինչ որ կանք, այլ թե ինչ ենք ցանկանում լինել: Առաջիկա մի քանի օրերի ընթացքում մենք կքննարկենք այն համակարգը, որը մարդկությունը ստեղծել է հազարամյակների փոխգործակցության միջոցով: Եվ, ինչպե՞ս է այժմ այդ ֆիզիկական և սոցիալական կառուցվածքը փոխվում, երբ դուք կիրառում եք արհեստական բանականություն: Ինչպե՞ս բարելավել մեր մարմինները գենոմիկայի, գենետիկայի և ընդհանրապես կենսատեխնոլոգիայի նոր բացահայտումներով»։
 
Այնուհետև GIF19. Transforming Intelligence ֆորումի հյուրերին ողջունեց գործարար և բարերար, FAST հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը: Նա իր խոսքում մեկնաբանեց Ավրորա ֆորումի շրջանակում տարատեսակ միջոցառումների անցկացումը. «Այսօր աշխարհն ականատես է լինում շրջադարձային փոփոխությունների: Մարդիկ այլևս չեն մտածում միայն գումար աշխատելու կամ կարիերայի մասին: Հիմա մեզ համար կարևոր է նաև կյանքի իմաստը, որը հնարավոր է բացահայտել պրոֆեսոինալ և անձնական աճի համար նախադրյալներ ստեղծող միջավայրում: Այդ պատճառով էլ գործընկերներիս հետ միասին փորձում
ենք Հայաստանում այնպիսի էկոհամակարգ  ստեղծել, որը գրավիչ կլինի ոչ միայն հայերի, այլ նաև այլազգիների համար: Մենք ցանկանում ենք, որ այստեղ գան նրանք, ովքեր Հայաստանը կհամարեն յուրահատուկ վայր, ուր կարելի է երջանիկ կյանք վարել և մասնագիտական աճ ունենալ»։ 
 
FAST հիմնադրամի համահիմնադիր, խորհդի անդամ Նուբար Աֆեյանն ելույթ ունեցավ հեռանկարային զրույց ձևաչափով «Արհեստական բանականության մեծացող արժեքը» թեմայով: Ողջունելով ֆորումի մասնակիցներին և հյուրերին՝ նա նշեց .«Չափազանց ուրախ ենք Գլոբալ ինովացիոն ֆորումը կրկին հյուրընկալել Հայաստանում: Վերջին 20 տարիների ընթացքում իմ և ընկերներիս գործունեությունն ուղղված էր Հայաստանի զարգացմանը, և այն, ինչի ականատես ենք լինում այսօր, անչափ ոգևորիչ է: Մեր ներդրած ջանքերը տալիս են իրենց պտուղները: Ոգևորված ենք, որ հյուրեր ունենք ամբողջ աշխարհից. նրանք կսովորեն մեր փորձից, իսկ մենք` նրանցից: Սա գուցե փոքրիկ քայլ է, սակայն մեծ նշանակություն ունի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացման համար»։ 
 
Բացման հանդիսավոր արարողությունն իր ելույթով ամփոփեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես եկավ կառավարության հավակնոտ նախաձեռնության վերաբերյալ հայտարարությամբ. «Ես ցանկանում եմ անել մի հայտարարություն, որը կապված է մտածողության ամենասկզբնական և ամենաավանդական կերպի հետ: Ես այդ հայտարարությունն անելուց առաջ ուզում եմ բեմ հրավիրել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին և FAST հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Օրուջյանին:
 
Հայտարարությունը հետևյալն է՝ մեր կառավարությունը շատ ամբիցիոզ մի ծրագիր է մշակել, որը պիտի իր գագաթնակետին հասնի 2020 թվականի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը մենք պլանավորում ենք Հայաստանի Հանրապետությունում տնկել 10 մլն ծառ 10-րդ ամսի 10-րդ օրը, որը կխորհրդանշի 10 մլն հայության միասնությունը Հայաստանի պետականության, Հայաստանի Հանրապետության շուրջ և Հայաստանի Հանրապետությունում»:
 
Հանդիսավոր բացումից հետո GIF19-ի ամբիոնը զբաղեցրեցին ֆորումի մասնակիցները․ առաջին օրը քննարկման թեմաներն էին Արհեստական բանականությունը մաթեմատիկայում, քիմիայում և գիտության տարբեր ենթաճյուղերում, տվյալագիտությունը՝ դարի «սև ոսկի», և այլն։ Քննարկումների տարբեր ձևաչափերով հանդես եկան Google DeepMind-ի հետազոտողներ Ալեքս Գրեյվսն ու դոկտոր Ալի Էսլամին Մեծ Բրիտանիայից: Ալեքս Գրեյվսի գիտական հայտնագործությունները նպաստել են ձեռագրերի ճանաչման, տեքստից խոսք փոխարկման ալգորիթմների ստեղծմանը: Ալի Էսլամին և Իրինա Հիգենսը հետազոտում են համակարգիչների գործունեության մեջ մարդկային
հսկողության նվազման հնարավորությունները և մշակում համապատասխան ալգորիթմներ: 
 
«DeepMind»-ից ելույթներով հանդես եկան նաև Աննա Հարությունյանը և Միխալ Վալկոն, ովքեր աշխատում են մեքենայական ուսուցման ալգորիթմների արդյունավետության և ճշգրտության բարելավման ուղղությամբ:
 
Google Brain-ից հանդես եկավ պրոֆեսոր, հետազոտող գիտնական Մարկո Կուտուրին, «Flagship Pioneering»-ից՝ դոկտոր Արամ Ադուրյանը։ Բանախոսները ներկայացրեցին գիտական վերջին հայտնագործությունները, դրանց կիրառելիությունը և արդյունավետությունը բիզնեսում և մարդկանց գործունեության տարբեր բնագավառներում: 
 
Հիշեցնենք, որ GIF19-ի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհի 20 երկրների ավելի քան 90 գիտնականներ, նորարարության և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր այս օրերի ընթացքում գիտական, տեխնոլոգիական և գործարար ինդուստրիալ դիտանկյուններից քննարկում են տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող աննախադեպ նվաճումները, արհեստական բանականության դրսևորումները, դրանց ուղղակի և անուղղակի ազդեցությունը մարդու, հասարակության, բիզնեսի և պետության կենսագործունեության տարբեր ոլորտների վերափոխման և զարգացման վրա: 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 331 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար