Թուրքերի ռազմական օպերացիան Փայլանը որակել է որպես տեղահանություն և ցեղասպանության փորձ.ermenihaber.am

17-10-2019 14:09:04   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) Դիարբեքիրից ընտրված հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի լիագումար նիստում անդրադարձել է Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմական գործողությանը:
 


Փայլանը նշել է, որ այն, ինչ անում է Թուրքիան Սիրիայում, դա տեղահանություն է և ցեղասպանության փորձ՝ ըստ ՄԱԿ-ի սահմանումների:
 
«Ժողովրդագրության հետ խաղալը հանցանք է: Իսրայելն էլ նույն փաստարկներով զավթում է Պաղեստինի տարածքները»,-ասել է Փայլանը:
 
Փայլանի այս ելույթը բուռն քննարկումների տեղիք է տվել խորհրդարանի իշխող կուսակցության և վերջինիս հետ դաշինք կազմած աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ), ինչպես նաև ընդդիմադիր ազգայնական «Լավ» կուսակցության խմբակցություններում:
 
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Օզլեմ
Զենգինը Թուրքիայի ռազմագործողության և Իսրայելի կողմից Պաղեստինի օկուպացիայի միջև համեմատություն անցկացնելու համար խստորեն դատապարտել է Փայլանի ելույթը:
 
Նրա խոսքով` տարածաշրջանը նման վիճակի հանգեցրել է «Քուրդիստանի բանվորական» կուսակցությունը: Ինչ վերաբերում է  հայ պատգամավորի կողմից Թուրքիայի ռազմագործողությունը ցեղասպանության փորձ որակմանը, ապա Զենգինը ասել է. «Ցեղասպանությունը այս երկրի բնակչի համար ամենածանր խոսքն է, որ կարող է օգտագործվել: Դա կոչվում է պառակտություն: Անարդարություն մի արեք այս ազգի հանդեպ»: 
 
Կարո Փայլանի խոսքերն ամենակոշտը քննադատել է մեջլիսի «Ազգայնական շարժում» կուսակցության խմբակցության ղեկավար Էրքան Աքչայը:
 
«Անեծք այդ խոսքերին: Թուրքիան իր պայքարը տարածաշրջանի խաղաղության, Սիրիայի հյուսիում բնակվող մարդկանց բարօրության և անվտանգության համար է մղում»,-ասել է Աքչայը:
 
Ազգայնական «Լավ» (İyi)  կուսակցության խմբակցության ղեկավարը  Փայլանի ելույթի վերաբերյալ ասել է, որ դատապարտում  է խորդհրդարանական ամբիոնից նմանատիպ արտահայտությունների օգտագործումը: 
 
Ի պատասխան
ելույթի քննադատություններին` գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) խմբակցության ղեկավար Էնգին Ալթայը արձագանքել է. «Փայլանի որոշ խոսքեր չեմ ընդունում, բայց կան բաներ, որ շատ ճիշտ են ասված: Սակայն եթե սա խորհրդարան է և արտահայտվելու վայր է, ապա բոլորն ազատ արտահայտելու են իրենց  մտքերը»:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 643 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար