ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա․Հարությունյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կմասնակցի Կոմիտասի և Հովհ․ Թումանյանի 150 ամյակներին նվիրված միջոցառումներին

18-10-2019 10:14:31   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում՝ Փարիզում, հոկտեմբերի 18-ին կբացվի Հովհաննես Թումանյանի ծննդյան 150 ամյակին նվիրված «Զրույց ժամանակի հոլովույթում» խորագրով ցուցահանդեսն ու Կոմիտասի 150 ամյակին նվիրված համերգը: Կարևոր այս միջոցառումներին մասնակցելու նպատակով Փարիզ է մեկնել  ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը:
 


Ցուցահանդեսին կներկայացվեն Հովհաննես Թումանյանի և համաշխարհային մեծերի տարածաժամանակային առնչությունները, նրանց վիրտուալ զրույցն ու գնահատականը միմյանց: Ցուցադրության մեջ ներառվել են նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների՝ երեք տասնյակից ավելի լեզուներով թարգմանությունների տարբեր հրատարակությունները (105 գիրք), տպագրական այլ նյութեր: Ցուցահանդեսի կազմակերպիչն ու իրականացնողը «Հովհաննես Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ն է:
 
Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նվիրված համերգային ծրագրում հանդես կգա Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Ռոբերտ Մլքեյան): Երգչախումբը կներկայացնի հանճարեղ կոմպոզիտորի
հարուստ խմբերգային ժառանգությունը. կհնչեն Կոմիտասի ստեղծագործական ժառանգության արժեքավոր նմուշներ՝ «Պատարագից» հատվածներ, հարսանեկան, լիրիկական, պանդխտության, աշխատանքային (հորովելներ) և այլ ժողովրդական երգեր: Համերգին, որպես մենակատարներ հանդես կգան Նվարդ Ալոյանը (դաշնամուր), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Ռազմիկ Բաղդասարյանը (տենոր), Վրեժ Ղարիբյանը (տենոր), Արմեն Գրիգորյանը (բաս), Հովհաննես Գրիգորյանը (բարիտոն), Մավր Մկրտչյանը (բարիտոն), Աշխեն Թադևոսյանը (մեցցո սոպրանո):
 
      Հոկտեմբերի 20-ին, Վարդապետի հոբելյանի կապակցությամբ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ Փարիզի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կանցկացվի հոգևոր երաժշտության համերգ:         
 
Տեղեկացնենք, որ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի ծննդյան 150-ամյակներին ընդառաջ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցում նշված հոբելյաններն ընդգրկելու վերաբերյալ Հայաստանի ներկայացրած հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում արժանացել էր հավանության: Այդպիսով, Ֆրանսիայի ու Գերմանիայի
աջակցությամբ ներկայացված՝ «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի՝ Կոմիտաս վարդապետի (1869-1935 թթ.) ծննդյան 150-ամյակը», և Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ներկայացված «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923 թթ.) ծննդյան 150-ամյակը» խորագրով հայտերն ընդգրկվել են «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում:
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 436 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար