Ամբողջ պետական ապարատն իր բան ու գործը թողած ընկած է ՍԴ-ում ինչ-որ խնդիր լուծելով, ու այդ խնդիրը չի լուծվում

18-10-2019 10:48:51   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Lragir.am-ի զրուցակիցն է փաստաբան Նորայր Նորիկյանը
 


 
ՍԴ-ն հրապարակել է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը վարույթ չընդունելու իր որոշումը։ Ինչպե՞ս եք այն գնահատում։
 
Երբ ՍԴ-ն հրապարակեց, որ մերժել է վարույթ ընդունել ԱԺ դիմումը, ինքս այդ հարցի վերաբերյալ տառացիորեն գրել էի հետևյալը. ըստ ամենայնի՝ ՍԴ-ն գործի քննությունը մերժել է՝ հիմք ընդունելով ՍԴ մասին սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի առաջին մասին առաջին և երկրորդ կետերի պահանջները։ ՍԴ-ն իր աշխատակարգային որոշմամբ հաստատել է իմ ասածը, որ հենց այդ հոդվածների հիման վրա է մերժել վարույթ ընդունելը։ Ընդհանրապես, իմ կարծիքով, ԱԺ-ն անհեռանկար դիմում էր ներկայացրել, և դրա ամբողջ պատասխանատվությունը կրում է ԱԺ քաղաքական մեծամասնությունը։ Մի կողմից ակնհայտ էր, որ ներկայացված դիմումը բովանդակային առումով չի հասնելու իր տրամաբանական ավարտին, որքան էլ մեծ լիներ այդ մարդկանց ցանկությունը։ Բայց ես կարծում եմ, որ ցանկացած խնդիր առաջ քաշելուց առաջ պետք է նաև վերլուծել, ենթադրաբար կանխատեսել խնդրի լուծման հնարավորությունները։ Այս դեպքում ԱԺ-ն պարտավոր էր վերլուծել, նաև նկատի ունենալ այդ բոլոր հանգամանքները, ենթադրել կամ կանխատեսել, որ ՍԴ-ն կարող է այսպիսի որոշման հանգել։
 
Ես ուզում եմ արձանագրել հետևյալը, որ ամիսներ շարունակ ԱԺ քաղաքական մեծամասնությունը հակված էր այն տրամաբանությանը կամ այն վարկածին, որ ՍԴ-ն ունի ընդամենը 2 դատավոր, իսկ մնացած անդամները կամ անձինք սահմանադրական արդարադատություն իրականացնելու լիազորություն չունեն։ Հիմա հարց է առաջանում, եթե ընդունում եք, որ ՍԴ-ում կա ընդամենը երկու դատավոր, ձեր դիմումն ո՞ւմ էր ուղղված, չգործող մարմնի՞։ Ակնկալում էիք, որ չգործող մարմինը պետք է կայացնի որոշում և դադարեցնի ՍԴ նախագահի լիազորություննե՞րը։ Այս վարքագծի
մեջ ես տրամաբանություն չեմ տեսնում։ Ուստի անկախ նրանից, թե ինչ հիմնավորմամբ է ՍԴ-ն իր աշխատակարգային որոշմամբ մերժել ԱԺ դիմումը, ես գտնում եմ, որ չի կարելի կասկածի տակ դնել օրենսդիր իշխանության հեղինակությունը, ինչպես նաև դատական իշխանության հեղինակությունը։
 
Մենք, փաստորեն, զբաղված ենք պետական միջոցների մսխման գործընթացով։ Ամբողջ պետական ապարատը, օրենսդիր իշխանությունը, իրավապահ ամբողջ համակարգն իր բան ու գործը թողած ընկած է ՍԴ-ում ինչ-որ խնդիր լուծելով, ու այդ խնդիրը չի լուծվում։ Խնդիրը պարզ է. առկա է «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի հարցը։ Մինչև «Մարտի 1»-ի գործով Ռոբերտ Քոչարյանի խնդիրը, Սահմանադրական դատարանի և Հրայր Թովմասյանի մասին ոչ ոք չէր հիշելու։ Այդ ե՞րբ է ՍԴ-ն մեր հանրային կյանքում այդքան մեծ կարևորություն ունեցել, որ ամբողջ պետական համակարգն իր ռեսուրսները մսխեր այդ դատարանի վրա։ Չնայած ես այն կարծիքին եմ, որ, դժբախտաբար, իր հիմնադրման օրվանից ՍԴ-ն չի փայլել իր հեղինակությամբ, ազդեցությամբ։ Հիմա մենք խնդիրներ ենք բարձրացնում առանց լուծման տարբերակների, ինչն անթույլատրելի է։
 
Կարելի՞ է արձանագրել, որ ԱԺ-ն իր այս քայլով լեգիտիմացրեց ՍԴ-ն։
 
ԱԺ մեծամասնության ներկայացուցիչներն ամիսներ շարունակ պնդում էին, որ ՍԴ-ում կա ընդամենը երկու դատավոր, մնացած տեղերը թափուր են։ Ավելին, քննության էին առնում, որ ՀՀ նախագահը, ԲԴԽ-ն, օրենսդիր իշխանությունը առաջադրեին ՍԴ դատավորի թեկնածուներ՝ լրացնելու այդ թափուր տեղերը, քանի որ ՍԴ անդամները այլևս սահմանադրական արդարադատություն իրականացնելու լիազորություն չունեն։ Հիմա հարց է առաջանում՝ դուք ո՞ւմ եք դիմել։ Արդյոք դուք ձեր քայլով չեք անլրջացնում այս ողջ պրոցեսը։
 
ՍԴ անդամի լիազորությունների դադարեցման կարգը հստակորեն ամրագրված է ՍԴ մասին օրենքում։ Այնտեղ շատ սպառիչ ձևով թվարկված են, թե որ բավարար պայմանների առկայության դեպքում է հնարավոր դադարեցնել ՍԴ անդամի լիազորությունները։ Այս պայմաններում որոշումներ կայացնելիս կամ որոշումների հետևից գնալիս, եթե դուք իսկապես հռչակել եք, որ Հայաստանն իրավական պետություն է, սիրեք, թե չսիրեք որևէ սուբյեկտին, ընդունեք, թե չընդունեք նրա գոյությունը, համարեք կամ չհամարեք նրա գործունեությունը ձեր քաղաքական քիմքին հարիր կամ ոչ հարիր, եթե դուք իրավական պետություն կառուցելու դրոշակ եք բարձրացրել, բարի եղեք առաջնորդվել բացառապես օրենքներով։ Անգամ եթե Հրայր Թովմասյանը ՍԴ անդամ, ապա դատավոր է դարձել հանցավոր ճանապարհով, դուք այդ ապօրինության դեմ չպետք է պայքարեք ոչ օրինական միջոցներով։ Ընդհանրապես որևէ հանցագործության դեմ հնարավոր չէ պայքարել հանցավոր միջոցներով։
 
Փաստորեն, ՍԴ-ում առկա խնդիրն այս պահին որևէ լուծում չունի՞։
 
Սահմանադրական դատարանի խնդրի լուծումը հստակորեն արձանագրված է, այսինքն՝ ՍԴ անդամի լիազորությունների դադարեցման կարգը։ Այդ հիմքերն են, երբ նա հրաժարվում է ՀՀ քաղաքացիությունից կամ ձեռք է բերում այլ պետության քաղաքացիություն, երբ հրաժարական է տալիս, երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվում է անգործունակ, անհայտ բացակայող
կամ մահացած, երբ նրա նկատմամբ կա դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, երբ դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով ապացուցվել է, որ նա պաշտոնում նշանակվել է օրենքի խախտմամբ: Եթե այս պարամետրերից որևէ մեկն առկա չի, ես չգիտեմ, թե ինչ ձևով կարելի է հասնել ՍԴ անդամի լիազորությունների դադարեցման։
 
Արդեն երկար ժամանակ այս պրոցեսը գնում է։ Եթե լիներ այնպիսի ծանրակշիռ հանգամանք, որը հնարավորություն կտար, որ ՍԴ որևէ անդամ դադարեցներ իր լիազորությունները, ես ձեզ վստահեցնում եմ, որ այսօրվա իրողությունների պայմաններում վաղուց լուծված կլիներ այդ հարցը։ Ես մի ուրիշ հարց էլ եմ ուզում տալ. Սահմանադրական դատարանը դա Հրայր Թովմասյա՞նն է, մնացածները ասելիք կամ անելիք չունե՞ն։ Եթե դուք իսկապես ՍԴ-ն փոխելու խնդիր ունեք, պետք է գլոբալ լուծեք խնդիրը։ Ինքս չեմ կարևորել այս խնդիրը, գտել եմ, որ ՀՀ-ում շատ ավելի լուրջ խնդիրներ կան լուծելու, և պետության միջոցները պետք է կարողանան ավելի ռացիոնալ օգտագործել։

 

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 560 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար