Հայության առջև ստեղծվում են «պատմական առիթների» հնարավորություն. Ասալայի կոչը

18-10-2019 13:23:13   | Հայաստան  |  Քաղաքական
 


Վերջին երկու տասնամյակի ընթացքում հայաստանամերձ տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներն ու վերիվայրումները եկան ապացուցելու, որ 20-րդ դարի սկզբին գաղութարարական և մեծապետական շահերի համաձայն արհեստական սահմաններ գծելու, երկրներ ձևավորելու իրողությունը այլևս ենթակա է վերատեսության։  Սահմանների նկատմամբ կատարված նշված կամայականության հետևանքով Հայաստանը կորցրեց իր բնակչության և տարածքների մեծ մասը` դատապարտվելով աշխարհագրականորեն կղզիացած ներկա իրավիճակին։
 
Այսօր՝ կեղծ սահմանագծումներից 100 տարի անց, տարածաշրջանի ազգերի և էթնիկ խմբավորումների կողմից դրսևորվող դժգոհությունները, բողոքները և պատերազմական գործողությունները, իրենց բոլոր ելևէջներով, անկախ բողոքող ազգերի դեմ գործադրվող դաժանություններից, տեղահանություններից կամ նրանց նկատմամբ զանգվածային արյունալի հաշվեհարդարներից, ուշ թե շուտ հանգելու են մի շարք երկրների կազմաքանդմանն ու նորերի ստեղծմանը։
 
Բնականաբար, իր սահմաններին կից կատարվող իրադարձություններից, կամա թե ակամա, չի կարող չազդվել և անմասն մնալ նաև Հայաստանը և Հայաստանի ու տարածաշրջանի հայկական համայնքների անվտանգությունը: 
 
 Նշված առճակատումների, մանավանդ քուրդ-թուրք հետզհետե խորացող և ռազմավարականորեն ի վնաս թուրքերին աճող և անբուժելի վերքի վերածված առճակատման շնորհիվ
, ոչ անտեսանելի ապագայում հիմնովին կազմաքանդվելու է Թուրքիան և տապալվելու են դեպի արևելք միտված նրա ծավալապաշտական անթաքույց ձգտումները։ Նման անխուսափելի զարգացման հետևանքով ամբողջովին մեկուսանալու է Ադրբեջան կոչվող պետությունը և առաջին հերթին հայկական Նախիջևանը, Հայաստանի Հանրապետության առջև բացելով ապամեկուսացման՝ դեպի Սև ծով հասնելու հնարավորություն, ինչով մեծապես
պայմանավորված է Հայկական պետականության ինքնիշխան գոյության հարատևումն ու բնական զարգացումը։
 
Հայաստանն այսօր ընթանում է զարգացման, ժողովրդավարության, ինքնիշխանության կայացման և արմատական փոփոխությունների դժվարին ուղիով, որը հնարավորություն է ընձեռնելու նաև մշակել իր ինքնուրույն արտաքին քաղաքականության դոկտրինը։
ՀՀ անվտանգությունը և պետական շահը թելադրում են, որ մենք ազգովի չդառնանք մեր կամքից անկախ ընթացող տարածաշրջանային զարգացումների սոսկ ականատեսը և չբավարարվենք ուշացած ձևական հայտարարություններով, այլ ընդհակառակը, պարտավոր ենք առաջադրել և ունենալ մշակված ողջախոհ և իրատեսական (հայտարարված կամ չհայտարարված) ծրագիր՝ Հայաստան և Սփյուռք իրար զորակցող և ամբողջացնող մասերով։
 
21-րդ դարում, երբ աշխարհի բոլոր ժողովրդների և միջազգային կառույցների զարմացած հայացքների առջև,  նրանց դատապարտող կցկտուր հայտարարություններն արհամարելով, Թուրքիայի և իր կողմից զինված հրոսակախմբերի միջոցով անզեն քաղաքացիներ են գնդակահարվում, երբ օդից ու ցամաքից քաղաքների և ավանների խաղաղ բնակչությունն է ռմբակոծվում, երբ պետական շահի անվան ներքո, միջազգային կամ մեծապետական ուժերը կուլիսային համաձայնություններով լքում և անպաշտպան են թողնում տարածաշրջանի անզենք ժողովրդին, հայությունը ոչ միայն հիշում է իր դեմ իրագործված բարբարոսային Ցեղասպանությունը, այլև շեշտադրո՛ւմ, որ ընդհանրապես, բայց մանավանդ ազատագրված Արցախում և Հայաստանում մեր ֆիզիկական գոյությունն ու անվտանգությունը կարելի է և պիտի՛ ապահովել միայն սեփական բանակին ապավինելով։
 
Թուրքական բարբարոսությունը ապրած և արյունաքամ դարձած Հայությունը չի կարող ապավինել միջազգային կամ տարածաշրջանային այսպես կոչված խաղաղապահ ուժերի և ընդհանրապես երրորդ կողմերի խնամակալության։
 
Նշված իրողությունների լույսի տակ,
- կոչ ենք ուղղում հայրենի ժողովրդին, ինքնուրույն և պետական շահը գերակա համարող բոլոր քաղաքական ուժերին, ամրագրել 2018 թվականի համաժողովրդային շարժման արդյունքները, շարունակել մնալ հանձնառու և պահանջատեր՝ կառուցելով հզոր և զարգացող երկիր։ 
- ՀՀ-Արցախ քաղաքական ուժերին հորդորում ենք զերծ մնալ Արցախը և ազգային այլ հիմնախնդիրները քաղաքական շահարկումների դաշտ մտցնելուց, Արցախը, ինչպես միշտ, դարձնել միավորող և ոչ թե պառակտող գործոն։
 
- Սփյուռքի տարագիր հայությանը կոչ ենք անում զերծ մնալ աշխարհաքաղաքացիության և տեղացի դառնալու ընկալումներից, հայ ընտանիքում արմատավորել Հայրենիքին զորակցելու և Հայրենիք վերադառնալու գաղափարը և Հայաստանի Հանրապետությանը անվերապահորեն սատարել հնարավոր բոլոր միջոցներով։ 
 
- Մերժել Սփյուռքի քաղաքական այն տարրերին և ուժերին, որոնք Հայկական պետականությանը սատարելը կապում են ինչ որ նախապայմանների, քաղաքական նախասիրությունների և մրցակցությունների հետ:
 
- Համաժողովրդային շարժման և արդար ընտրությունների շնորհիվ ձևավորված ՀՀ իշխանություններին կոչ ենք ուղղում երկրի ներսում փտածության դեմ պայքարելուն զուգահեռ չզորակցել Սփյուռքի փտած շրջանակներին, որից տասնամյակներ տուժել են միլիոնավոր Սփյուռքահայեր, և որպես հետևանք՝ ՀՀ-Սփյուռք հարաբերությունները։
 
      Ստեղծել Սփյուռքի հետ հարաբերվելու առողջ մեխանիզմներ, հրաժարվելով անցյալից ժառանգ ստացած սոսկ սեփական շահով առաջնորդվող հակապետական դիվանագիտական տարրերից և վարկաբեկված և անարդյունավետ կառույցներից։   
 
- Թուրքիայի դեմ մարտնչող հայ կամավորներին և անհատ նվիրյալներին ողջունելով հանդերձ, հորդորում ենք աշխատել ինքնուրույն և մանավանդ չարտոնել օտար ուժերի կողմից ՀՀ պետական դրոշի շահարկումը։
 
Տարածաշրջանում, մեծ մասամբ մեր կամքից անկախ, ընթացող լայնածավալ զարգացումները հայության առջև ստեղծում են «պատմական առիթների» հնարավորություն: Միայն կազմակերպված և դեպքերի հավանական զարգացումներին նախապատրաստված հայությունը կարող է հազվադեպ կրկնվող պատմական առիթներից օգտագործելու հնարավորություն ունենալ:
 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԱՏԱԳՐՈՒԹՅԱՆ 
ՀԱՅ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿ
17 հոկտեմբերի 2019թ.
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1078 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար