Մենք հավատարիմ ենք խաղաղությանը.Լիլիթ Մակունցի ելույթը Միջխորհրդարանական միության գագաթաժողովում. «Արմենպրես»

18-10-2019 14:36:31   | Սերբիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
 Բելգրադում Միջխորհրդարանական միության 141-րդ գագաթաժողովում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում անդրադարձել է արցախյան հարցին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Լիլիթ Մակունցը՝ ի պատասխան Ադրբեջանի գործընկերոջ դիտարկումներին, ընդգծել է, որ հայ ժողովուրդը մնում է հավատարիմ խաղաղությանը:
 


 
«Ժողովրդավարության միջոցով են ձևավորվում լեգիտիմ կառավարություններ և ժողովրդավարությունն է, որ հնարավորություն է ընձեռում ունենալ անվտանգ տարածաշրջաններ և հարևաններ: Հայաստանի ժողովրդավարության երաշխիքը, մեր կառավարության և խորհրդարանի հեղինակությունը, օրինականությունը և մեր քաղաքական կամքն են, որ նպաստում են երկրի՝ ավելի ուժեղ, ավելի ճկուն լինելուն և ներկայացնում են մեզ ինքնիշխանության պաշտպանի ավելի պատկառելի դիրքերից: Հայ ժողովուրդը որպես ցեղասպանություն վերապրած ազգ՝ աշխարհում կատարվող ցանկացած ոճրագործություն առանձնակի ցավալի է ընկալում: Պատերազմը, կապված Արցախի ապագայի և ճակատագրի հետ, մեր ընտրությունը չէր, այն պարտադրվել էր մեզ: Ամեն դեպքում ստատուս քվոյի իրավիճակում մենք մնում ենք հավատարիմ խաղաղությանը, շարունակում ենք ներգրավված մնալ խաղաղության գործընթացում՝ դիվանագիտությունը զենքի ուժից վեր դասելով: Սակայն, ցավոք, մենք չունենք «խաղաղության հուսալի գործընկեր»»,-նշել է Լիլիթ Մակունցը:
 
Լիլիթ Մակունցը նկատել է, որ Ադրբեջանի գործընկերը խոսել է միջազգային իրավունքի
մասին՝ չնշելով հիմնաքարային իրավունքներից մեկը՝ ազգերի ինքնորոշման իրավունքը: «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի խոսքով, վերհիշելով պատմությունը՝ հիշում ենք, թե ինչպես որոշ ազգեր դարձան ԽՍՀՄ տարիներին անարդար որոշումների զոհ, որոնց շարքում էին նաև Արցախի հայերը, ովքեր դարեր շարունակ ապրել են իրենց պատմական բնօրրանում: 1990-ական թվականներին՝ Խորհրդային Միության փլուզումից առաջ, Լեռնային Ղարաբաղն իրացրել է իր ինքնորոշման իրավունքը և անկախացել՝ միջազգային իրավունքի և այն ժամանակ դեռ գոյություն ունեցող ԽՍՀՄ Սահմանադրության համաձայն:
 
«Իհարկե, ադրբեջանցի մեր գործընկերն իրավունք ունի մեջբերել Հայաստանի վարչապետի խոսքը, սակայն նա մոռացել է մեջբերել մեր վարչապետի ելույթի առանցքային և հայեցակարգային մասը, որտեղ նշվում է, որ հարցի կարգավորումը պետք
է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար, որը միտված է նախապատրաստելու ժողովուրդներին խաղաղության՝ ավելի գործնական մակարդակում: «Ռազմատենչ տրամադրություններ» հրահրելու և սեփական երկրի ներսում հատվածական ծափողջույնների արժանանալու փոխարեն ավելի խելամիտ կլիներ երկարաժամկետ տեսլական ունենալ վերոնշյալ խաղաղության գաղափարի հետ կապված և խոսել հենց դրա մասին»,-ասել է նա:
 
Լիլիթ Մակունցն, իր ելույթում անդրադարձել է նաև վերջին օրերին Սիրիայում տեղի ունեցող ռազմական գործողություններին՝ ընդգծելով, որ բռնությունն անընդունելի է:
 
«Մի քանի օրերին մենք խոսում ենք շրջակա միջավայրի, միջազգային իրավունքի, ինչպես նաև բռնության անընդունելի լինելու մասին: Մեր ձայնն այստեղ հնչեցնելը և աղմուկի փոխարեն ներդաշնակություն սփռելը կարող է վճռորոշ լինել խնդիրների հասցեագրման, ինչպես նաև միջազգային իրավունքի պաշտպանման տեսանկյունից: Ամուր նյարդեր են պետք ունենալ՝ դիմակայելու այն ամենին, ինչ կատարվում է այս օրերին Սիրիայում, և թե ինչպես հազարավոր անմեղ մարդիկ և երեխաներ են զրկվում կյանքից, երազանքներից և գոյության իրավունքից՝ ապրելու այն երկրում, որտեղ ծնվել են և որի մասնիկն են հանդիսանում: Միգուցե ժամանակն է մեզ բոլորիս, հատկապես կանանց համար, առաջնորդողի դեր ստանձնել բնակչության առավել խոցելի խմբերի իրավունքները պաշտպանելու և երաշխավորելու համար (ինչպես քրդերի դեպքում այս պարագայում), և այդ նպատակով օգտագործել Միջխորհրդարանական միությունը որպես ամենաազդեցիկ հարթակներից մեկը»,-հավելել է Լիլիթ Մակունցը:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 800 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար