ԱԱԾ ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՍԴ աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ Հրայր Թովմասյանի հետ. Armtimes.com

19-10-2019 11:01:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Լուսանկարում՝ ձախից ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը
 


ԱԱԾ-ում պաշտոնատար անձին կամ նրա ընտանիքի անդամներին առերեւույթ պատկանող գույքը սահմանված կարգով չհայտարարագրելու վերաբերյալ նյութերը նախապատրաստող ստորաբաժանման ղեկավարը նախապես փորձել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարի միջոցով կապ հաստատել անձամբ ՍԴ նախագահի հետ՝ նրանից, իր օգնականից եւ ընտանիքի անդամներից բացատրություն ստանալու օրը, ժամը եւ վայրը համաձայնեցնելու նպատակով, սակայն նա զանգերին չի պատասխանել եւ կապի դուրս չի եկել, որից հետո, սահմանված կարգով ուղարկվել են ծանուցագրեր։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ Ազգային անվտանգության ծառյությունը՝ ի լրումն ՀՀ ԱԱԾ 18.10.2019 թ. հաղորդագրության։
 
Իսկ 18․10․2019-ի՝ երեկվա հաղորդագրությամբ ԱԱԾ-ն մասնավորապես հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, նպատակ ունենալով առավելագույնս ապահովելու դատավորի եւ դատական իշխանության հեղինակությունն ու անկախության նկատմամբ հարգանքը, ինչպես նաեւ՝ մինչ դատական վարույթի գաղտնիությունը, ձեռնպահ է մնացել Սահմանադրական դատարանի գործող նախագահի եւ նրա ընտանիքի անդամներին առնչվող գործողությունների
վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուց:
 
«Սակայն, հաշվի առնելով, որ մամուլում արդեն իսկ բազմաթիվ հրապարակումներ են եղել ՍԴ նախագահի ընտանիքի անդամների մասնակցությամբ ՀՀ ԱԱԾ իրականացրած գործողությունների վերաբերյալ, բացի այդ, նպատակ ունենալով խուսափել անհարկի շահարկումներից եւ թյուր տեղեկատվության տարածումից, հայտնում ենք հետեւյալը.     
 
2012-2014 թթ. ընթացքում ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնված Երեւան քաղաքի Զաքյան փողոցի համար 2 հասցով շենքի՝ շուրջ 855 մլն դրամ արժեքով վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացման, ինչպես նաեւ Աբովյան ՔԿՀ եւ Սարի թաղում գտնվող միջնակարգ դպրոցի շուրջ 15 մլն դրամ արժեքով վերանորոգման ընթացքում թույլ տրված առերեւույթ յուրացումների եւ չկատարված աշխատանքները պաշտոնատար անձանց կողմից ընդունելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նախապատրաստվող նյութերի շրջանակներում տվյալներ են ստացվել նշված շինարարական աշխատանքները իրականացրած ընկերության ներկայացուցչի կողմից պաշտոնատար անձին անհատույց շինանյութ հատկացնելու եւ շինարարական աշխատանքներ կատարելու վերաբերյալ, որի հետ կապված նաեւ բացատրություն է ստացվել ՍԴ նախագահի հորից՝ Վարդան Թովմասյանից:  Բացի այդ, վերջինիս առաջարկվել է նյութերով նշանակված դատաշինարարատեխնիկական եւ դատաապրանքագիտական համալիր փորձաքննության շրջանակներում փորձագետներին թույլատրել հետազոտել իրենց պատկանող առանձնատան տանիքը, ինչը սակայն, նրա կողմից մերժվել է:
 
Ընդ որում, ընդառաջելով Վ. Թովմասյանի ցանկությանը՝ նրան առաջարկվել է բացատրությունը տալ իր իսկ տանը, այդ նպատակով Վ․ Թովմասյանի առանձնատուն է այցելել ՀՀ ԱԱԾ աշխատակից, սակայն նա, փոխելով դիրքորոշումը, նախընտրել է բացատրություն տալ ՀՀ ԱԱԾ վարչական շենքում՝ իր իսկ կողմից հրավիրված փաստաբանների ներկայությամբ:
 
Նախապատրաստվող նյութերով միջոցներ են ձեռնարկվում պետությանը պատճառված
հնարավոր վնասի չափը ճշգրտելու, ինչպես նաեւ իրականում չկատարված աշխատանքները ընդունած պաշտոնատար անձանց պարզելու ուղղությամբ:
 
Միաժամանակ, ՀՀ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի ընտանիքի անդամներից բացատրություն վերցնելու անհրաժեշտությունը պայմանավորված է եղել պաշտոնատար անձին կամ նրա ընտանիքի անդամներին առերեւույթ պատկանող գույքը սահմանված կարգով չհայտարարագրելու վերաբերյալ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալները ստուգելու անհրաժեշտությամբ։
 
Նշված դատավարական գործողությունները կատարվել են հիշյալ անձանց կողմից ընտրված փաստաբանների մասնակցությամբ, իրավունքների պաշտպանության քրեադատավարական երաշխիքների պահպանմամբ։
 
Նյութերի նախապատրաստման արդյունքում օրենքով սահմանված կարգով կկայացվեն համապատասխան դատավարական որոշումներ»,- ասված էր ԱԱԾ հաղորդագրության մեջ:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1070 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար