Նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձը Երեւանի օրվա առթիվ

19-10-2019 11:17:57   | Հայաստան  |  Հասարակություն
Սիրելի՛ երևանցիներ,
 


Սիրելի՛ հայրենակիցներ աշխարհի տարբեր կողմերում,
 
Երևանի հարգելի՛ բարեկամներ ու հյուրեր, 
 
Այսօր ամենայն հայոց մայրաքաղաքի տոնն է՝ Երևանի օրը:
 
Մեզնից յուրաքանչյուրն ունի իր Երևանը, որոնք միանում ու դառնում են մեկն ու միակը:
 
Երևանը բոլորինս է, աշխարհի որ կետում էլ գտնվենք: 
 
Երևանի պատմամշակութային ժառանգությունը մեր արժեքների անբաժանելի մասն է: Այն պետք է պահպանել ու փոխանցել սերնդեսերունդ՝ որպես հպարտություն, որպես ազգային
կենսունակության վկայություն, ոգեշնչման անփոխարինելի աղբյուր: 
 
Երևանը կարելի՛ է սիրել և պե՛տք է սիրել նաև նրա հանդեպ հոգատար ու սրտացավ լինելով: 
 
Երևանը միայն արտաքուստ է քարի քաղաք: Իրականում այն չափազանց նուրբ է ու զգայուն:
 
Երևանը հիշողություն ունի:
 
Երևանը լայնաժպիտ կանչում ու մեծահոգաբար ընդունում է բոլորիս: 
 
Երևանը ներողամիտ է, նույնիսկ նրա հանդեպ, ով նեղացած կամ տխուր է հեռացել՝ մեկ օր, մեկ ժամ, մեկ տարի կամ երեսուն տարի առաջ:
 
Երևանն այսօր ևս մեկ էջ է ավելացնում շուրջ երեքհազարամյա իր պատմությանը: Այդ պատմությունը գրվում է ամեն մեկիս միջոցով՝ մեր աշխատանքի, մեր վերաբերմունքի, արարումի, խոհի միջոցով՝ հայրենիքում կամ նրա սահմաններից դուրս: 
 
Սիրե՛նք Երևանը, ամեն Աստծո օր մի միտք, մի երազանք, մի գաղափար հղանանք, դրանք գործ ու իրականություն դարձնենք՝ հանուն Երևանի ու երևանցու, հանուն Հայաստանի և համայն հայության:
 
Տոնդ շնորհավոր, Երևա՛ն, իմ սե՛ր:
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 695 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար