Տարոն Մարգարյանի անսպասելի հիշեցումը. չի ստացվի մոռանալ

19-10-2019 13:38:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Երեւանի տոնը. Տոնդ շնորհավոր, իմ ջերմ ու բարի Երեւան ջան, գրել է նախկին քաղաքապետը:
 


Երեւանի հանդեպ Տարոն Մարգարյանի սիրո կանխավարկածը անշուշտ պետք է պահպանել, որքան էլ թե նրա պաշտոնավարման ընթացքում, թե դրանից հետո մամուլում հայտնվում էին ամենատարբեր տեղեկություններ այն մասին, թե ինչեր են կատարվել Երեւանի հետ:
 
Տարոն Մարգարյանի կառավարման յուրօրինակ ինդիկատորի վերածվեց աղբահանության հարցը եւ Սանիտեքի պատմությունը, թեեւ այդպես էլ իհարկե մինչեւ վերջ հստակ չէ, թե ի վերջո կա՞ր այդ պատմության մեջ անօրինական որեւէ բան, թե ոչ:
 
Այդ ամենով հանդերձ, նախկին քաղաքապետի ու Երեւանի մարդկային կապի կանխավարկածը անշուշտ առկա է, ինչպես օր առկա են օրինակ Երեւանի հանդեպ Տարոն Մարգարյանի սիրո առանձնահատուկ դրսեւորման օրինակներ:
Օրինակ, դեռեւս նրա քաղաքապետության ժամանակ էր պարզ դարձել, թե ինչպես էր նա Ավան թաղամասում իր առանձնատան համարը այսպես ասած դուրս
բերել փողոցում տների համարակալման հերթական շարքից եւ համարակալել իրեն հոգեհարազատ թվանշանային կոմբինացիայով՝ 7-երով:
 
Ամեն մեկը Երեւանն իհարկե սիրում է յուրովի, եւ Տարոն Մարգարյանն էլ:
 
Նախկին քաղաքապետի տոնական շնորհավորանքը սակայն հետաքրքիր է մեկ այլ, ոչ միայն քաղաքային, այլ նաեւ քաղաքական ասպեկտով: Մարգարյանը տեւական ժամանակ է, ինչ կարծես թե դուրս էր ասպարեզից, չէր հիշեցնում իր մասին, մամուլն էլ չէր հիշում նրան:
 
Մինչդեռ, ներկայումս նախկին իշխող համակարգը գտնվում է ներքին վերադասավորման եւ վերախմբավորման յուրօրինակ մի փուլում, որի առանցք է դարձել Հրայր Թովմասյանի գործը: Նախկին իշխող համակարգում տեղի է ունենում տարբեր խմբերի դիրքավորում ու լատենտ պայքար այսպես ասած առաջատարի դիրքի համար, որը պետք է տեղավորվի գործող իշխանության գլխավոր ընդդիմություն լինելու տրամաբանության մեջ:
 
Դատելով այն համախմբումից, որ առկա է Հրայր Թովմասյանի պաշտպանության հարցում, հնարավոր է արձանագրել, որ նախկին իշխանության գործնականում բոլոր թեւերը փորձում են դուրս չմնալ խաղից: Ահա այդ ֆոնին, Երեւանի տոնը նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար թերեւս իր մասին հիշեցնելու հարմար առիթ է, ցույց տալու համար, որ ոչ միայն չի ՙկորել՚, այլ նաեւ աչալրջորեն հետեւում է իրադարձություններին եւ դիրքային պայքար մղող նախկին թիմակիցները չեն կարող մոռանալ իր մասին, նախկին իշխող համակարգում այսպես ասած իր ՙբաժնեմասի՚ մասին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1372 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար