Արմեն Սարգսյանը կմասնակցի Ճապոնիայի կայսր Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը

19-10-2019 13:19:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ճապոնիայի կառավարության հրավերով Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 19-ին կմեկնի Տոկիո՝ մասնակցելու Ճապոնիայի կայսեր՝ Նարուհիթոյի գահակալության հանդիսավոր արարողությանը: 
 


Ճապոնիայի 85-ամյա կայսր Աքիհիթոն այս տարվա ապրիլին պաշտոնապես հրաժարվել էր գահից: Նրան փոխարինել է 59-ամյա որդին՝ թագաժառանգ Նարուհիթոն: 
 
Նոր կայսեր գահակալության հիմնական ծիսակարգերը մասնավորապես ներառում են հանդիսավոր ճաշկերույթ, ինչպես նաև պաշտոնական ընդունելություն. նախագահ Սարգսյանը կմասնակցի Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի անունից
կազմակերպվող ընդունելությանը: Այս արարողություններին ներկա կլինեն աշխարհի բազմաթիվ երկրների նախագահներ ու կառավարությունների ղեկավարներ, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
 
Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը երկկողմ հանդիպումներ կունենա տարբեր երկրների նախագահների ու վարչապետների հետ: Նախագահը նաև կայցելի Տոկիոյի ֆոնդային բորսա, Ճապոնիայի միջուկային կարգավորման գործակալություն, ինչպես նաև աշխարհի առաջատար արդյունաբերական և տեխնոլոգիական ընկերություններից մեկը՝ Mitsubishi Heavy Industries ընկերություն:
 
Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա նաև ճապոնական մի շարք խոշոր ընկերությունների ղեկավարների հետ՝ քաջալերելու նրանց այցելել Հայաստան, ծանոթանալ համագործակցության հնարավորություններին ու հեռանկարներին: Նախագահ Արմեն Սարգսյանը նաև դասախոսությամբ հանդես կգա Տոկիոյի համալսարանում:
 
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 946 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար