Անասնաշուկայում իրավիճակի կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակվում են

21-10-2019 14:44:21   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 20-ին, ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը անասնահամաճարակային մշտադիտարկում է անցկացրել Գեղարքունիքի մարզի Մարտունու տարածաշրջանում գտնվող երկրի ամենամեծ անասնաշուկայում, որտեղ բերվում և վաճառվում են ընտանի կենդանիներ հանրապետության բոլոր մարզերից և Արցախից: Սա Տեսչական մարմնի կողմից անասնաշուկայում իրավիճակի կարգավորմանը միտված հերթական քայլն է: Երկրում կենդանիների համարակալման բացակայության պատճառով՝ այդ գործընթացը գրեթե անվերահսկելի է, և այս մշտադիտարկման նպատակն էր ստուգել-հասկանալ, թե կենդանի վաճառողները որքանով են տիրապետում այն պահանջներին ու պայմաններին, որոնք իրենք պետք է պահպանեն անասնաշուկա կենդանիներին տեղափոխելու համար:
 
ՍԱՏՄ Գեղարքունիքի մարզային կառույցի տեսուչների, մարզի անասնաբույժների, ՀՀ ոստիկանության կարանտինային վաշտի ներկայացուցիչների կողմից անասնահամաճարակային մշտադիտարկման ընթացքում անցկացվող միջոցառումներին հետևել են նաև ՍԱՏՄ ղեկավարությունը և Գեղարքունիքի մարզպետարանի ներկայացուցիչները: Ինչպես նախորդ այցի ժամանակ խոստացել էր ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը, անասնաշուկա էր բերվել նաև ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի
շրջիկ լաբորատորիան:
 
Մասնագետները ստուգել են, թե արդյո՞ք կենդանի վաճառողների մոտ առկա է անասնաբուժական Ձև 1 վկայականը, որը փաստում է մինչև տեղափոխումը կատարված բուժկանխարգելիչ հետազոտությունների և կենդանու առողջ լինելու մասին: Ամբողջ անասնաշուկայում այդ վկայականն ունեցել է խոշոր եղջերավոր կենդանի վաճառող միայն մեկ քաղաքացի: Մյուսներն արդարանում էին, թե չեն իմացել ուղեկցող փաստաթուղթն ունենալու անհրաժեշտության մասին, թեև պնդում էին, որ իրենց գյուղերում անասնաբույժները բարեխղճորեն կատարում են պատվաստման և կանխարգելման բոլոր պետական միջոցառումները: ՍԱՏՄ մասնագետներն ու տեսուչները շուկայում բաժանել են տեղեկատվական թերթիկներ կենդանիներին տեղափոխելու պահանջների, ինչպես նաև անասնաշուկայի շահագործմանը վերաբերող պայմանների մասին:
 
Անասնաշուկայում անցկացվել է բրուցելոզ հիվանդության նկատմամբ ախտորոշիչ հետազոտություն. կատարվել է արյան ընտարանքային նմուշառում և հետազոտվել տեղում՝ շրջիկ լաբորատորիայում: Բրուցելոզ չի հայտնաբերվել:
 
Գյուղացիների վերաբերմունքը զգուշավոր է եղել, պնդել են, թե առաջին անգամ է այստեղ այսպիսի լայնամասշտաբ գործողություն արվում, սակայն, բացատրական ու խորհրդատվական աշխատանքներից, տեղեկատվական թերթիկներին ծանոթանալուց հետո, նկատել են, որ իրենք էլ դեմ չեն լինի ավելի բարեկարգ վայրում, օրենսդրության պահանջներին համապատասխան միջավայրում կենդանիներ գնել ու վաճառել: Նաև վստահեցրել են, որ գյուղի անասնաբույժից կպահանջեն կենդանու տեղափոխման համար անհրաժեշտ ուղեկցող փաստաթղթերը:
Անասնաշուկան պահանջում է համալիր մոտեցում՝ տեղական ինքնակառավարման մարմնինների և իրավասու մյուս կառույցների համագործակցությամբ: Այս պահին Գեղարքունիքի մարզպետարանի հետ համատեղ քայլեր են արվում անասնաշուկայի տարածքը ցանկապատելու, նորմալ պայմաններ ապահովելու և կենդանիների տեղաշարժն ու հիվանդությունները վերահսկելի դարձնելու համար:
 
Ծանոթություն
 
Ըստ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի՝ կենդանիների շուկաները պետք է լինեն ցանկապատված, այցելուների և տրանսպորտային միջոցների համար նախատեսված առանձին
մուտքերով, փոխադրամիջոցների անիվների ախտահանման համապատասխան հարմարություններով, կենդանիների բեռնման և բեռնաթափման հարթակով, իսկ 25 հազար և ավելի բնակչություն ունեցող բնակավայրերում տեղակայված շուկաները պետք է ունենան նաև տարբեր տեսակի և սեռահասակային խմբերի կենդանիների համար նախատեսված կացատեղեր` ճաղազատված տարածքներով, ցանցավոր հատակներով և ցուցատախտակով, որի վրա նշվում են կենդանու տեսակը, հասակը, սեռը, թույրը (գույնը) և գույքային համարը, ապահովված լինեն լվացող, ցողարկող և ախտահանող սարքերով, կերերի և ջրի մատակարարման հարմարություններով, կոյուղատար առվակներով կամ խողովակաշարերով և գոմաղբապահեստարաններով:
Կենդանիների շուկաները պետք է ունենան անասնաբուժական կետեր:
 
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 405 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար