Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթաց

21-10-2019 17:59:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում մեկնարկել է «Պետության ռազմական անվտանգություն» գերատեսչական ակադեմիական վերապատրաստման դասընթացը:
 


Հանդիսավոր արարողությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գ. Բալայանը, ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության վարչության պետ - ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Ա. Մակարյանը, բարձրաստիճան զինվորականներ, ՊԱՀՀ-ի ղեկավար և
պրոֆեսորադասախոսական կազմերը, դասընթացին ներգրավված սպայակազմը:
 
«Պետության ռազմական անվտանգություն» ակադեմիական վերապատրաստման դասընթացի ծրագիրը մշակվել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի կողմից՝ կրթօջախի առաքելությանը և նպատակներին համապատասխան կրթություն իրականացնելու համար: Դասընթացը նպատակ ունի ԶՈՒ կարիքներին համապատասխան վերապատրաստել զինված ուժերի սպաներին, զարգացնել նրանց ռազմավարական
մտածողությունը, հաղորդել պետության ռազմական անվտանգության համակարգի վերաբերյալ համալիր գիտելիքներ, նպաստել սպաների ռազմագիտական, վերլուծա­կան, կառավարչական կարողությունների կատարելագործմանը և ռազմավարական մակարդակում դրանք կիրառելու անհրաժեշտ հմտությունների զարգացմանը:
 
Ողջունելով դասընթացի մասնակիցներին, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը կարևորել է ՊԱՀՀ-ում մեկնարկած դասընթացի նպատակը և առաքելությունը, բարձր գնահատել դասընթացի ծրագրի մշակման ուղղությամբ իրականացրած մեծածավալ աշխատանքը, համոզմունք հայտնել, որ դասընթացի ծրագրում ներառված թեմաները մեծապես կնպաստեն սպաների հետագա ծառայության կազմակերպմանը։
 
Գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ևս բարձր է գնահատել դասընթացի նշանակությունը, ընդգծել ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների սպաների և հրամանատարների վերապատրաստման կարևորությունը:
 
ՊԱՀՀ պետ, գեներալ-մայոր Գ. Տավարածյանն իր հերթին տեղեկացրել է, որ հաջորդ տարի համալսարանում նախատեսվում է մշակել և կազմակերպել մագիստրոսական կրթական ծրագիր, միջգերատեսչական վերապատրաստման, ինչպես նաև օպերատիվ օղակի մասնագետների համար նախատեսված առանձին դասընթացներ, իսկ հեռանկարում՝ նաև հետբուհական կրթություն (ասպիրանտներ և հայցորդներ): Նախատեսվում է նաև ձևավորել ՀՀ ԲՈԿ-ին առընթեր ՊԱՀՀ-ի Մասնագիտական խորհուրդ, որի շրջանակներում թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ կպաշտպանվեն ռազմական գիտության, ռազմական ռազմավարության, ազգային անվտանգության բնագավառների թեմաներով:
 
Հանդիսավոր արարողության ավարտին դասընթացի մասնակիցները ծանոթացել են ՊԱՀՀ-ում մշակված ուղեցույցներին, ծրագրի մոդուլներին ու թեմաներին, ՊԱՀՀ-ի լսարանների տեխնիկական հագեցվածությանը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 521 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար