Գագիկ Ծառուկյանի խոստովանությունը. ինչպես եղավ այն, ինչ եղավ

22-10-2019 18:22:24   | Հայաստան  |  Վերլուծություն
30 տարում Արցախի խնդիրն այնպես պետք է լիներ, որ Ալիեւը տառ ու բառ չհամարձակվեր հոխորտալ, հայտարարել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում:
 


Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է մտել 2006 թվականից՝ Բարգավաճ Հայաստան կուսակցական նախագծով: 2006 թվականից Գագիկ Ծառուկյանը չափազանց քիչ տառ ու բառ է ասել Արցախի հարցի առնչությամբ: Ենթադրվում է, որ նա գոհ է եղել Արցախի հարցում իրավիճակից, այլապես՝ որպես Հայաստանում իր խոշորությամբ առնվազն երկրորդ կուսակցության առաջնորդը հենց Արցախի հարցը պետք է դարձներ քաղաքական հավատամքի առանցք:
 
Մինչդեռ, ԲՀԿ «հավատամքը» դարձել են սոցիալական հարցերը: Այժմ, մոտ 30 տարի անց, Գագիկ Ծառուկյանն ասում է, որ «այնպես պետք է լիներ…»: Ընդ որում, նա միանգամայն իրավացի է, պետք է այդպես լիներ: Ինչպես որ իրավացի էր խորհրդարանի արտահերթ ընտրության մեծ բանավեճի ընթացքում, երբ հայտարարեց, որ Արցախի հարցը հայ ժողովուրդը լուծել է եւ խնդիրը տնտեսապես զարգանալն ու հզորանալն է, Արցախը եւ հաղթանակը պաշտպանելու համար:
 
Բայց, ամբողջ հարցն այն է, որ Գագիկ Ծառուկյանը այդ «30 տարիների» առնվազն կեսի
պարագայում ունեցել է ազդեցիկ քաղաքական դիրքեր, սակայն զրո քննադատություն կամ ընդդիմախոսություն Արցախի հարցում վարվող քաղաքականության առնչությամբ:
 
Պատճառն ըստ երեւույթին եղել է այն, որ Ծառուկյանին դրա համար չէ, որ տեղ է հատկացվել տնտեսա-քաղաքական հստակ քվոտավորված համակարգում: Նրա համար սահմանված չի եղել Արցախի հարցում քաղաքականության առնչությամբ խոսելու գործառույթ: Թեեւ, իհարկե անուղղակի իմաստով Ծառուկյան քաղաքական գործոնի գործառութային նշանակությունը թերեւս ունեցել է որոշակի առնչություն արցախյան հարցին:
 
Իշխող համակարգից սերված ԲՀԿ-ն գործնականում պետք է 2007-08 ընտրական փուլում Հայաստանում մի կողմից ապահովեր իշխանափոխություն՝ ՀՀԿ փոխարեն խորհրդարանի ԲՀԿ մեծամասնություն՝ կամ կոալիցիա, սակայն ԲՀԿ գերակայությամբ, մյուս կողմից էլ պետք է ապահովեր Ռոբերտ Քոչարյանի իշխանության շարունակություն՝ Վարդան Օսկանյանի նախագահությամբ եւ Ռոբերտ Քոչարյանի վարչապետությամբ, հնարավոր է հետագայում նախագահի պաշտոնին երկրորդ նախագահի վերադարձով:
 
Այդ սխեման թերեւս պայմանավորված չէր միայն իշխանությունը պահելու Ռոբերտ Քոչարյանի ձգտումով: Այսօր Պուտինի հետ քիմիական կապի խաղաքարտին նվիրված երկրորդ նախագահը այն ժամանակ անշուշտ արձանագրել էր դեռեւս 2004 թվականից խորացող ռուս-ադրբեջանական հարաբերության ռազմավարականացման միտումը: Ավելին, այդ շրջանում Երեւանի եւ Մոսկվայի հարաբերության մեջ առանձին դրվագներով նշմարվում էր բավականին լարված նյարդ: Ռոբերտ Քոչարյանն անշուշտ լավ էր զգում հավասարակշռության խախտման միտումը եւ ԲՀԿ նախագծով, Վարդան Օսկանյան նախագահով թերեւս ակնկալում էր անել քայլեր Արեւմուտքի ուղղությամբ, որոնք կապահովեին հավասարակշռությունը: Ըստ ամենայնի, դրանով էր պայմանավորված, որ Ռուսաստանը 2006 թվականին հայտարարեց գազի թանկացման մասին եւ պայմանավորվեց Սերժ Սարգսյանի, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի հետ:
 
Իշխանության հարցը լուծելով, հետո իհարկե Սերժ Սարգսյանը փորձեց լուծել խախտվող
բալանսի հարցը Եվրամիության հետ Ասոցացման գործընթացով: Այստեղ արդեն Ռուսաստանի հետ Ռոբերտ Քոչարյանի պայմանավորվածության «աստեղային ժամն» էր, որտեղ Գագիկ Ծառուկյանին վերապահված էր ոչիշխանական ընդդիմության առաջնորդի գործառույթը՝ մինչեւ 2015 թվականի փետրվարի 12, երբ այդ սխեմայի օգնությամբ նաեւ Հայաստանի ներքին կյանքի վրա ազդեցության միջոցով արդեն լիովին «ապահովված» էր ռեգիոնալ ռազմա-քաղաքական բալանսի աղետալի խախտումը ի վնաս Հայաստանի:
 
Գագիկ Ծառուկյանն իրավացի է, պետք է այլ կերպ լիներ: Պարզապես պետք էր այդ մասին ասել այն ժամանակ, երբ լինում էր այն, ինչ լինում էր:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 598 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար