Գրականագետ Նինա Գաբրիելյանին շնորհվել է Լևոն Մկրտչյանի անվան մրցանակը

22-10-2019 18:59:43   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Հայ-Ռուսական համալսարանի Մշակույթի տանը կայացել է բանաստեղծ, թարգմանչուհի, գրականագետ Նինա Գաբրիելյանին ՀՌՀ-ի առաջին ռեկտոր Լևոն Մկրտչյանի անվան գրական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը:
 
«Մեծարելով թարգմանիչներին և նրանց կարևորագույն, հսկայական առաքելությունը՝ 2003թ.-ին Գրողներին միության հետ համատեղ հանդես ենք եկել նման մի նախաձեռնությամբ՝ մեր լավագույն և արժանավոր թարգմանիչներին համատեղ մեծարելու և պարգևատրելու առաքելությամբ: Մենք ունենք թարգմանիչներ, որոնք սրբադասվել են: Եվ այն ազգը, որը սրբադասում է թարգմանիչներին, երևի թե պետք է ունենա գործողությունների շղթա, որով վերարտադրի թարգմանիչների նկատմամբ  ազգային պատկերացումը: Նաև բարձրացնի, վեհացնի կարևորագույն այս աշխատանքը, և հատկապես մեզ համար դա կարևոր է՝ աշխարհին ներկայացնելու  համար մեր գեղեցկությունը, մեր բարձունքները, որակը», - ընդգծել է Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը: 
 
Մրցանակը Նինա Գաբրիելյանին շնորհվել է հայ բանաստեղծներին ռուսերեն թարգմանելու, ինչպես նաև խմբագրական աշխատանքի
համար:
«Շատ երախտապարտ եմ Հայ-Ռուսական համալսարանին այս մրցանակի համար: Ես Լևոն Մկրտչյանի հետ ծանոթացել եմ 1978թ.-ին: Այդ օրերին ես մասնակցում էի Արևելքի բանաստեղծ-թարգմանիչների սեմինարին և հանրահայտ պոետ-թարգմանիչ Միխայիլ Կուրգանցևն ինձ հաճախ էր ասում, որ պետք է սկսեմ թարգմանել հայկական պոեզիան: Նա ինձ ասաց, որ անպայման պետք է ծանոթանամ Լևոն Մկրտչյանի հետ: Եվ մի օր ես գնում եմ ծանոթանալու պրոֆեսորի հետ: Սկզբում մտածում էի, որ դա կլինի մի ձանձրալի և ծեր անձնավորություն, բայց երբ մտա իր սենյակ, ոտքի կանգնեց մի երիտասարդ տղամարդ և միանգամից խոսեց շատ անմիջական՝ առանց «վերևից նայելու», - պատմել է Գաբրիելյանը: 
 
Իր հերթին Լևոն Մկրտչյանի այրին՝ Կարինե Սահակյանցը, ներկաների համար կարդաց իր ամուսնու նամակը՝ ուղղված «Սովետական գրող» հրատարկչության տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆելիկյանին, որում նա շատ բարձր է գնահատել Նինա Գաբրիելյանի թարգմանչական տաղանդը: 
 
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև Նահապետ Քուչակի «Հարյուր ու մեկ հայրեն» գրքի շնորհանդեսը (վերահրատարակություն, ՀՌՀ հրատարակչություն, 2019թ.): Գրքում զետեղված են միջնադարի հայ բանաստեղծի հայրենները՝ հայերեն, գեղարվեստական անգլերեն և ռուսերեն տողացի թարգմանությամբ: 
 
«Այս գիրքը Լևոն Մկրտչյանի թարգմանությամբ առաջին անգամ լույս էր տեսել 1979թ.-ին: Գրքի մեջ, բացի Վիլյամ Սարոյանի ներածական խոսքից, տեղ էին գտել նաև հայրեններն անգլերեն թարգմանած Էվալդ Օզերսի, ինչպես նաև Լևոն Մկրտչյանի նախաբանները: Գիրքը կրկին հրատարակելու գաղափարն ինձ մոտ առաջացավ ոչ
միայն Լևոն Մկրտչյանի և Վիլյան Սարոյանի անցած տարվա հոբելյանների առիթով, այլ նաև նրա և թարգմանիչ Էվալդ Օզերսի նամակագրությունը, որի միջոցով կարելի է պատկերացում կազմել, թե ինչպես էր լույս տեսնում «անգլերեն» Քուչակը»,- ասել է Սահակյանցը: 
 
Հայ-Ռուսական համալսարանի առաջին ռեկտոր, ակադեմիկոս Լևոն Մկրտչյանի անվան գրական մրցանակը ստեղծվել է 2003թ.-ին՝ Հայ-Ռուսական համալսարանի և Հայաստանի Գրողների միության հետ համատեղ:
Տարբեր տարիներին մրցանակի դափնեկիրներ են դարձել Հրաչյա Թամրազյանը, Քնարիկ Տեր-Դավթյանը, Սեն Արևշատյանը, Մագդա Ջանփոլադյանը և Կիմ Բակշին:
 
ՀՌՀ մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 797 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար