Ոչ սակագնային միջոցառումները՝ որպես շուկա մուտքի և կայուն զարգացումը խթանելու գործիք

23-10-2019 13:50:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Ոչ սակագնային միջոցառումներն այսօր գտնվում են գլոբալ առևտրի բանակցությունների կենտրոնում՝ ազդելով համաշխարհային առևտրի գրեթե 90%-ի և մեր առօրյա կյանքի բոլոր ոլորտների վրա: 
 
ՄԱԿ-ի առևտրի և զարգացման կազմակերպության կողմից (UNCTAD) Ժնևում կազմակերպված ոչ սակագնային միջոցառումների՝ որպես շուկա մուտքի և կայուն զարգացումը խթանելու գործիքի, դասակարգման ու կարգավիճակի վերաբերյալ քննարկումներին մասնակցել է նաև ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի խորհրդական Էլվիրա Միրզոյանը: 
 
Խորհրդաժողովում քննարկվել են սակագներից դուրս առևտրային հարաբերությունների, ոչ սակագնային միջոցառումների և Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի կայուն զարգացման նպատակների փոխկապակցման, առևտրային կանոնակարգերի թափանցիկության խնդիրները, ինչպես նաև ոչ սակագնային միջոցառումների կանոնները, որոնց պահպանումը պահանջում է զգալի
ռեսուրսներ և կարգավորող համագործակցություն բազմակողմ մակարդակում:
 
Էլվիրա Միրզոյանը ներկայացրել է Հայաստանում ոչ սակագնային միջոցառումների մասին տվյալների հավաքագրման,  դասակարգման աշխատանքները և դրանց արդյունքները, որոնք շատ բարձր են գնահատվել խորհրդաժողովի մասնակիցների կողմից: Նա նշել է, որ սննդամթերքի անվտանգության պաշտպանությունը և միջազգային ստանդարտների վրա հիմնված ոչ սակագնային միջոցառումների մշակումն ու կիրառումը Հայաստանի առաջնահերթություններից է: 
 
Որպես այս խորհրդաժողովի շարունակություն, Է. Միրզոյանը Բրյուսելում մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության և Եվրամիության Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի երկրորդ նիստին, որի ընթացքում քննարկվել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի «Առևտուր և առևտրին առնչվող հարցեր»-ի ներքո համագործակցության շրջանակներում իրականացվելիք միջոցառումները և համապատասխան ճանապարհային քարտեզը: Նա ներկայացրել է մեր երկրում պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացում ՍԱՏՄ ջանքերն ու աջակցությունը, արտադրության մեջ սննդի հիգիենայի միջազգային ստանդարտների ներդրման աշխատանքները, ռիսկերի գնահատման ու ռեյթինգավորման համակարգի գործարկմանն ուղղված քայլերը: «Ներկայումս ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նախատեսում է շարունակել ոչ սակագնային միջոցառումների պարզեցման, թափանցիկության բարձրացման և մասնավոր հատվածի գիտելիքների բարելավման աշխատանքները»,- ասել է ՍԱՏՄ ղեկավարի խորհրդականը:
 
Եվրամիության պատվիրակության առողջության
և սննդամթերքի անվտանգության երկկողմ միջազգային հարաբերությունների Հայաստանի պատասխանատու Ժան Բլոեմենդալը նշել է, որ նախորդ հանդիպումներից հետո ՀՀ ԿԵ ՍԱՏՄ կատարած աշխատանքը բավականին տպավորիչ է: Նա բարձր է գնահատել վերջին մեկ տարվա ընթացքում միջազգային կառույցների հետ Տեսչական մարմնի համագործակցության ակնհայտ ակտիվացումը, ինչպես նաև այն կարևորությունը, որ հայկական կողմը տալիս է միջազգային ստանդարտների ներդրմանը: 
 
 
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 410 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար