Արա Բաբլոյանի սենսացիոն խոստովանությունը

23-10-2019 17:08:06   | Հայաստան  |  Վերլուծություն
Եթե ինձ ինչ որ բանում հնարավոր է մեղադրել, ապա Նիկոլ Փաշինյանին իշխանության գալուն նպաստելու հարցում: Այդ հայտարարությունն արել է Ազգային Ժողովի նախկին նախագահ Արա Բաբլոյանը, որը ներկայում որպես կասկածյալ ներգրավված է Հրայր Թովմասյանի գործում: Ըստ այդ գործի, Թովմասյանն օրենքը շրջանցելով «ժամանակից շուտ» դարձել է ՍԴ նախագահ, որ պաշտոնավարի ոչ թե վեց տարի, այլ մինչեւ թոշակի ժամկետ: Գործով կա մեկ կալանավորված՝ Արսեն Բաբայանը, որն այդ ժամանակ ԱԺ նախագահի աշխատակազմի ղեկավարի օգնականն էր:
 


Նիկոլ Փաշինյանին իշխանության գալուն նպաստել է իհարկե հանրությունը, եւ այդ իմաստով Արա Բաբլոյանի հայտարարությունն անշուշտ ավելի շատ հռետորական է հնչում, որովհետեւ հանրությունը մայիսի 2-ին ստիպեց, որպեսզի Արա Բաբլոյանի գլխավորած խորհրդարանը հայտարարի «ժողովրդի թեկնածուին» վարչապետի պաշտոնում հավանության արժանացնելու որոշման մասին:
 
Միեւնույն ժամանակ, ԱԺ նախկին նախագահի խոսքն անշուշտ պարունակում է քաղաքական տողատակեր, որոնք առնչվում են Հայաստանում տեղի ունեցած վերափոխումների բավական լայն շրջանակի: Եվ այդ շրջանակում Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահի պաշտոնում «ժամանակից շուտ» հայտնվելը թերեւս դրվագներից մեկն է միայն, ընդ որում ամենեւին ոչ առաջինը:
 
Իսկ առաջինը գուցե հենց ԱԺ նախագահի պաշտոնին Արա Բաբլոյանի առաջադրումն էր, որ արեց Սերժ Սարգսյանը 2017 թվականի
խորհրդարանի անաղմուկ ընտրությունից հետո: Բաբլոյանի առաջադրումը բավական անակնկալ էր, հաշվի առնելով այն, որ ՀՀԿ պատգամավորական կորպուսում եղած Բաբլոյանն այդուհանդերձ որեւէ կերպ չէր ուրվագծվել որպես պետության դե ֆակտո երկրորդ պաշտոնի հավակնորդ, լինելով առավելապես ապաքաղաքական ֆիգուր:
 
Մյուս կողմից, Սերժ Սարգսյանի համար 2017-ի խորհրդարանը ոչ թե հենարան, այլ անցումային խորհրդարան էր՝ նախագահական մոդելից խորհրդարանական մոդելի անցման: Արա Բաբլոյանի նշանակումը խորհրդանշական էր, այն էլ հատկապես նրա բժիշկ լինելու հանգամանքով:
 
Այդ իմաստով, Բաբլոյանը գործնականում Սերժ Սարգսյանի «անցումային դեսպանն» էր Հայաստանի ներքին գործընթացներում, որոնք 2018-ի մայիսից ունեցան արմատապես այլ ընթացք: Բայց, Բաբլոյանի «անցումային դեսպանի» կարգավիճակը գործնականում չփոխվեց, ինչի հատկապես վառ վկայությունն էր 2018-ի օգոստոսը:
 
Օգոստոսի 17-ի հայտնի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը չափազանց կոշտ արձագանք հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանի գործի վերաբերյալ, որի առիթով ստացվել էր նաեւ այն ժամանակ Լավրովի հայտնի արձագանքը Մոսկվայից: Փաշինյանը հայտարարեց ուղիղ ժողովրդավարության, անցումային արդարադատության մասին: Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ի ելույթում փաստացի ակնարկում էր հետհեղափոխական սիրո եւ հանդուրժողության բալանսի խախտման մասին:
 
Այդ ելույթին արձագանքեց հենց Արա Բաբլոյանը, որը նախաձեռնեց ներքաղաքական հանդիպումների շարք, գործնականում ստանձնելով այդ բալանսը վերականգնելու առաքելությունը: Բաբլոյանի խնդիրն էր խոշոր հաշվով
բանակցելով հիմնական կողմերի, առաջին հերթին վարչապետի հետ՝ հավաստիացնել, որ Ռոբերտ Քոչարյանն իր քաղաքական հավակնություններով Սերժ Սարգսյանի «բալանսում» չէ:
 
Միաժամանակ հատկանշական էր, որ այդ գործընթացի մեկնարկից գործնականում մեկ ամիս անց ԱԺ-ում հայտնի օրենսդրական նախաձեռնությամբ արագացվեց արտահերթ ընտրության գործընթացը:
 
Արա Բաբլոյանը հիշեցնու՞մ է այդ ամենում իր դերակատարումը Նիկոլ Փաշինյանին, թե հերթական անգամ է փորձում ակնարկել սիրո եւ հանդուրժողության ռազմավարական «բալանսի» մասին:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1119 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար