Գագիկ Խաչատրյանի պաշտպանները խափանման միջոցը գրավով փոխելու միջնորդություն են ներկայացրել.«Արմենպրես»

23-10-2019 18:02:42   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստի ժամանակ միջնորդել է, որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը՝ առաջարկելով 230 մլն դրամ։
 


«Արմենպրես»-ի հաղոր
դմամբ՝ այս մասին Երեմ Սարգսյանն ասաց լրագրողների հետ զրույցում և հավելեց, որ միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 12:00-ին:
 
Գագիկ Խաչատրյանը ներկա չէր դատական նիստին:
 
ՊԵԿ
նախկին նախագահի պաշտպանը Խաչատրյանի խափանման միջոցի հարցի քննության ժամանակ նաև ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանին։ Այդ միջնորդությունը դատարանը մերժել է:
 
Փաստաբանը ինքնաբացարկի միջնորդությունը ներկայացնելիս, մասնավորապես, շեշտել է այն փաստարկը, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունները քննում է նույն դատավորը։
 
«Խոսքը Խաչատրյանին պատկանող առանձնատան և այլ տարածքներում  խուզարկություններ իրականացնելու թույլատրություն տալու, նրան կալանավորելու, ինչպես նաև կալանքը երկարաձգելու միջնորդությունների մասին է»,- ասաց Սարգսյանը։
 
Անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակին՝ լրագրողների հետ զրույցում պաշտպանն ընդգծեց, որ իր պաշտպանյալը վիրահատվել է Գերմանիայում:
 
«Խաչատրյանը հետվիրահատական շրջանում էր գտնվում, երբ քննիչը Հայաստանից զանգել և կանչել է նրան: Մեր պաշտպանյալը ներկայացել է դեռ ամբողջովին առանց կազդուրվելու: Խաչատրյանի առողջական վիճակի մասին դատարանին ներկայացրել ենք հրավիրված կոնսիլիումի եզրակացությունը: Այն ուղարկել ենք նաև Գերմանիայի Դաշնության համապատասխան բժշկական կենտրոն, որտեղ հրավիրվել է մեկ այլ կոնսիլիում այլ մասնագետների և պրոֆեսորների մասնակցությամբ: Գերմանիայի բժիշկները նշել են, որ մտավախություն ունեին, որ կրկնակի վիրահատության կարիք կլինի և նրանք այժմ հաստատում են այդ փաստը: Այնտեղից պնդում են, որ այս պահին անհապաղ պետք է կրկին վիրահատել Խաչատրյանին, այլապես կարող են ավելի լուրջ խնդիրներ առաջանալ»,- ընդգծեց Երեմ Սարգսյանը:  
 
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ նիստին ներկա դատախազները, քննչական մարմնի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փաստարկները, թե ինչու Խաչատրյանը պետք է մնա կալանքի տակ:
 
«Նրանք միջնորդել են, որպեսզի ՊԵԿ նախկին նախագահի կալանքը երկարաձգվի ևս 2 ամսով»,- ասաց Սարգսյանը:
 
Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը ներկայացրել էր Ազգային անվտանգության ծառայությունը: Նա կալանավորվել է օգոստոսի 30-ին:
 
Նախկին պաշտոնյան մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ: Նրա եղբորորդին, ով ևս ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա է եղել մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ։ Ազգային անվտանգության ծառայությունը Խաչատրյանն ու նրա եղբորորդին ձերբակալվել են օգոստոսի 27-ի երեկոյան:
 
Նույն օրն ավելի վաղ Խաչատրյաններին պատկանող տարածքներում խուզարկություններ էին կատարվել: Քրեական գործը վերաբերում է Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում կատարված ենթադրյալ հանցագործության դեպքերին: Ըստ նախնական տեղեկությունների՝ ՊԵԿ-ում գրանցվել են աշխատակիցներ, որոնց աշխատավարձ է փոխանցվել, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել:
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 627 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար