Հրայր Թովմասյանն անձեռնմխելի է. ո՞ր դեպքում եւ ո՞ւմ համաձայնությամբ նա կարող է քրեական հետապնդման ենթարկվել.ՀԺ

23-10-2019 18:49:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Հրայր Թովմասյանի հետ կապված վերջին իրավական գործընթացներում ստվերվել է մի հանգամանք. ՍԴ նախագահը Սահմանադրությամբ անձեռնմխելի է: 
 


Սա նշանակում է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար անհրաժեշտ է լինելու Սահմանադրական դատարանի համաձայնությունը: Իսկ Հրայր Թովմասյանը, ինչպես հայտնի է՝ ներգրավված է երկու տարբեր իրավական գործընթացներում: Մասնավորապես, ՀՔԾ-ում պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից պետական իշխանությունը յուրացնելու առերեւույթ հանցագործության դեպքի առթիվ: Այս գործի շրջանակներում շոշափվում է նաեւ Հրայր Թովմասյանի անունը:
 
Բացի այդ, ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում՝ վերանորոգման ընթացքում թույլ տրված առերեւույթ յուրացումների եւ չկատարված աշխատանքները պաշտոնատար անձանց կողմից ընդունելու դեպքերի առթիվ: Այս գործով որպես վկա բացատրություններ են տվել Թովմասյանի հարազատները, սակայն Ազգային անվտանգության ծառայությանը դեռեւս չի հաջողվել կապ հաստատել Հրայր Թովմասյանի հետ:
 
Փաստաբան Նորայր Նորիկյանին խնդրեցինք պարզաբանել, որ եթե այնպես ստացվի՝ անհրաժեշտ լինի Թովմասյանի բացատրություն տալը կամ հարցաքննվելը՝ հնարավո՞ր է նրան հարցաքննության «բերել»:
 
Նորիկյանն ասաց, որ ՍԴ նախագահին բացատրության կամ հարցաքննության հրավիրելու համար իրավասու մարմինները Քրեադատավարական օրենսգրքով սահմանված կարգով կարող են ծանուցագիր ուղարկել
եւ տեղեկացնել որոշակի քննչական գործողությունների ներկայանալու անհրաժեշտության մասին: «Բայց անձին հարցաքննության կանչելը, որպես վկա հարցաքննելը դեռ չի նշանակում, որ անձի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: Շատ կարեւոր է դատավարական կարգավիճակները հստակեցնելը: Քանի դեռ Հրայր Թովմասյանը չունի կարգավիճակ եւ նրան մեղադրանք չի առաջադրվել, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է հարցաքննվել որպես վկա»,- ասաց Նորիկյանը:
 
Ծանուցագրով չներկայանալու պարագայում՝ ըստ փաստաբանի, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է անձին բերման ենթարկելու հիմքերը: Հենց այս պարագայում է, որ կաշկանդող հանգամանք կարող է հանդիսանալ անձեռնմխելիությունը:
 
ՀՀ Սահմանադրության 164-րդ հոդվածով, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքներով սահմանված կարգով իր լիազորությունների հետ կապված քրեական հետապնդում իրականացնելու համար անհրաժեշտ է Սահմանադրական դատարանի համաձայնությունը:
 
Այս կապակցությամբ Նորիկյանն ասաց, որ եթե վարույթն իրականացնող մարմինը հանգի հետեւության, որ ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար հիմք է հանդիսանում ՍԴ անդամի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար՝ այդ հարցով պետք է դիմի ՍԴ: 
 
«Նկատի ունենալով, որ Սահմանադրական դատարանի անդամի նկատմամբ քրեական վարույթի ողջ ընթացքում դատավարական հսկողություն իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազը, ապա այդպիսի զարգացման պայմաններում գլխավոր դատախազը պետք է միջնորդությամբ դիմի Սահմանադրական դատարանին՝ ՍԴ այս կամ այն անդամի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնություն ստանալու թույլտվության վերաբերյալ»,- բացատրեց փաստաբանը:
 
Սակայն չի բացառվում, որ Սահմանադրական դատարանի 7 անդամները (ՍԴ ամբողջ կազմը՝ բացի Վահե Գրիգորյանից) հանդես գան Հրայր Թովմասյանի շահերից, այսինքն նրա նկատմամբ հետապնդում իրականացնելու համաձայնություն չտան: Հիշեցնենք, որ վերջերս նրանք հայտարարությամբ էին հանդես եկել՝ ընդգծելով, որ հետեւում են Հրայր Թովմասյանի եւ նրա ընտանիքի անդամների հետ կապված զարգացումներին եւ կարձագանքեն ըստ անհրաժեշտության։ Նորայր Նորիկյանից հետաքրքրվեցինք՝
եթե ՍԴ անդամները չտան համաձայնություն, արդյո՞ք այլ ընթացակարգ կա Թովմասյանին բերման ենթարկելու: Ի պատասխան՝ փաստաբանն ասաց.
 
«Մեր Սահմանադրությունը ուրիշ իրավակարգավորում չի նախատեսում Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, քան ՍԴ համաձայնությունը: Եթե ՍԴ-ն չտա համաձայնություն քրեական հետապնդում իրականացնելու մասով՝ ՍԴ որեւէ անդամի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող իրականացվել: Բայց եթե այդպիսի զարգացում լինի եւ Սահմանադրական դատարանը բավարար հիմքերի առկայության դեպքում չտա համաձայնություն քրեական հետապնդում իրականացնելու համար, ես գտնում եմ, որ պայթյուն տեղի կունենա, դրանով կհիմնավորվի, որ Սահմանադրական դատարանը ակնհայտ սուբյեկտիվ դիրքորոշում է դրսեւորում այս հանգամանքի վերաբերյալ»:
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 961 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար