Նախարարների աշխատավարձերի բարձրացումը գաղտնի չի եղել, բյուջետային քննարկումների ժամանակ դուք իմացել եւ քվեարկել եք.ՀԺ

23-10-2019 18:05:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Որոշ սուբյեկտների աշխատավարձը բարձրացել է, ոմանցը՝ իջել, եւ որոշման անկյունաքարային նշանակությունը դրա մեջ է։ Այս մասին այսօր՝ Ազգային ժողովում, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, որը վերաբերում էր նախարարների ու փոխնախարարների աշխատավարձերը բարձրացնելու՝ վարչապետի գաղտնի հանձնարարականին։
 


Մարուքյանը մասնավորապես հարցրեց․
 
 
«Պարոն վարչապետ, «Հետք» էլեկտրոնային պարբերականը հրապարակեց տեղեկատվություն, որ, վարչապետի գաղտնի հանձնարարականով, բարձրացվել են նախարարների աշխատավարձերը, ըստ այդմ՝ նախարարները պետք է ստանան 1,5 մլն դրամ, փոխնախարարները՝ 1 մլն, մարզպետները՝ 900 հազար դրամ։ Ըստ էության՝ դուք շրջանցել եք օրենքը եւ
բարձրացրել եք երեք սուբյեկտների աշխատավարձեր, իսկ դա տեղի է ունեցել առանց խորհրդարանի։ Չի կարող կառավարությունն ինքն իր աշխատավարձը բարձրացնել, եւ խնդիր է գաղտնիությունը»,- ասաց Մարուքյանը՝ վարչապետից հետաքրքրվելով, թե ինչու է այդպես որոշվել եւ ինչու օրենքը նախ չի բերվել խորհրդարան։
 
Վարչապետն արձագանքեց, որ նախորդ տարվա պարգեւատրումային սկանդալից հետո բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել, այդ թվում՝ ԱԺ դահլիճում, եւ արձանագրվել է, որ կա որոշակի դիսպրապորցիա։
 
Փաշինյանն ընդգծեց, որ նախարարների աշխատավարձերը բարձրացնելու գործընթացը տեղի է ունեցել հրապարակային, երբ 2019 թվականի բյուջեի քննարկումների արդյունքում որոշվել է բոլոր մարմիններում սահմանել 30 տոկոս պարգեւատրումային ֆոնդ, եւ նշյալ պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացել են հենց այդ հիմքով։
 
«Բյուջետային քննարկումների ժամանակ դուք սա իմացել եւ քվեարկել եք դրա օգտին։ Ես այս ամբիոնից պարգեւատրումային սկանդալի ժամանակ պաշտպանել եմ դիրքորոշումը, որ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, բացի դա, այս ամբիոնից հայտարարել եմ, որ ԱԱԾ, ոստիկանության եւ այլ մարմիններում պարգեւավճարներով բարձրացրել ենք աշխատավարձերը։ Հիմա, որ ասում եք՝ առանց օրենքի փոփոխության, ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում այս պարգեւատրումային ֆոնդերը նախատեսված են եղել»,- բացատրեց վարչապետը՝ նշելով, որ պաշտոնյաների աշխատավարձերը չեն բարձրացել՝ «ուրիշ տեղից փող կտրելով»։
 
Մարուքյանն ասաց, որ Փաշինյանի հայտարարությունների մեծ մասի հետ համաձայն է, սակայն նկատեց, որ սահմանված գումարը 30 տոկոսից բարձր է, իսկ գործընթացը գաղտնի է եղել։
 
Փաշինյանը կրկնեց, որ գործընթացը գաղտնի չի եղել, բայց, բացի այդ, նախարարի վճարման գաղտնիության մասին խոսելը տեղին չէ, քանի որ նա ամեն տարի եկամուտների հայտարարագիր է լրացնում, որը
հասանելի է լինում բոլորին՝ 24 ժամ․
 
«Ցանկացած մարդ, որն ունի հաշվիչ կամ լավ է մաթեմատիկայից, կարող է հայտարարագրում նշված թիվը բաժանել 12-ի, տեսնել՝ ինչ աշխատավարձ է ստացել, իսկ գաղտնիության ռեժիմը, հանձնարարականը զուտ ներքին աշխատանքային, ընթացակարգային հարցեր են եղել»,- ասաց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ նախարար կա՝ երեք նախարարի աշխատանք է անում, քանի որ մի նախարարության մեջ այսօր արդեն մի քանիսն են ներառված։
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 864 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար