Տնտեսական բարեփոխումների արդյունքում Հայաստանը հայտնվել է եկամտաբերության ձգտող ներդրողների տեսադաշտում

11-11-2019 12:09:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


Երբ Հայաստանի Հանրապետությունը երկու ամիս առաջ իրականացրեց նոր եվրապարտատոմսերի տեղաբաշխում, պահանջարկը չորս անգամ գերազանցեց առաջարկը՝ ընդգծելով բացասական տոկոսադրույքների աշխարհում եկամտի ձգտող ներդրողների շրջանում նախկին ԽՍՀՄ փոքր հանրապետության նոր ձեռք բերած գրավչությունը: 
 
Անցյալ տարի
տեղի ունեցած բողոքի խաղաղ ակցիաներից հետո, որոնց արդյունքում ձևավորվեց բարեփոխումների միտված կառավարություն, Հայաստանի տնտեսությունը սկսել է աճել ավելի արագ, քան նավթով հարուստ հարևան Ադրբեջանը՝ բարձրացնելով ներդրողների պատրաստակամությունը փոխառություն տրամադրել դեպի ծով ելք չունեցող երեք միլիոնանոց ժողովրդին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ընդունել է բարեփոխումների մի ծրագիր, որի նպատակն է հզորացնել Հայաստանի ինստիտուտները և օրենքի գերակայությունը, բարելավել գործարար միջավայրը և խստացնել կոռուպցիայի դեմ պայքարը:
 
Ծրագիրը նախատեսում է առաջիկա չորս տարում ներդրումների տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) մեջ հասցնել 23-25 տոկոսի
՝ ներկայիս շուրջ 20 տոկոսի փոխարեն, և արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը 37 տոկոսից հասցնել 43-45 տոկոսի:
«2018 թվականի հեղափոխությունից հետո հույսեր են առաջացել, որ նոր կառավարությունը վճռականորեն առաջ կշարժվի կառուցվածքային բարեփոխումներով և, մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարով», - «Reuters» գործակալությանը հայտնեց Barclays-ում զարգացող Եվրոպայի մասով տնտեսագետ Լիզա Երմոլենկոն:
 
«Մինչ այժմ կառավարությունը շարժվում է ճիշտ ուղղությամբ՝ ամրապնդելով այդ հույսերը, որի ապացույցն է տարվա սկզբին ընդունված կառավարության ծրագիրը»:
 
Սեպտեմբերին Հայաստանը երրորդ անգամ մուտք գործեց միջազգային կապիտալի շուկա՝ տեղաբաշխելով 500 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով 10 տարի մարման ժամկետով եվրապարտատոմսեր, որի դիմաց պահանջարկը կազմեց ավելի քան 2 միլիարդ ԱՄՆ դոլար: Միաժամանակ Հայաստանը հետ գնեց 2013 թվականին թողարկած իր առաջին եվրապարտատոմսերի մեծ մասը, որոնք ենթակա են  մարման 2020 թվականի սեպտեմբերին: 
 
Հայաստանի Հանրապետության 2025 թվականին մարվող եվրապարտատոմսերի եկամտաբերությունը կազմում է 3.9 տոկոս, ինչը փոքր-ինչ բարձր է Ադրբեջանի և Ուզբեկստանի 2024 թվականին մարվող պարտատոմսերի համապատասխան ցուցանիշներից՝ համապատասխանաբար 3.3 և 3.5 տոկոս: JPMorgan-ի զարգացող շուկաների պարտատոմսերի ինդեքսում Հայաստանի եվրապարտատոմսերի գինը տարեսկզբից աճել է մոտ 14 տոկոսով`  Վրաստանի եվրապարտատոմսերի գնի 9,4 տոկոս աճի համեմատ:
 
«Հայկական պարտատոմսերն այս տարի գերազանցեցին տարածաշրջանի նմանօրինակ պարտատոմսերից շատերին, ինչը նշանակում է, որ ներդրողները ակնհայտորեն վստահում են շարունակական բարեփոխումներին», - «Reuters» գործակալությանը ասել է «ՎՏԲ Կապիտալ»-ի ֆիքսված եկամտի ստրատեգ Իգոր Ռապոխինը:
 
Հաշվի առնելով զարգացած աշխարհի մեծ մասում գրանցված ռեկորդային ցածր եկամտաբերությունը՝ գումար ներդնելու համար շատ ներդրողներ փորձեցին գտնել ավելի ռիսկային զարգացող շուկաներ: Ի տարբերություն բազմաթիվ խոշոր զարգացող շուկաների, ինչպիսիք են Թուրքիան կամ Հարավային Աֆրիկան, որոնք գտնվում են որոշակի անկայուն վիճակում, ֆոնդերի կառավարիչների ուշադրությունը գրավում են բարեփոխումներ իրականացնող փոքր երկրները:
 
ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ
 
2019 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը կազմել է 6,5 տոկոս նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս շաբաթ Կենտրոնական բանկը ընթացիկ տարվա ՀՆԱ-ի աճի իր կանխատեսումը 4.9 տոկոսից բարձրացրել է մինչև 6,9-7,1 տոկոս՝ պայմանավորված արդյունաբերության և ծառայությունների ոլորտների դրական միտումներով:
 
Հայաստանը Խորհրդային Միության փլուզումից ի վեր մեծապես հենվել է հանքարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա, սակայն նախորդ տարվա 5,2 տոկոս աճին նպաստող հիմնական ոլորտները եղել են զբոսաշրջությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները և թեթև արդյունաբերությունը, օրինակ՝ տեքստիլ արդյունաբերությունը:
 
Երկիրը դեռևս մեծապես կախված է կայսերական ավանդույթները դեռևս պահպանող Ռուսաստանի աջակցությունից և ներդրումներից, որի տնտեսական անկումը վերջին տարիներին բացասաբար է ազդել Հայստանի արտահանման, ինչպես նաև Ռուսաստանում աշխատող հայերի կողմից կատարվող դրամական փոխանցումների վրա, սակայն պաշտոնյաներն ասում են, որ դրամական փոխանցումների հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ աստիճանաբար նվազում է:
 
Ինչպես նախորդ ամիս «Ռոյթերս»-ին ասել է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, երկու ամսից ուժի մեջ մտնող հարկային բարեփոխումները հետագա խթան կհանդիսանան տնտեսության համար:
 
Հաջորդ տարի Հայաստանը շահութահարկը 20 տոկոսից կնվազեցնի մինչև 18 տոկոս, կներդնի համահարթ եկամտհարկ 23 տոկոսի չափով և կավելացնի ծխախոտի և ալկոհոլի տուրքերը: Տարեկան 50,000 դոլարից պակաս շրջանառություն ունեցող մասնավոր ձեռնարկությունները կունենան զրոյական հարկեր: 
 
«Moody's» համաշխարհային վարկանշավորող գործակալությունը օգոստոսին բարձրացրեց Հայաստանի սուվերեն վարկանիշը B1-ից Ba3՝ նշելով, որ կարևոր է պահպանել բարեփոխումների տեմպը:
 
Պաշտոնյաների և փորձագետների կարծիքով՝ ակնկալվում է, որ 2020 թվականին տնտեսական աճը կդանդաղի, քանի որ Հայաստանին պետք են ավելի շատ կառուցվածքային բարեփոխումներ՝ ավելի մրցունակ դառնալու համար:
 
«Տնտեսական աճն ունի տատանողականություն և հիմնվում է նեղ բազայի վրա՝ արտացոլելով դանդաղ անցումը դեպի մրցունակ մասնավոր հատվածի կողմից առաջ մղվող տնտեսություն», - «Reuters» գործակալությանն ասել է Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Յուլիա Ուստյուգովան: 
 
 «Կանխատեսվում է, որ առաջիկա տարիներին տնտեսական աճը կկայունանա  ՝ մոտ 4,5-5 տոկոսի սահմաններում, - ասել է նա՝ հավելելով, - Աճի ներուժի բարձրացումը պահանջում է կառուցվածքային բարեփոխումներ»:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 283 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար