Վարչապետ Փաշինյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին. քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր

11-11-2019 13:38:30   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:  
 

Ողջունելով ՌԴ ԱԳ նախարարին Երևանում՝ ՀՀ կառավարությունում, վարչապետը նշել է. «Վերջին անգամ Դուք պաշտոնական այցով Հայաստանում եղել եք երկու տարի առաջ, այս ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ: Ցանկանում եմ նշել, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունները նոր դինամիկա են ստացել: Հայաստանի վարչապետ ընտրվելուց հետո ես բազմիցս հանդիպել եմ Ռուսաստանի Դաշնության նախագահի, վարչապետի հետ: Վերջին 1.5 տարվա ընթացքում հնարավորություն եմ ունեցել Երևանում հյուրընկալելու ՌԴ նախագահին, վարչապետին, վերջերս Հայաստան ժամանեց ՌԴ Պաշտպանության նախարարը, շատ բարձրաստիճան պաշտոնյաներ են ժամանում, և իրոք մեր հարաբերություններում, կարծում եմ, կա նոր դինամիկա: Վերջերս մենք համաձայնություն ձեռք բերեցինք, որ եկող տարի կկայանա իմ պաշտոնական այցը Ռուսաստան, որին կհաջորդի ՌԴ նախագահի պաշտոնական այցը Հայաստան»: 
 
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում ունեցել է արդյունավետ նախագահություն՝ հիշեցնելով, որ վերջերս Երևանում տեղի է ունեցել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը: «Կարծում եմ՝ այն աննախադեպ միջոցառում էր իր մասշտաբներով: Ուրախ եմ, որ մեր նախագահության ընթացքում պայմանագիր ստորագրեցինք Սինգապուրի, Սերբիայի հետ, ուժի մեջ
մտան Իրանի հետ ստորագրված Ազատ առևտրի մասին համաձայնագիրը, նաև Չինաստանի հետ պայմանագիրը: Այս համատեքստում, բավականին լավ զարգանում են մեր տնտեսական հարաբերությունները և մենք հույս ունենք, որ այս տարի առևտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի, ինչը բավականին լավ արդյունք է: Այս ամենը ստեղծում են շատ կարևոր ազդակներ՝ մեր երկրների միջև ռազմավարական, դաշնակացային հարաբերությունների հետագա զարգացման համար: Վստահ եմ, որ Ձեր այցը նոր ազդակ կհաղորդի մեր դաշնակցային հարաբերություններին, և իհարկե, ինչպես Դուք վերջերս հայտարարեցիք, ես նույնպես շատ մեծ օպտիմիզմով եմ նայում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը: Ուրախ եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ Երևանում»,- նշել է վարչապետը: 
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սերգեյ Լավրովը  վարչապետին է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի ջերմ ողջույնները և ընգծել տարբեր գերատեսչությունների գծով Հայաստանի ու Ռուսաստանի միջև սերտ շփումների փաստը: «Ռուսաստանի նախագահի հետ Դուք այս տարի հանդիպել եք 4 անգամ, նույնքան էլ ՌԴ կառավարության ղեկավարի հետ: Մենք շատ սերտ և ինտենսիվ շփումներ ունենք տնտեսական գերատեսչությունների գծով: Ինչպես Դուք նշեցիք, շատ սերտ համագործակցում են նաև մեր մյուս գերատեսչությունները, ինչը նպաստում է դաշնակցային հարաբերությունների հետագա ընդլայնմանը: Վերջերս Հայաստանում էին մեր պաշտպանության նախարարը, առողջապահության նախարարը, Պետական Դումայի նախագահը, այնպես որ բոլոր ուղղություններով շատ սերտ շփումներ ունենք»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը՝ ավելացնելով, որ առաջիկայում տեղի է ունենալու հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումը, նախապատրաստվում է նաև երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստը: 
 
«Ուրախ ենք, որ զարգանում է նաև երկկողմ առևտրաշրջանառությունը, այն շարունակ աճում է: Ռուսաստանը Հայաստանի տնտեսական առաջատար գործընկերն է, Հայաստանի տնտեսության մեջ առաջին ներդրողը: ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում մեր համագործակցությունը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում և մենք շնորհավորում ենք Հայաստանին՝ ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության կապակցությամբ: Մի քանի շաբաթից Բիշքեքում տեղի կունենա ևս մի կարևոր միջոցառում՝
ՀԱՊԿ գագաթնաժողովը, որտեղ ևս պետք է առաջ մղենք մեր փոխգործակցությունը՝ կապված ռազմաքաղաքական անվտանգության և դաշնակցային համագործակցության հետ»,- ասել է Սերգեյ Լավրովը:
 
Հայաստանի վարչապետն ու ՌԴ ԱԳ նախարարը քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր, որոնք վերաբերել են քաղաքական և տնտեսական համագործակցությանը: 
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: 
 
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ռուսաստանի կարևոր դերակատարությունը  տարածաշրջանում անվտանգության, կայունության և խաղաղության պահպանման գործում: 
 
Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը և հումանիտար ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը՝ համակարմտության կողմերի միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորման առումով:    
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 302 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար