Կմշակվի ծառերի խնամքի մեկ ընդհանուր հայեցակարգ՝ ողջ Երևանի համար

11-11-2019 14:50:54   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հոկտեմբերի 21-ից մայրաքաղաքում մեկնարկել է աշնանային էտը: Երբեմն ծառերի էտը անհանգստացնում է բնակիչներին՝ տպավորություն ստեղծելով, թե ծառերը հատվում են կամ դրա հետևանքով վնասվում:
 


«Մենք տեղազննում ենք կատարում, արդյունքները ներկայացնում բնապահպանության վարչություն, փորձագետները մոտենում են, միասին նայում ենք, տալիս են եզրակացություն՝ ենթակա՞ է
ծառը հատման, թե՞ երիտասարդացման, և որոշումից հետո նոր շարունակում ենք գործընթացը»,- նշում է «Արաբկիր կամար» ՓԲԸ տնօրեն Հովսեփ Հովսեփյանը:
 
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչությունը վարչական շրջանների առջև պահանջ է դրել. խոր էտի են ենթարկվում միայն ծեր և վթարային ծառերը:
 
«Ընդհանուր առմամբ աշնան ընթացքում նախատեսված է շուրջ 7000 ծառ ենթարկել էտի: Ասեմ նաև, որ էտի տարբեր եղանակներ են ներկայումս կիրառվում. ձևավորման էտ, սանիտարական էտ, կանաչ էտ և խոր էտ»,- ասում է գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Սուրեն
Մաքսապետյանը:
 
«Ընդհանրապես խոր էտ կատարվում է այն ժամանակ, երբ տվյալ տեսակի ծառը գերհասունանում է և գագաթից սկսում չորանալ, այսինքն՝ դրա և արմատի կումուլիատիվ կապը խախտվում է: Դա իրականում կոչվում է երիտասարդացում, որը մեզ մոտ ընդունված է անվանել «խոր էտ»»,- իր հերթին նշում է կենսաբանական գիտությունների թեկնածու Արծվին Գրիգորյանը:
Իրականացնե՞լ խորը էտ, թե՞ ոչ: Այս հարցում մասնագետները միակարծիք չեն: Երևանի քաղաքապետարանում հրավիրված բազմակողմ քննարկումը միասնական լուծում գտնելու նպատակով էր:
 
«Բնակիչը դիմել է՝ պետք է կտրենք, բայց այդ ծառը երեք տարի առաջ էտի է ենթարկվել: Ես կցանկանայի հետագա աշխատանքներում սա հաշվի առնենք»,- ասում է գյուղատնտես Մելս Գալստյանը:
 
Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի ժ/պ Գևորգ Նավասարդյանն էլ ասում է. «Ցանկացած հատման ենթակա ծառի պարագայում կցվում է նկարը, նոր միայն պատասխան տրամադրվում բնակչին: Այստեղ մոտեցումը ամեն մի ծառի վերաբերյալ է»:
 
«Ծառը հավասարակշռության սկզբունքով է աշխատում, չի կարելի վերցնել և հեռացնել որոշակի մասը սաղարթի և թողնել այդ բունն այդպես տկլոր: Արմատային համակարգը չի հասկանում, թե ընդհանրապես որտեղից է նա վերականգնվելու և սնուցվելու, որովհետև տերևներից է ծառը սնուցում ստանում: Մենք պետք է միասին նստենք և հասկանանք՝ ինչ է պետք անել, և գուցե մեր քաղաքացիներին էլ իրազեկենք, որ 30 տարվա սխալ աշխատանքի հետևանքով արդեն ստեղծվել է այդ իրավիճակը, և մենք հայտնվել ենք այնպիսի մի իրավիճակում, որ միգուցե էտը պետք է կիրառենք a, b, c, d իրավիճակներում»,- նկատում է բնապահպանական գիտությունների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը:
 
Մի շարք փողոցներում գարնանը բոլոր ծառերն են խոր էտի ենթարկվել, այսօր արդեն պատկերն այսպիսին է:
 
«Հրաչյա Քոչար փողոցի այն հատվածում, որտեղ գարնանը կատարել ենք խոր էտ, տեսեք, թե ինչ սաղարթ է ձևավորված»,- նշում է Սուրեն Մաքսապետյանը:
 
Մասնագետների մոտեցումը հստակ է նաև մայրաքաղաքում առկա չորացած և վթարային ծառերի պարագայում: Աշնանային էտի ընթացքում կհատվի շուրջ 250 ծառ:
 
«Սանիտարական հատումն էլ է պետք, որովհետև, եթե դրանք չկատարենք կամ որոշ դեպքերում խոր էտ չիրականացնենք, կարող են վատ իրադրությունների ականատեսը դառնալ. ծառերի տապալում, կոտրված ճյուղեր…»,- ասում է Արծվին Գրիգորյանը:
 
Երևանում էտին զուգահեռ կգույքագրվեն նաև բոլոր խնդիրները: Կստեղծվի ոլորտի մասնագետներից կազմված աշխատանքային խումբ, որն էլ կմշակի ու կներկայացնի ծառերի խնամքի մեկ ընդհանուր հայեցակարգ՝ ողջ քաղաքի համար:
 
Աշնանային էտը կշարունակվի մինչև դեկտեմբերի 25-ը:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 298 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար