Համայնքը կարող է բոյկոտել Պոլսի պատրիարքի ընտրությունը

12-11-2019 11:56:23   | Հայաստան  |  Հարցազրույցներ
Lragir.am-ի  զրուցակիցն է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը
 


 
Պարոն Մելքոնյան, Պոլսո համայնքը համաձայն չէ իրեն առաջարկվող մոտեցումներին և դիմել է դատարան՝ կապված Պոլսո պատրիարքի ընտրության հետ։ Ինչպես երևում է, մեծ ակնկալիքներ չկան նաև դատարանից, և չի բացառվում, որ համայնքում կբոյկոտեն այդ ընտրությունները։ Ի՞նչ ելք կարող է լինել այս պայմաններում, և եթե համայնքը բոյկոտի ընտրությունները, ստացվում է, որ մենք էլի չե՞նք ունենալու պատրիարք։
 
 
Համայնքի որոշակի շրջանակներում, իհարկե, կան ապատիկ տրամադրություններ, որովհետև տարիներ շարունակ ձգձգված ընտրությունները, փաստորեն, հանգուցալուծվում են ամենևին ոչ դրական ելքով, քանի որ բացակայում է այդ ընտրություններում մրցակցայնության սկզբունքը, չկա ծրագրային բանավեճ, չկան այն թեկնածուները, որոնք կցանկանային մասնակցել։ Նրանք չունեն այդ հնարավորությունը, իսկ եղած թեկնածուներն էլ չափից ավելի ծանոթ են համայնքին և համայնքի որոշակի շրջանակների համար, թերևս, այդքան էլ ընդունելի չեն։ Բայց կա նաև այն երևույթը, որ հերթական անգամ թուրքական պետությունն ու հայ համայնքի որոշակի շրջանակներ համագործակցաբար խլում են հայ համայնքի իրավունքը, որն ամրագրված է տարբեր միջազգային փաստաթղթերով։ Սա նաև ունի որոշակի ընդհանուր վիրավորվածության բնութագրում, քանի որ բացի ընտրություններից, այստեղ հերթական անգամ համայնքային ընդհանուր ինքնությունը ենթարկվում է հարձակման։
 
Ինչ վերաբերում է իրավական հետևանքներին, ապա համայնքում որոշ շրջանակներ փորձում են իրավական ուղիով գնալ, և կա դիմում դատարան՝ չեղարկելու այդ փոփոխությունները։ Դրանց օրինականությունն են վիճարկում, և որպես դրա տրամաբանական հետևանք կա ընտրությունները բոյկոտելու ցանկություն։  Ընդ որում, այդ բոյկոտողների մեջ բավական մեծ թիվ են կազմում երիտասարդները, որը մի կողմից ուրախալի է, որ համայնքի երիտասարդության մեջ կա նման ըմբոստություն և մոտեցում, բայց մյուս կողմից մտահոգիչ է, քանի որ հիասթափվածությունը նաև վերաբերելու է համայնքի երիտասարդ շերտին։ Հետևաբար, նաև համայնքի խնդիրները շարունակելու են մնալ անհանգստացնող նաև երիտասարդության շրջանում։
 
Ինչ վերաբերում է  բոյկոտի հետևանքին, ապա սա նույնպես իրավական թնջուկ է, թե քանի տոկոս մասնակցության պարագայում ընտրությունները կարող են համարվել լեգիտիմ։ Տարբեր մոտեցումներ կան, բայց եթե բոյկոտը ավելի մեծ ծավալներ ընդգրկի, ինչը շատ հավանական է, այդ ընտրությունները գոնե համայնքի ընկալման տեսանկյունից համարվելու են ոչ լեգիտիմ։ Դա էլ ավելի ցավալի է, երբ նայում ենք, որ այդ ընտրությունները վերաբերում են հոգևորականի։ Ցավալի է, որ այդ երկու հոգևորականները՝ Արամ Աթեշյանն ու Սահակ Մաշալյանը, այս ամենն անտեսելով այնուամենայնիվ փորձում են գնալ ընտրությունների։ Իրենք էլ տեսնում են, որ համայնքի մի վճռորոշ մաս բոյկոտում է և չի ուզում մասնակցել այդ ընտրություններին։ Նրանք երկուսն էլ բարձրաձայն կամ կիսաբարձրաձայն հայտարարում են, որ բոյկոտի խնդիրը կա։ Երևի թե իրենց պետք է հռետորական հարց ուղղել, թե նման ընտրությունների պարագայում իրենք իրենց համարելո՞ւ են լեգիտիմ ընտրված պատրիարք, թե ոչ։ Ես կարծում եմ, որ եթե նրանց մեջ կա վճռականություն համայնքային խնդիրները լուծելու, ապա նրանք պետք է անսան մեր ամենատարեց և փորձառու հոգևորականներից մեկի՝ Գարեգին Բեկչյանի կոչին և դուրս գան ընտրություններից, այսպիսով չեղարկել այդ պրոցեսը և փորձել վերականգնել այն կանոնադրությունը, այն օրենքները, որոնք եղել են մինչ այս։ Համենայնդեպս, ինչպես տեսնում ենք իրենց գործունեությունից, նրանք ակտիվորեն լծված են ընտրապայքարի, իսկ այդ ընտրապայքարը ևս մեկ հաստատուն քայլ է դեպի համայնքի և Հայոց պատրիարքության կործանում։
 
Թուրքիայի իշխանությունը կոնկրետ նպատակներ է հետապնդում նման կանոնադրություն հրամցնելով։ Ինչո՞ւ ի վերջո չեղավ Էջմիածնից արձագանք ստեղծված իրավիճակին։
 
Բնականաբար, Բարձրագույն հոգևոր խորհրդի նիստում այդ հարցը քննարկվել է Էջմիածնում, և Սահակ Մաշալյանը թերևս ներկայացրել է որոշ պարզաբանումներ։ Էջմիածինը չի միջամտում նաև իրավական առումով, քանի որ խնդիրը գտնվում է թուրքական իշխանությունների և Պոլսո Աթոռի հարաբերությունների տիրույթում։ Էջմիածնի միջամտությունը միգուցե ոչ միայն ազդեցություն չունենա, այլ նաև իրավական առումով  թույլատրելի չլինի։ Ենթադրում եմ, որ դա է Մայր Աթոռի մոտիվը շատ ակտիվ հրապարակային չարձագանքելու այս խնդրին։ Այնուամենայնիվ, սա լոկ կազմակերպչական խնդիր չէ։ Սա խնդիր է, որ կազմակերպչականից շատ արագ վերածվում է բարոյահոգեբանականի։ Այսինքն համայնքի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա դա ազդում է, իսկ համայնքի համար պատասխանատու է նաև Մայր Աթոռը, Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ի վերջո, նրանք մեր Առաքելական եկեղեցու հետևորդներն են և այն, ինչ տեղի է ունենում պատրիարքությունում, ուղղակի ու անուղղակի վերաբերվում է նաև Մայր Աթոռին։ Սակայն ստեղծված իրավիճակում ենթադրում եմ, որ այս պահին փորձում են ոչ հրապարակային մեթոդներով հասկանալ իրավիճակը և գտնել լավագույն լուծումը, բայց ես կարծում եմ, որ լավագույն լուծում բացառվում է։ Եթե ընտրությունները այս կերպ գնան, դա ամեն դեպքում պարտություն է։ Եթե նույնիսկ դա հաղթանակ է, դա պյուռոսյան հաղթանակ է թեկնածուներից յուրաքանչյուրի համար։
 
Կարո՞ղ ենք արձանագրել, որ այս տարի անկախ ամեն ինչից կունենանք պատրիարք՝ հաշվի առնելով, որ Պոլսո համայնքը երբեք էլ միասնական դիրքորոշում չի ունեցել պատրիարքի ընտրությունների հետ կապված։
 
Ցանկացած ընտրություն, բնականաբար, բերում է խմբավորումների ի հայտ գալուն։ Բնական է, որ նախորդ ընտրություններում էլ համայնքը պայմանական ասած պառակտվել է՝ համախմբվելով տարբեր թեկնածուների շուրջը։ Բայց այս անգամ այդ պառակտումը չէ, սա ուրիշ ոճի պառակտում է։ Ոչ թե համայնքը պառակտվել է, մի մասը պաշտպանում է Մաշալյանին, մի մասը՝ Աթեշյանին, թեև նման խմբեր էլ կան, այլ համայնքը պառակտվել է շատ կարևոր մի հարցի շուրջ, համայնքի մի մասը իրեն համարում է խաբված, վիրավորված։ Ոչ թե ուզում է  այս կամ այն թեկնածուին պաշտպանել, այլ ուղղակի ուզում է բոյկոտել այդ ընտրությունները, ինչը նախկինում գրեթե չի հանդիպել։
 
Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ապա եթե մասնակցությունը լինի այնքան, որ դա համարվի լեգիտիմ, ապա կարող ենք ասել, որ մենք դեկտեմբերին կունենանք պատրիարք, բայց դա կլինի՞ արդյոք այս թնջուկի լուծում, դա կլինի՞ հաղթանակ, ես այդ հարցում խորը վերապահումներ ունեմ։ Ինչպես հայտնի երգում է ասվում՝ մենք հաղթեցինք պատերազմում, սակայն պարզվում է՝ պարտվեցինք։ Ենթադրում եմ, որ այդպիսի ավարտ են ունենալու պատրիարքի ընտրությունները։
 

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

 

շրջանում։   Ինչ
կապված։   Ցանկացած
Նոյյան տապան   -   Հարցազրույցներ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 525 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար