Սերժ Սարգսյանը սկսել է. նրա առաջին քայլը

12-11-2019 13:41:49   | Հայաստան  |  Վերլուծություն
ԱՄՆ դեսպանի հետ նոյեմբերի 6-ին տեղի ունեցած հանդիպմանը Սերժ Սարգսյանը խոսել էր քաղաքական պոպուլիզմին իրական ժողովրդավարությունը հակադրելու մասին: Դրանից մի քանի օր անց Սերժ Սարգսյանը ՀՀԿ կուսակցական աշխատաժողով էր կազմակերպել Ծաղկաձորում, քաղաքական պոպուլիզմի թեմայով:
 


Առերեւույթ թվում է, կա նույնիսկ համոզում, որ Սերժ Սարգսյանը այդպիսով ընդդիմանում է Հայաստանի նոր իշխանության
ը, որի գործունեությունը քաղաքական պոպուլիզմի դրսեւորում կամ ընդհանրապես քաղաքական պոպուլիզմի հաղթանակ են որակել թե ՀՀԿ տարբեր ներկայացուցիչներ, թե նախկին իշխող համակարգի այլ շրջանակներ:
 
Սակայն, օրինակ, երբ 2008 թվականին Սերժ Սարգսյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր
, որ Հայաստանը սկսում է նոր ատոմակայանի, Հայաստան-Իրան երկաթուղու շինարարությունը, Համահայկական բանկի ստեղծումը, դա պոպուլի՞զմ էր, թե՞ ոչ: Որովհետեւ այդ մեգանախագծերը, որ հայտարարել էր Սարգսյանը, գոյություն չունեն: Ավելին, նրա նախագահության տասնամյակի ընթացքում դրանցից երկուսը գործնականում եղել են միայն թղթի վրա՝ ընդ որում անհասկանալի թղթերի, իսկ մյուսն էլ Սերժ Սարգսյանը փակել է իր իսկ ձեռքով՝ նախագահության ավարտին այդպես էլ նշանակալի արդյունք չտված Համահայկական բանկը վերածելով ինչ որ ներդրումային կառույցի:
 
Սերժ Սարգսյանը պոպուլիզմո՞վ էր զբաղված, երբ հայտարարում էր մեգանախագծերը: Տասը տարի անց ստացվում է, որ՝ այո:
 
Մյուս կողմից, մեգանախագծերի մասին հայտարարությունը կարեւոր էր, որովհետեւ ապագան նաեւ մեգանախագծերի մասշտաբով պատկերացնելը հանրությունների եւ պետությունների համար ունի էական նշանակություն մի շարք առումներով:
 
Դա մի օրինակ է, թե որքան հարաբերական է «քաղաքական պոպուլիզմ» հասկացությունը: Հնարավոր է թվարկել կամ հիշել բազմաթիվ ու տարբեր տեսակի այլ օրինակներ:
 
Ըստ այդմ, ի՞նչ է պատկերացնում Սերժ Սարգսյանը, ընդհուպ ԱՄՆ դեսպանի հետ գործակցության մակարդակում դիտարկելով քաղաքական պոպուլիզմին հակադրվելու իր առաքելությունը: Դա պատկերացնում է զուտ գործող իշխանության դեմ դիրքավորվելու ավելի պարզունա՞կ համատեքստում, թե՞ այդուհանդերձ Սերժ Սարգսյանը պատրաստ է իր վրա վերցնել առավել մեծ առաքելություն եւ ըստ այդմ առավել նշանակալի ծառայություն մատուցել հանրությանն ու Հայաստանին, քաղաքական խաբեությունը բացառելով այսպես ասած ընդդիմության տիրույթում:
 
Որովհետեւ, եթե անգամ դիտարկենք, որ ներկայիս իշխանությունը հեղափոխությամբ հաղթել է նաեւ քաղաքական պոպուլիզմի տարրերի կիրառումով, ապա միեւնույն է, ներկայումս նոր իշխանությունն իր քաղաքականությամբ անում է բոլորովին հակառակը եւ հանրության հետ փորձում է երկխոսություն սկսել ոչ պոպուլյար թեմաների շուրջ: Եվ հակառակը՝ հանրության հետ ռեֆորմացիայի ցավոտ թեմաների շուրջ երկխոսելու այդ փորձերը նախկին իշխող համակարգի տարբեր շրջանակներ փորձում են դարձնել հենց նոր իշխանության դեմ պայքարի առիթ:
 
Այդ իմաստով, եթե Հայաստանում ներկայումս կա քաղաքական պոպուլիզմի, իրականում քաղաքական խաբեություն իմաստով դրսեւորում, ապա դրանով գերազանցապես զբաղված է նախկին իշխող համակարգը, նոր իշխանության դեմ գերազանցապես մանիպուլյատիվ եւ ֆեյք գործոնների վրա կառուցած տեղեկատվա-քարոզչական ալիքով:
 
Հետեւաբար, եթե Սերժ Սարգսյանը իրապես ստանձնում է «քաղաքական պոպուլիզմ» բացառելու, այդ երեւույթի դեմ պայքարի առաքելություն, ապա դա նշանակում է, որ ներկայում նա պետք է պայքարի հենց նախկին իշխող համակարգի դեմ, դրա ներկայիս գործունեության, պայքարի դրա ներկայիս մեթոդաբանության դեմ, կամ այլ կերպ ասած «անապատով պտտի այդ համակարգը 40 տարի», քաղաքական խաբեության գայթակղությունից եւ մեթոդաբանությունից ազատելու համար: Սերժ Սարգսյանը դա՞ է սկսել՝ Ծաղկաձորից:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

lragir.am  

 

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 997 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար