Վարչապետը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին. Նիկոլ Փաշինյանը համաժողովի գրադարանին է նվիրել հայկական գիրք.(ֆոտոշարք)

12-11-2019 18:52:29   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, որին ներկա են նաև մի շարք պետությունների և կառավարությունների ղեկավարներ: Համաժողովի բացմանը ելույթով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Չինաստանի ժողովրդական Հանրապետության փոխնախագահ Վանգ Քիշանը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության նախագահ Ֆելիքս Թշիսեկեդին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: 
 
Այնուհետև Նիկոլ Փաշինյանը Փարիզի խաղաղության համաժողովի շրջանակում համաժողովի գրադարանին է հանձնել խորհրդանշական նվեր`
Հայկ Դեմոյանի «Le Sport» գիրքը, որը պատմում է Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարզական ակումբների մասին: 
 
Անդրադառնալով գրքին` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հրաշալի պատմական լուսանկարների միջոցով այն պատմում է 1915 թվականի ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում հայերի ունեցած մարզական ակումբների և մարզական նվաճումների մասին: 
 
Գրքում կարելի է տեսնել հայ մարզիկների լուսանկարներ` տղամարդիկ և կանայք, ովքեր զբաղվում էին սպորտով, գովազդներ, որոնք կանանց խրախուսում էին վարժանքներ անել և սպորտով զբաղվել: 
 
Եվ դա տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում, մի հասարակության մեջ, որը ավելի քան պահպանողական էր կանանց սոցիալական և ֆիզիկական գործունեության հարցում: Ի հեճուկս այդ ամենի, հայերը հիմնել են մարզական ակումբներ, որոնք նպաստում էին քրիստոնյաների և գերիշխող մահմեդական համայնքների
միջև խաղաղությանն ու խաղաղ գոյակցությանը:
 
Այնուհետև կառավարության ղեկավարն այցելել է համաժողովի շրջանակում բացված  IDEA հիմնադրամի տաղավար, որտեղ ծանոթացել է ներկայացված ցուցանմուշներին` հիմնադրամի գործունեությանը, այդ թվում` «Ավրորա» մարդասիրական մրցանակաբաշխության մասին պատմող նյութերին: Տաղավարում ներկա էր նաև «Ավրորա»-ի մրցանակակիր, բժիշկ Թոմ Քաթինան: 
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 452 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար