Վարչապետը հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ

12-11-2019 19:56:51   | Ֆրանսիա  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում այցելել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գրասենյակ, որտեղ հանդիպում է ունեցել ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ: 
 
Տիկին Մուշիկիվաբոն ողջունել է ՀՀ վարչապետին կազմակերպության գրասենյակում և բարձր գնահատել Հայաստանի արդյունավետ նախագահությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում: ՖՄԿԳ գլխավոր քարտուղարը նշել է, որ Հայաստանը համարվում է կազմակերպության կարևորագույն անդամներից մեկը
և մեծ ներդրում ունի վերջինիս զարգացման ու Ֆրանկոֆոնիայի տարածքում համագործակցության զարգացման գործում: Լուիզ Մուշիկիվաբոն վարչապետին է ներկայացրել Ֆրանկոֆոնիայի տարածքում նախատեսվող բարեփոխումները, այդ թվում ֆրանսերենի տարածման՝ կրթության, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտներում նոր ծրագրերի կյանքի կոչման ուղղությամբ։
 
Վարչապետը կարևորել է Ֆրանկոֆոնիայի տարածքում տարբեր ուղղություններով համագործակցության զարգացումը և նշել, որ բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ուղղված են կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը՝ կստանան հայկական կողմի աջակցությունը:
 
Հանդիպման ընթացքում Լուիզ Մուշիկիվաբոն վարչապետին է ներկայացրել 2020 թվականին Թունիսում նախատեսվող ՖՄԿ գագաթնաժողովի կազմակերպման նախապատրաստական աշխատանքների ընթացքը:
 
Հանդիպման ավարտին վարչապետը գրառում է կատարել նաև ՖՄԿ «Ոսկե մատյանում», որում նշել է. «Ֆրանկոֆոնիայի կենտրոնակայան կատարելիք իմ այցի առթիվ, որպես Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահող`  վերահաստատում եմ Հայաստանի հանձնառությունը՝ գործել հանուն Ֆրանկոֆոնիայի և դրա արժեքների տարածման»։ 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 509 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար