Որոշ փողոցներում՝ կայանման արգելք, գնի թանկացում, մեքենաների սահմանափակ մուտք Երևանի կենտրոն. քաղաքապետարանը քննարկում է

13-11-2019 14:47:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի ավտոկայանատեղերի կազմակերպման հարցում նոր մոտեցում է որդեգրում, այն ուղեկցվելու է կայանատեղերի գնի թանկացմամբ, տեղ-տեղ նաեւ դրանց համար վճարի վերացմամբ:
 


Որոշ փողոցներում կլինի կայանման արգելք, որոշներում՝ կայանման վճարի գոտիավորման կիրառում, որոշ տեղերում (հիմնականում կենտրոնի մի շարք հատվածներում) կայանումն ավելի թանկ կլինի, որոշներում՝ էժան, որոշ տեղեր դարձյալ անվճար կմնան: «Երեւանում հիմա էլ է այդպես, բայց կարծում ենք՝ վերանայման կարիք կա»,- «Հայկական ժամանակ»-ին հայտնեց Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
 
Քաղաքապետարանը որդեգրել է նոր հստակ սկզբունք. սահմանափակել ավտոմեքենաների մուտքը դեպի քաղաքի կենտրոն: Իսկ այդ սահմանափակման մի շարք մեթոդներից մեկն էլ դիտարկում է կայանատեղերի գնի բարձրացումը:
 
 
Հակոբ Կարապետյանի բնորոշմամբ՝ տրանսպորտային նոր համակարգը կներդրվի կոմպլեքս լուծմամբ, որի մասերից մեկն է կայանատեղերի վճարման գնի բարձրացումը: «Խոսքը միայն կայանատեղերի մեխանիկական թանկացման մասին չէ, այլ այն մասին, թե ինչպես ենք պատկերացնում մայրաքաղաքի երթեւեկությունը եւ մեքենաների կայանման կազմակերպման հարցը»,- նկատեց խոսնակը:
 
Օրեր առաջ անդրադառնալով տրանսպորտային համակարգի խնդիրներին՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք էլոյանը հայտարարել էր,
որ քաղաքապետարանի հետ զուգահեռ հիմա մշակում են խոշորածավալ 150 մլն դոլարանոց փաթեթ, որը պետք է բարելավի ամբողջ տրանսպորտային համակարգը:
 
«Լինելու է փաթեթ, եւ խոսքը միայն հանրային տրանսպորտի մասին չէ, այլ ընդհանուր դաշտի բարելավման: Այս փաթեթի սահմանում կլինեն նաեւ օրենսդրական փոփոխություններ, եւ գուցե լավ նորություն չէ, բայց պետք է ավտոկայանատեղիի գինը բարձրանա, այլապես մենք շարունակելու ենք նույն ճանապարհով»,- ասել էր Էլոյանը:
 
Քաղաքապետի խոսնակը նկատեց՝ էլոյանը ներկայացրել է ընդհանուր ընկալում ունեցող մոտեցում, այն է՝ մայրաքաղաքի, հատկապես կենտրոնի բեռնաթափման համար պետք են ոչ թե մեքենաների կայանման համար ավելի շատ հնարավորություններ ստեղծել, այլ ճիշտ հակառակը, հնարավորինս պետք է այնպես անել, որպեսզի այդ մեքենաներն աստիճանաբար կենտրոնից դուրս բերվեն:
 
Ըստ Հակոբ Կարապետյանի՝ եթե սահմանափակում ես քաղաքացու քաղաքի կենտրոն իր սեփական մեքենայով հասնելու հնարավորությունը, ապա պետք է նրան առնվազն համարժեք այլընտրանք առաջարկես: «Եթե մի քանի անգամ դժվարություններ ունենամ կայանելու հարցում, ապա նաեւ ֆինանսական փոփոխություն լինի, կողքից էլ տեսնեմ հարմարավետ տրանսպորտային միջոցն ինչքան անարգել ու արագ է սպասարկում, ես էլ որոշ ժամանակ հետո կգերադասեմ մեքենաս բակում թողնել: Քաղաքի կենտրոնում մեքենաների այդ հոսքը, բացի նրանից, որ անտանելի աղմուկ ու խառնաշփոթ է ստեղծում, այն նաեւ լուրջ էկոլոգիական խնդիր է: Մեր այս քայլը միտված է նաեւ դրան: Կոմպլեքս լուծում է»,- նկատեց Կարապետյանը:
 
Սակայն այս ոլորտում որեւէ վերանայում, ըստ խոսնակի, հնարավոր է միայն տրանսպորտային ռեֆորմը վերջնական կիրառելուց  հետո միայն: Մինչեւ այդ, նման խոսակցությունները ակտուալ
չեն կարող լինել: «Եթե մենք ուզում ենք կենտրոնը բեռնաթափելու համար կոնկրետ մեթոդներ կիրառել, ուրեմն, նախ եւ առաջ, պետք է ապահովենք բնակիչների մուտքը կենտրոն հանրային տրանսպորտի միջոցով, ընդ որում՝ բարեկեցիկ ապահով, արագ»,- ասաց նա:
 
Քաղաքապետի խոսնակն անդրադարձավ նաեւ վարորդների այն բազմաթիվ բողոքներին, թե ամբողջ քաղաքում կարմիր գծեր են. «Պետք է ասեմ, որ կարմիր գծեր գործում են միայն Կենտրոնում, Արաբկիր վարչական շրջանի մի քանի կենտրոնական փողոցներում, Շենգավիթի եւ էրեբունու մեկ երկու փողոցներում ու վերջ: Մնացած ամբողջ մասերում կայանումն անվճար է»:
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 418 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար