Վազգեն Մանուկյանը հրաժարական է տվել

13-11-2019 15:46:59   | Հայաստան  |  Հասարակություն
Վազգեն Մանուկյանի նամակը Հանրային Խորհրդի անդամներին
 


 
Սիրելի' գործընկերներ,
 
Նոր իշխանություններն ունեին բացառիկ հնարավորություն մեր երկիրը տանել զարգացման ուղղությամբ, ժողովրդի
ն համախմբել համազգային  խնդիրների շուրջ, նպաստել մեր  քաղաքացիների բարեկեցությանը՝ կառուցելով ավելի ժողովրդավար ու ավելի արդյունավետ ազգային պետություն:
 
Ցավոք, իշխանությունները գնացին այլ ուղղությամբ, և այսօր մեր երկրում ձևավորվել է անվստահության և ատելության աննախադեպ աստիճանի մթնոլորտ, տեղի է ունեցել հասարակական այնպիսի պառակտում, ինչպիսին երբեք չի եղել: Եվ սա այն դեպքում, երբ աշխարհն ու մեր տարածաշրջանն այսքան փոխվել են՝ ավելացնելով նոր վտանգներ ու մարտահրավերներ մեր անվտանգության հարցում, Արցախի հարցում:
 
Այս պայմաններում իշխանության նպատակը պետք է լիներ հասարակության մեջ առկա ճաքերը մեղմելը, համերաշխության մթնոլորտ ստեղծելը, ժողովրդին համախմբելը: Այդ նպատակի
իրականացման համար ամենաարդյունավետ գործիքներից մեկը կարող էր լինել հենց Հանրային խորհուրդը, որի կարևոր գործառույթներից մեկը, համաձայն օրենքի, Կառավարության, պետական կառավարման համակարգի մարմինների և քաղաքացիական հասարակության ինստիտուտների միջև փոխադարձ վստահության, երկխոսության և գործընկերային հարաբերությունների ձևավորմանը նպաստելն է:
 
Փոխարենը իշխանությունները շարունակում են քննարկել նախագծեր և անել քայլեր, որոնք ավելի ու ավելի են պառակտելու մեր հասարակությունը. դա անցումային արդարադատությունն է, առանց մեղադրական եզրակացությունների գույքի բռնագանձման օրինագիծը, կրթական ոլորտի փոփոխությունները, քաղաքական խնդիրներ լուծելու նպատակով դատաիրավական համակարգն օգտագործելը և այլն:
 
Հանրային խորհրդի վերջին նիստին ես Ձեզ ներկայացրեցի, որ մի քանի անգամ փորձել եմ հանդիպել վարչապետի հետ, գտնել համագործակցության եզրեր՝ թուլացնելու հասարակության մեջ առկա լարվածությունը և Հանրային խորհրդի միջոցով կանխելու որոշ քայլեր, որոնք, իմ կարծիքով, վտանգավոր են պետության համար: Գիտեք նաև, որ այդ փորձերն ապարդյուն են անցել:
 
Մեր վերջին նիստից անցել է որոշակի ժամանակ, և նորից ոչ մի արձագանք:
 
Այս պայմաններում իմ հետագա գործունեությունը Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից, ինչի մասին արդեն գրավոր տեղեկացրել եմ կառավարությանը:
 
Կշարունակեմ պայքարը հանուն մեր պետության և ժողովրդի շահերի, ինչպես պայքարել եմ իմ ողջ կյանքի ընթացքում: 
 
 
Սիրելի՛ գործընկերներ,
 
Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ: Շատերիդ հետ հետաքրքիր ու դժվարին ճանապարհ ենք անցել դեռևս 2009 թվականից՝ փորձելով  ստեղծել քաղաքակիրթ հարթակ, ձևավորել հանրային նոր մշակույթ, գտնել փոխզիջումային լուծումներ հասարակության ու իշխանության միջև ծագած խնդիրների, վեճերի և լարվածության ժամանակ:  
 
Հուսով եմ, որ Հանրային խորհուրդը կշարունակի պահպանել իր որակը և կշարունակի ծառայել  իր նպատակներին:
 
Վազգեն Մանուկյան
 
 
 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1494 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար