ԵՊՀ ուսանողական խորհուրդը հանդիպման է հրավիրում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին

13-11-2019 16:55:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
ԵՊՀ ուսանողական խորհուրդը  հայտարարություն է տարածել, որից պեարզ է դառնում, որ վերապահումներ ունի «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին»  օրենքի նախագծի վերաբերյալ, որն այս օրերին քննարկվում է եւ ուսանողների բողոքի ցույցերի պատճառ է դարձել: ՈւԽ-ն միեւնույն ժամանակ ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջի մեջ քաղաքական տարր է տեսնում, ինչն էլ հաշվի առնելով, ՈւԽ-ն ձգտում է ստեղծված իրավիճակում զերծ մնալ խնդիրների անհարկի քաղաքականացման օրակարգից: ԵՊՀ ուսանողական խորհուրդը հրավիրում է ԿԳՄՍ նախարարին՝ ԵՊՀ ուսանողների հետ ուղիղ շփվելու և նրանց մտահոգությունները առավել մանրամասն հասկանալու: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը պատրաստակամություն էր հայտնել հանդիպել այն ուսանողների հետ, որոնք ուղղորդված չեն:
 
«Հարգելի՛ համալսարանականներ,
 
 
Հաշվի առնելով վերջին օրերին ԵՊՀ-ում կազմակերպված դասադուլերը՝ հարկ ենք համարում ներկայացնել տեղի ունեցողի վերաբերյալ մեր դիրքոր
ոշումը:
 
ԵՊՀ ուսանողական խորհուրդը, Հայոց լեզվի և Հայոց պատմության հարցը դիտարկելով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի ամբողջականության մեջ, իր անդամների միջոցով բազմիցս հայտնել է իր մտահոգությունը ԿԳՄՍ նախարարության կողմից բուհեր ուղարկված օրենքի նախագծի վերաբերյալ: Ըստ մեզ՝ բուհերի Կառավարման խորհուրդների կազմի քանակի և համամասնության վերաբերյալ նախատեսվող լուծումները լրջորեն վտանգում են բուհական ինքնավարությունը, իսկ դեկանների նշանակովի լինելու կարգավորումը ոչ միայն չի նպաստում բուհերի ներքին բազմազանության ապահովմանը, այլև էապես նվազեցնում է ֆակուլտետային գիտխորհուրդների դերը՝ ֆակուլտետային ղեկավարումը փաստացի «նշանակված» ռեկտորից ուղղակի կախվածության մեջ դնելով:
 
Ինչ վերաբերում է Հայոց լեզվի և հայոց պատմության առարկաներին՝ ՈւԽ-ն համարում է, որ նշված առարկաների ուսուցման պարտադիրության սահմանումը կարիք ունի քննարկումների, փորձագիտական գնահատականի և խորն ուսումնասիրությունների: Գտնում ենք, որ պետության կողմից բուհերին չպետք է թելադրվի այնպիսի առարկաների ուսուցում, որոնք կհանգեցնեն դպրոցական
կրթության բովանդակային կրկնության, սակայն պետությունը կարող է սահմանել մասնագիտական կրթության հետ համադրելի և վերաբերելի հայագիտական առարկաների ողջամիտ ներառվածության պահանջ՝ առարկաների բովանդակային առանձնահատկությունները և մատուցման ձևաչափը թողնելով բուհերի գիտական խորհուրդների սահմանմանը:
 
Ինչ վերաբերվում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին.
ԵՊՀ ուսանողական խորհուրդը, համաձայն իր կանոնադրության, ապաքաղաքական մարմին է, ուստի պահպանում է քաղաքական չեզոքություն և զսպվածություն: ԿԳՄՍ նախարարի հրաժարականի ներկա պահանջը պարունակում է քաղաքական տարր, ինչն էլ հաշվի առնելով, ՈւԽ-ն ձգտում է ստեղծված իրավիճակում զերծ մնալ խնդիրների անհարկի քաղաքականացման օրակարգից: Միևնույն ժամանակ, ձևավորված հանրային քննարկման օրակարգում և դրանից դուրս ԵՊՀ ուսանողական խորհուրդը՝ որպես ուսանողական ներկայացուցչական մարմին, լիազորված է արտահայտել կրթական քաղաքականության վերաբերյալ ԵՊՀ ուսանողների շահերը և միասնական մոտեցումները։
Այսպիսով, ԵՊՀ ուսանողական խորհուրդն արձանագրում է ԵՊՀ ուսանողության զգալի մասի բացասական գնահատականը կրթության ոլորտում Արայիկ Հարությունյանի նախարարական գործունեության նկատմամբ։ ԵՊՀ ուսանողական խորհուրդը մտահոգիչ է համարում բարձրագույն կրթության ոլորտում լիազոր մարմնի ապակառուցողական քաղաքականության դրսևորման դրվագները, որոնց վերաբերյալ բարձրաձայնել է ամիսներ շարունակ։ Նշենք մի քանիսը.
 
2018թ. մայիսի լիազոր մարմնի ղեկավարը, ԵՊՀ-ն հրապարակավ համարելով «կոռուպցիոն որջ», հովանավորում էր ԵՊՀ ռեկտորի հրաժարականը պահանջող և ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճը պարալիզացրած ակտիվիստներին: 2019թ. փետրվարին նախարարը հրապարակավ հորդորում էր ԵՊՀ ռեկտորին հրաժարական տալ՝ կոպտորեն խախտելով բուհական ինքնավարությունը և գերազանցելով իր պաշտոնեական դիրքը:
2019թ. հունիս-հուլիս ամիսներին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում լիազոր մարմնի կողմից ներկայացված անդամների, մասնավորապես` Խորհրդի նախագահի ջանքերով ԵՊՀ կանոնադրությանը հակասող ձևով կայացվեց «ԵՊՀ կառուցվածքում և հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» որոշումը, որի արդյունքում այժմ ԵՊՀ-ի դեմ մի շարք դատական գործեր են ընթանում:
2019թ.-ի փետրվար-մարտ ամիսներին նախարարը հայտարարեց, որ ԵՊՀ 100-ամյակը պետք է նշվի բարձր մակարդակով և միջոցառումների նախապատրաստական աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար պետք է ստեղծվի կառավարական հանձնաժողով: Սակայն վերջնարդյունքում ստեղծվեց գերատեսչական փոքր հանձնաժողով, որում ներգրավված համալսարանական անդամները նույնիսկ տեղյակ չէին իրենց անդամակցության մասին:
Ելնելով Ուսանողական խորհրդի վերհանած մտահոգություններից և ԵՊՀ ուսանողության շրջանում առկա այլ դժգոհությունների արդյունքում առաջացած պահանջներից, հաշվի առնելով ԿԳՄՍ նախարարի կողմից նոյեմբերի 7-ին արված հայտարարությունն առ այն, որ պատրաստ է ուղիղ շփվել ուսանողների հետ՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը հրավիրում է ԿԳՄՍ նախարարին՝ ԵՊՀ ուսանողների հետ ուղիղ շփվելու և նրանց մտահոգությունները առավել մանրամասն հասկանալու»։
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 306 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար