Բյուջեն պահպանողական է, սա երևի ամենամեղմ նկարագիրը կլինի. Մանե Թանդիլյան

15-11-2019 15:13:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Որքանո՞վ է 2020 թվականի բյուջեն հեղափոխական, եթե դրա հիմքում դրված տնտեսական աճի կանխատեսումը փոքր թիվ է: Այս մասին խորհրդարանում բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը: Նրա խոսքով՝ երբ կառավարությունը համեմատում է աճը հարևան երկրների հետ, հաշվի չեն առնում այն, որ այդ երկրներում հեղափոխություն տեղի չի ունեցել:
 


Հիշեցնենք, որ 2020 թվականի բյուջեի նախագծով կանխատեսվում է 4.9 տոկոս տնտեսական աճ: Կառավարոթյան անդամները հայտարարել են, որ ավելին կարող է արձանագրվել, բայց բյուջեի հիմքում պահպանողական ցուցանիշ են դնում:
 
«Մեր հարևան Վրաստանում 2003 թավականին, երբ տեղի ունեցավ հեղափոխություն, տնտեսական աճը տվյալ տարում 11 տոկոս էր, իսկ հետագա տարներին, մինչև 2018 թվականի ճգնաժամը, 9.7 տոկոս: Եվ որքանո՞վ է մեր այս բյուջեն հեղափոխական: Ես
կասեի պահպանողական է, սա երևի ամենամեղմ նկարագիրը կլինի»,- ասաց Թանդիլյանը:
 
Նա անդրադարձավ ներդրումներին, ասաց, որ կառավարության անդամները տարբեր առիթներով ասում են՝ ներդրումների համար որևէ խոչընդոտ չկա, բազմաթիվ բարեփոխումներ են արվել: «Բայց վերջին երկու տարիներին ներդրումների ծավալի աճը 6.7 տոկոսը չի անցում: Որքանո՞վ են վստահելի մեր բարեփոխումներն ու փոփոխությունները, երբ նույն Վրաստանում հեղափոխությունից հետո 2.5 անգամ մեծացավ ներդրումների ծավալը՝ հասնելով 1 մլրդ դոլարի: Հետևությունը թողնում եմ ձեզ»,- ասաց Թանդիլյանը:
 
Գյուղատնտեսության ոլորտի կանխատեսվող 0.5 տոկոս աճը, ըստ պատգամավորի, փաստում է, որ մեր տնտեսությունն այդպես էլ չի դառնում ներառական և այս ոլորտում զբաղված քաղաքացիների մեծ մասի բարեկեցությունը չի փոխվելու:
 
Նա նաև հարցադրում արեց՝ արդյոք այս բյուջեն որևէ բան անո՞ւմ է, որ տնտեսական աճը 4.9 տոկոսից ավելի բարձրանա հաջորդ տարի: «Ձեր բերած 4.9 տոկոս ՀՆԱ-ի աճը ցույց է տալիս, որ նույնիսկ դուք չեք հավատում, որ արել ենք ամեն բան, որ հավանականությունը մեծանա»,- հայատարարեց նա:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 450 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար