«Իմ Սարյանը» ցուցահանդեսը կշարունակվի մինչև նոյեմբերի 19-ը

15-11-2019 18:14:15   | Հայաստան  |  Մշակույթ
                   
 

«Իմ Սարյանը» խորագրով Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի ցուցադրությունը երկարաձգվել է` հաշվի առնելով հանրային պահանջարկը: Մերիդյան էքսպո-կենտրոնում նոյեմբերի 1-ին բացված ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 19-ը ներառյալ, նախապես պլանավորված նոյեմբերի 11-ի փոխարեն:
 
Մերիդյան էքսպո-կենտրոնում այսօր Մարտիրոս Սարյանի արվեստին նվիրված վարպետության դաս է կազմակերպվել, որին ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Նա շրջել է ցուցասրահում, ծանոթացել ներկայացված շուրջ 800 աշխատանքներին, որոնք արտացոլում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի 21 երկրի 16-18 տարեկան պատանի ստեղծագործողների սարյանական գույների ընկալումները:
 
«Համահայկական մրցույթ փառատոնը շատ լավ հնարավորություն է` տարբեր երկրներում ապրող հայ երեխաներին արվեստի միջոցով Հայաստանի հետ
կապելու, մեր տաղանդներին հայրենիք բերելու համար: Շատ լավ է, որ տարբեր երկրների ներգրավածությունը մեծ է, բայց պետք է մտածենք մասնակից երկրների աշխարհագրությունն ընդլայնելու մասին` կազմակերպչական աշխատանքներում ներգրավելով նաև Արտաքին գործերի նախարարությանը և Սփյուռքի հանձնակատար գրասենյակին»,- իր խոսքում նշել է նախարարը:
 
Սարյանին նվիրված վարպետության դասը վարել են Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ ստորաբաժանման գեղարվեստական ղեկավար Սոնա Բանոյանը և դասավանդող-նկարիչ Գայանե Վարդանյանը: Դասին մասնակցել են Երևանի հանրակրթական և հատուկ դպրոցների, ինչպես նաև միջին մասնագիտական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների սովորողներ, որոնք նաև տեղում գունանկարներ են նկարել :
 
Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի Կերպարվեստ և դեկորատիվ կիրառական արվեստ ստորաբաժանման գեղարվեստական ղեկավար Սոնա Բանոյանը նշել է, որ արվեստի դպրոցներն առանձնանում են իրենց ստեղծագործական ոճով. «Այս տարվա ցուցադրության մեջ ես լուրջ առաջընթաց եմ համարում մարզերի բարձրակարգ ներկայացվածությունը` ես իսկապես հիացած եմ մարզի երեխաների գործերով»,- նշել է նա:
 
Համահայկական մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոնի այս տարվա առանձնահատկություններից է նաև հանրակրթական դպրոցների աննախադեպ ակտիվությունը` ցուցահանդեսում, բացի արվեստի դպրոցի սաներից, ներկայացված են Երևանի և մարզերի ավելի
քան 50 հանրակրթական դպրոցների սովորողների ստեղծագործություններ:
 
Փառատոնը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հ. Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համատեղ։ Այս տարի մրցույթ-փառատոնը նվիրված է 20-րդ դարի հայ նկարչության արդի դպրոցի հիմնադիր Մարտիրոս Սարյանին:
 
Առաջին փուլում ներկայացված 2000-ից ավելի աշխատանքից ընտրվել է մոտ 800-ը, որոնք այժմ ներկայացված են ցուցահանդեսում: Երկրորդ փուլի հաղթողները կընտրվեն արդեն ցուցադրված աշխատանքներից:
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 426 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար