Այդ ուժերը միավորվել են հնին վերադառնալու երազանքով. նրանց թիրախը հասարակությունն է․ Վիգեն Խաչատրյան

15-11-2019 23:47:41   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
«Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի ձևավորման շուրջ NewArmenia.am-ը զրուցել է ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանի հետ։ 
 


— Պարոն Խաչատրյան, այսօր կայացավ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի առաջին համաժողովը՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։ Նա հայտարարեց, որ դա մի հարթակ է
, որտեղ համախմբվում են գաղափարական հենքի վրա։ Այսինքն՝ ընդդիմադիր բևե՞ռ է ձևավորվում։
 
— Ժամանակը ցույց կտա՝ ինչքանով ընդդիմադիր բևեռ կլինի։ Բայց ես կարծում եմ, որ դա սպառված քաղաքական, հասարակական գործիչների, լուսանցքային դաշտում հայտնված մարդկանց համախմբում է, որը որևէ հեռանկար չունի։ Նրանք հասարակական աջակցություն ստանալու և զարգացումների վրա դրական ազդեցություն ունենալու կարողություն չունեն։
 
— Վազգեն Մանուկյանը հայտարարեց, թե ներկայիս իշխանությունների բռնած ճանապարհը տանում է բռնապետության, և միաժամանակ նշեց, որ կա ազատ մամուլ և քաղաքացիական հասարակություն, որը դա թույլ չի տա։
 
— Ես կարծում եմ՝ եթե այս իշխանությունները տանեին բռնապետության, Մանուկյանը կհամագործակցեր նրա հետ, որովհետև վերջին 15 տարին նա հաճույքով համագործակցել է բռնապետության հետ։ Եթե չի կարողանում համագործակցել, ուրեմն բռնապետություն չի։
 
— Քննադատում է կոռուպցիայի դեմ պայքարը, ասում է՝ ասֆալտին փռելով չի, ու թեև կոռուպցիան մի քիչ նվազել է, բայց առաջ չենք գնացել։ Ձեր կարծիքով՝ կառուպցիայի դեմ պայքարն արդյունավե՞տ է, թե՞ ոչ, ի՞նչ միտումներ կան։
 
— Կարծում եմ՝ կոռուպցիայի դեմ մղվող պայքարը ցանկալի արդյունքներ դեռ չի տալիս, և այդպես էլ կլինի, քանի դեռ դատական իշխանությունը չի վերափոխվել։ Այդտեղ դանդաղում են փոփոխությունները։ Իրականում դատական իշխանությունը դեռևս չի անկախացել և ինքնուրույն չի գործում։ Սա լուրջ խնդիր է, որը պետք է լուծում գտնի։
 
— Ասում են՝ պետությունը ժողովրդին չի վերադարձվել, մեկ անձ է որոշումներ կայացնում, իսկ դաշնակցականները համոզված են, որ նոր հեղափոխություն է լինելու։ Կա՞ նման հավանականություն։
 
— Կարծում եմ՝ այդ մարդիկ կարծրատիպերով են մտածում։ Ակնհայտ է, որ այսօր շատ բան է փոխվել։ Ակնհայտ է, որ քաղաքական հեղափոխություն է տեղի ունեցել Հայաստանում։ Ակնհայտ է, որ քաղաքական նոր սերունդն աշխատանքային անհրաժեշտ փորձ դեռ պետք է ձեռք բերի և, բնական է, որ կունենանք սխալներ, վրիպումներ։ Նաև ակնհայտ է, որ իրենց սպառած քաղաքական դեմքերը փորձում են կառչել նախկին դիրքերից, պահպանել իրենց կարծեցյալ հեղինակությունը։ Եվ ակնհայտ է, որ եթե այդ անձինք փոփոխությունները չեն տեսնում, դա ամենալավ ապացույցն է, որ իրենք վաղուց սպառվել են։ Մարդ պետք է շատ սպառված լինի, որ փոփոխությունները չնկատի, և մարդ պետք է շատ ցանկանա վատը տեսնել, որպեսզի ամեն ինչ կապի մի անձի հետ։ Իհարկե, մեկ անձ չէ և, կրկնեմ, ասպարեզ է եկել շատ հետաքրքիր նոր քաղաքական սերունդ, որը, կարծում եմ, սխալվելով, վրիպելով, բայց առաջ կգնա ու կհղկվի։
 
— Ասում եք՝ սպառված են այս անձինք, բայց ամեն դեպքում՝ կաթիլը քար է ծակում։ Չեք կարծո՞ւմ, որ նրանց հայտարարությունները որևէ ազդեցություն կունենան, հասարակության տրամադրություններ կփոխեն։
 
— Գիտեք, հասարակությունը միաշերտ չի, և հասարակությունում կա մի շերտ, որ կուզի վերադառնալ հնին։ Այսինքն՝ ապրի օրենքը շրջանցելով, ապրի ճարպկությամբ, ապրի պետության հաշվին հարստանալով, ապրի մարդկանց կեղեքելով ու իրավազուրկ պահելով։ Այդպիսի շերտ կա հասարակությունում։ Կարծում եմ, որ Վազգեն Մանուկյանն ու իր նմաններն ապավինում են այդ շերտի աջակցությանը։ Այսինքն՝ նրանք միտված են «առաջ պոռալով, ետ-ետ երթալ»։ Նրանք այդ մարդիկ են և վերջին 15-20 տարվա նրանց հասարակական, քաղաքական վարքագիծը դա է վկայում։ Այն շերտը, որ ձգտում է, որ մենք դառնանք զարգացած հասարակություն, ունենանք զարգացող տնտեսություն, ունենանք արժանապատիվ քաղաքացիներ, դա էլ մեծ չի։ Կա մի միջին շերտ, որը կուզենա, որ ամեն ինչ այդպես լինի, բայց իրենք դեռ պատրաստ չեն փոխվելու։ Հետաքրքիր ընթացքի մեջ ենք և, կարծում եմ, որ հասարակությունը միշտ կընկալի՝ ովքեր են փորձում ետ տանել, ովքեր են փորձում առաջ տանել պետությունը։ Սա է խնդիրը և պայքարը սրա շուրջ է։
 
Ես ցավում եմ, որ նրանք այդ «Վերնատուն» անունը վարկաբեկում են։ «Վերնատուն» ասելով՝ մենք լրիվ այլ բան ենք հասկացել, հիշում ենք Թիֆլիսի «Վերնատունը» և համեստություն պետք է ունենային այդ անունը չսեփականաշնորհեին։ Որովհետև իրենք հեռու են այն մարդկանցից, ովքեր ժամանակին «Վերնատուն» էին ստեղծել՝ Թումանյանը և մեր մյուս մեծերը։
 
— Եթե մեր հանրությունը կարող է տարբերակել՝ ով ով է, միջազգային հանրության արձագանքն այդ կառույցին ինչպիսի՞ն կլինի։ Օրինակ՝ Դավիթ Շահնազարյանն ասում է, թե Արցախի հարցում Ադրբեջանն ու միջազգային հանրությունը հիմա մի կողմի վրա են, Հայաստանը՝ մյուս։
 
— Դավիթ Շահնազարյանը, ըստ երևույթին, տեղյակ չի Լավրովի այցից Հայաստան, տեղյակ չի BBC-իի «Hard talk»-ին մեր արտգործնախարարի փայլուն հարցազրույցից, որ զգացինք, որ նոր որակի արտգործնախարար ունենք։
 
— Այսինքն՝ նաև միջազգային հանրության վրա՞ չեն կարողանա ազդեցություն ունենալ։
 
— Միջազգային հանրությունը բավականին լուրջ կառույց է, որպեսզի նման անլուրջ երևույթներին արձագանքի։
 
— Այս ուժերի նպատակը նաև Ռոբերտ Քոչարյանի ազատությո՞ւնն է։
 
— Այդ ուժերը միավորվել են հնին վերադառնալու երազանքով։ Որովհետև հին համակարգում ձեռնտու էր լինել ընդդիմություն, կամ
լինել իշխանություն, այդ բոլորը մի կերակրատաշտի շուրջ էին համախմբված։ Հիմա այդ կերակրատաշտը վերացել է։ Նրանք նաև սովոր էին մանիպուլացնել և ժողովրդին դիտել որպես օբյեկտ։ Նոր իշխանությունը ժողովրդին դարձրել է սուբյեկտ։ Եվ նրանք անընդհատ փորձում են այդ սուբյեկտին դիտել որպես օբյեկտ ու ենթարկել մանիպուլյացիաների ու դեմագոգիա կիրառել։ Չի ստացվելու։ Իրենց ամբողջ սնանկությունը կայանում է նրանում, որ իրենք այդպես էլ չեն հավատում մեր հասարակությանը, որ հասարակությունը կարող է ինքնուրույն տնօրինել իր ճակատագիրը։ Ավելին՝ դա նրանց ձեռք չի տալիս, իրենց ապրելակերպը բացառում է ինքնուրույն հասարակության գոյությունը, որովեհտև այդ պարագայում նրանք դառնում են անգործ։ Եվ շատ լավ է, որ նրանք համախմբվել են, մարդիկ կտեսնեն ով ով է։
 
Ի վերջո, բոլոր նրանք, որոնք պայքարում են Նիկոլ Փաշինյանի դեմ, նրանց թիրախը Փաշինյանը չի, նրանց թիրախը հասարակությունն է։ Նրանք վախենում են, որ հասարակությունը դառնա իր իրավունքների տերը, մարդիկ ուզենան ապրել արժանապատիվ, օրենքի առաջ բոլորը լինեն հավասար։ Նրանց համար դա սարսափելի հեռանկար է։ Նրանց թիրախը հասարակությունն է ու դրանով իսկ նրանք դատապարտված են։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 632 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար