Վերնատունը կքանդի՞ ԲՀԿ տունը. խնդիր Ծառուկյանի համար

16-11-2019 12:04:35   | Հայաստան  |  Վերլուծություն
Բարգավաճ Հայաստանի պատգամավորները նախօրեին գիշերն այցելել են ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց անող ՀՅԴ-ական երիտասարդներին եւ ուսանողներին: Դա տեղի է ունեցել ՀՅԴ դիմումից հետո, որով կոչ էին արել Լուսավոր Հայաստան եւ ԲՀԿ կուսակցություններին միանալ նախարար Հարությունյանի հրաժարականին:
 


ԲՀԿ պատգամավորներն ասել են, որ եկել են իրավիճակը տեսնելու, սակայն միանալ-չմիանալու որոշում չունեն: Ըստ նրանց, հարցը կքննարկեն նախարարի հետ սպասվող հանդիպումից հետո:
 
Մինչ ԿԳՄՍ դիմաց տեղի է ունենում ուսանողական նստացույց, նախօրեին քաղաքական «նստացույց» սկսեց Վազգեն Մանուկյանի նախաձեռնած Վերնատուն ակումբը, որում միավորվել են Նիկոլ Փաշինյանին ընդդիմադիր քաղաքական սուբյեկտները:
 
Վազգեն Մանուկյանը հայտարարել էր, որ հրավեր ուղարկել են նաեւ
ԲՀԿ-ին, նույնիսկ Իմ քայլին: Որ Իմ քայլը չէր ընդունի հրավերը, հասկանալի է: Հրավերի հանդեպ դժվարության առաջ է ԲՀԿ-ն: ԲՀԿ-ն չի մասնակցել Վերնատան հավաքին:
 
Բարգավաճ Հայաստանը
խորհրդարանում երկրորդ խմբակցությունն է, եւ Վերնատունը, որն այսպես ասած արտախորհրդարանականների «խորհրդարան» դառնալու կամա թե ակամա հավակնություն ունի, փաստացի նշանակելու է Բարգավաճ Հայաստանի արտախորհրդարանացում կամ կարգավիճակի էական նվազեցումը: Երկրորդից ԲՀԿ-ն դառնալու է ընդամենը հերթականը:
 
Մյուս կողմից, ի՞նչ հեռանկար ունի Բարգավաճ Հայաստանը երկրորդի դերում: Այստեղ իրավիճակը բավական խրթին է: Բարգավաճ Հայաստանը դիրքավորվել է որպես ընդդիմություն: Առավել կոշտ ընդդիմությունը «բարիկադավորվում» է Վերնատանը: Նաեւ ակնառու է, որ առավել կոշտ եւ արմատական ընդդիմությունը որդեգրել է բավական հստակ մարտավարություն, ու թեեւ խոսում են սեւ-սպիտակ բաժանման դեմ, այդուհանդերձ մարտավարությունը հենց այդ բաժանումն է՝ քաղաքական դաշտում թողնել Նիկոլ Փաշինյանին եւ իրենց, առնվազն որպես ընթացիկ խնդիր:
 
Իհարկե, մեղմ ասած կասկածելի է, որ Վերնատունն ընդհանրապես շատ թե քիչ մեկ ընդհանուր նպատակ ունեցող ուժերի հավաքատեղի է: Այնտեղ ավելի շատ մեկն է անձնական զգայական վերաբերմունքը, իսկ քաղաքական նպատակները՝ շատ տարբեր:
 
Սակայն, այդ ամենով հանդերձ, Բարգավաճ Հայաստանի համար Վերնատունը կարող է ունենալ այլ մարտահրավեր, եթե իհարկե դնեն այդպիսի նպատակ: Բարգավաճ Հայաստանը նախկին համակարգում ձեւավորված, դրանից սերող եւ դրա տրամաբանության մեջ մնացող ուժ է, այդ թվում նաեւ իր կառուցվածքով ու բազմազան շերտավորումով:
 
Կդնի՞ վերնատանը հավաքված նախկին համակարգը ԲՀկ-ին ներգրավելու խնդիր, ԲՀԿ շրջանակում տարակարծության խթանում՝ միանալ-չմիանալու թեմայով: Կռիվ կգցի՞ Վերնատունը ԲՀԿ «տանը»: Եվ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանն այդ դեպքում ի զորու կլինի կառավարել իրավիճակը:
 
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
 
Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1196 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար