Անսպասելի որոշում. Մովսես Հակոբյանին հեռացնելու պատճառը

18-11-2019 17:30:33   | Հայաստան  |  Վերլուծություն
Մովսես Հակոբյանի եւ տեղակալների ազատումը վարչապետի բացառիկ իրավասության շրջանակում է եւ այդ որոշումը վկայում է տվյալ ինստիտուտում եղած խնդիրների մասին, լրագրողներին ասել է ԱԺ պաշտպանության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաեւ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահն է:
 


Մովսես Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել է գլխավոր ռազմական տեսուչի պաշտոնից: Ազատվել են նաեւ նրա երկու տեղակալները: Թե ինչով է պայմանավորված վարչապետի որոշումը, պաշտոնական բացատրություն առայժմ չկա:
 
Գիտե՞ Անդրանիկ Քոչարյանը պաշտոնանկության իրական պատճառը եւ շարժառիթը: Համենայն դեպս, նա այդ մասին կարող է բարձրաձայնել թերեւս այն դեպքում, երբ ունենա վարչապետի տված «լիազորությունը»:
 
Շատ հավանական է, որ բուն պատճառը հայտնի չէ նաեւ Անդրանիկ Քոչարյանին: Բանն այն է, որ Մովսես Հակոբյանի պաշտոնանկությունը տեղի է ունենում «անսպասելի»: Այսինքն, մինչ այդ կարծես թե չի եղել որեւէ արտահոսք հայկական մամուլ՝ թե հասունանում է Մովսես Հակոբյանի եւ նրա տեղակալների պաշտոնանկություն:
 
Դա նշանակում է, որ վարչապետը մեծ հավանականությամբ կայացրել է «օպերատիվ» որոշում: Արդյո՞ք դրա անհրաժեշտությունն առաջացել է նախօրեին տեղի ունեցած երկու նիստերից որեւէ մեկի՝ անվտանգության խորհրդի
արտահերթ նիստի, կամ պաշտպանության նախարարության կոլեգիայի նիստի ընթացքում, որոնք վարել է վարչապետը: ՊՆ կոլեգիայի նիստին ներկա է եղել նաեւ գլխավոր ռազմական տեսուչը:
 
Օրինակ, երբ դեռեւս մինչեւ իշխանափոխություն պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հեռացրեց Գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանին, ներկայացվեց պատճառը, որ Բաղմանյանը լավ չի կատարել նախարարի հետ ունեցած աշխատանքային պայմանավորվածությունը եւ հետագա համատեղ աշխատանքը նպատակահարմար չէ:
 
Մովսես Հակոբյանը խախտե՞լ է վարչապետի որեւէ հանձնարարության կատարում կամ որեւէ պայմանավորվածություն աշխատանքի առումով:
 
Անշուշտ հետեւելու են նաեւ ներքաղաքական վարկածներ ու շահարկումներ, որ նոր իշխանությունը «թիրախավորում է հերոսներին»: Բայց դա երեւի թե այլեւս դարձել է չափազանց մաշված ու պարզունակ քարոզչական հնարք:
 
Անշուշտ, ներքաղաքական որեւէ ասպեկտ բացառել պետք չէ, թեեւ այդ դեպքում երեւի թե ակնառու է, որ «մարտահրավերը» թերեւս եկել է Մովսես Հակոբյանից, այլապես Նիկոլ Փաշինյանը ԳՇ պետի պաշտոնից հետո նրան ընդհանրապես չէր նշանակի ռազմական գլխավոր տեսուչի պաշտոնին:
 
Մյուս կողմից, Հայաստանի զինված ուժերի համար լայն իմաստով առկա է սերնդափոխության կարեւոր խնդիր: Դա ամենեւին չի նշանակում, որ պաշտոնանկությունը բխում է հենց այդ տրամաբանությունից, այդուհանդերձ Հայաստանի ԶՈՒ համար դա կարեւորագույն խնդիր է: Ընդ որում խնդիր, որը ձեւակերպել է դեռեւս նախորդ իշխանությունը, երբ օրինակ ապրիլյան պատերազմից հետո բարձր մակարդակով ասվում էր, որ Հայաստանը պետք է պատրաստվի այլեւս վաղվա պատերազմին, այսինքն լինի մի քանի քայլ առաջ, քան ուժերի ներկայիս
հարաբերակցությունը ենթադրող մարտահրավերները:
 
Իսկ դա չի նշանակում միայն այդ հաշվարկով ձեռք բերվող սպառազինություն: Դա նշանակում է նաեւ այդ հաշվարկով մտածող հրամկազմ, այդ հաշվարկով կառավարվող ու կազմակերպվող զինուժ, ներառյալ կառավարման արդյունավետությունը, ըստ այդմ կոռուպցիոն ռիսկերի առավելագույն չեզոքացումը, առկա ռեսուրսների առավելագույնս օպտիմալ եւ արդյունավետ կիրառումը:
 
Ապրիլյան քառօրյա պատերազմն այդ իմաստով հայկական զինուժի համար որոշակի սահմանագիծ էր՝ հին ու նոր սերունդների հարաբերակցության, ու նաեւ որոշակի ժամանակային տարածության սահմանում՝ զինուժում սերնդափոխության խնդիր դնելու եւ լուծելու համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

Lragir.am

Նոյյան տապան   -   Վերլուծություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1262 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար