Նիկոլ Փաշինյանը կմեկնի Իտալիա

19-11-2019 13:20:02   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ նոյեմբերի 20-22-ը պաշտոնական այց կկատարի Իտալիայի Հանրապետություն:
 


Վարչապետի այցը կմեկնարկի Վենետիկ քաղաքից. Նիկոլ Փաշինյանը կայցելի Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, որտեղ հանդիպում կունենա Մխիթարյան միաբանության անդամների հետ:
 
Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Միլան: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում նախատեսվում է ՀՀ վարչապետի հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի Միլանի միջազգային քաղաքագիտության ինստիտուտ՝ ISPI ուղեղային
կենտրոն, որտեղ հանդիպում կունենա Միլանի քաղաքապետ Ջուզեպպե Սալայի հետ և կմասնակցի «Dialogue on Future» խորագրով քննարկմանը: Միլանում Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա Լոմբարդիայի կառավարության, ինչպես նաև Իտալիայի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ և կմասնակցի հայ-իտալական համատեղ գործարար համաժողովին:
 
Միլանից ՀՀ վարչապետը կմեկնի Հռոմ, որտեղ հանդիպումներ կունենա Իտալիայի բարձրագույն ղեկավարության հետ: Հռոմի Կիջի պալատում՝ Իտալիայի վարչապետի պաշտոնական նստավայրում, տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեի հետ: Հանդիպումից հետո երկու երկրների վարչապետները ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Հռոմում Նիկոլ Փաշինյանը կհանդիպի նաև Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի և Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտի նախագահ Կառլո Ֆերոի հետ:
 
Հռոմում նախատեսվում է նաև վարչապետի և նրա տիկնոջ այցը Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան վարժարան:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 777 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար