Երեխաները կիրականացնեն համայնքային ծրագրեր՝ ուղղված հավասար իրավունքների խթանմանը

21-11-2019 16:45:41   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Ս.թ. նոյեմբերի 20-ին #Գործիրհիմա իդեաթոն-մրցույթի շրջանակում 150 երեխա Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից մշակեցին երեսուն նախագիծ։ Միջոցառումը տեղի ունեցավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում Եվրոպական միության աջակցությամբ: Միջոցառման նպատակն էր բարձրացնել մարզերում իրազեկվածությունը մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ՝ ներգրավելով նրանց ոլորտում առկա խնդիրների լուծման գործում: Միջոցառումը հարթակ ծառայեց 13-17 տարեկան երիտասարդ մասնակիցների համար՝ իմանալու ավելին իրենց իրավունքների ու պատասխանատվությունների մասին, ինչպես նաև գաղափարներ առաջարկելու՝ ուղղված իրենց համայնքներում ավելի բարեկեցիկ կյանքի ապահովմանը:
 


Հաղթող ճանաչվեց երեք նախագիծ՝ յուրաքանչյուր մարզից մեկը: Նախագծերը կյանքի կկոչվեն Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, իսկ դրանց ընթացքը կվերահսկեն մարզպետարաններն ու Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը։ Դրանք կնպաստեն մարզերում հավասար իրավունքների խթանմանը` համայնքային ներգրավվածության միջոցով: Հաղթող նախագծերի իրականացման արդյունքում Շիրակի մարզի Ազատան համայնքը կունենա ներառական խաղահրապարակ՝ ապահովելով բոլոր երեխաների
համար ժամանցի հավասար պայմաններ: Վանաձորի թիվ 23 դպրոցի ֆուտբոլի դաշտը կբարեկարգվի, և կտեղադրվեն թեքահարթակներ, իսկ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքում կբարեկարգվի Ազատամարտիկների այգին:
 
Միջոցառմանը ներկա էին և բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀԿրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության նախագահ Էդգար Խաչատրյանը ներկայացրեց Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակը, մարտահրավերներն ու տարվող աշխատանքները:
 
Նախագծերի մշակման գործում մասնակիցներին խորհրդատվական աջակցություն տրամադրեցին մարդու իրավունքների ոլորտում գործող կազմակերպություններից և կրթական հաստատություններից փորձառու մասնագետներ։ Հաղթող նախագծերին ընտրեց Լոռու, Շիրակի ու Տավուշի մարզպետարանների, մարդու իրավունքների ոլորտում գործող հասարակական ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներից բաղկացած ժյուրին:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 328 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար