Կենդանաբանական այգին նոր տնօրեն ունի

22-11-2019 14:22:31   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը Կենդանաբանական այգու աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանին: Սիմոնյանը մինչ այս զբաղեցնում էր այգու փոխտնօրենի պաշտոնը:
Փոխքաղաքապետը հիշեցրել է, որ Ռուբեն Խաչատրյանը պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել քաղաքապետին դեռևս շաբաթներ առաջ:
 


«Եվս մեկ անգամ պետք է շնորհակալություն հայտնել արդեն նախկին տնօրեն պարոն Խաչատրյանին՝ այս տարիների ընթացքում կատարած մեծածավալ աշխատանքի համար, որից անմասն չեն եղել աշխատակիցները: Ուզում եմ նշել նաև, որ նա իր մասնագիտական փորձով կշարունակի աջակցել այգուն: Մենք կարևորում ենք, որ այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն այս աշխատակազմից է և որոշակի առումով տեղյակ է այգու խնդիրներին: Նաև վստահ ենք, որ մասնագետները կաջակցեն, որպեսզի անցումային այս շրջանում նոր խնդիրներ չլինեն»,-նշել է Տիգրան Վիրաբյանը՝ վստահեցնելով, որ Կենդանաբանական այգին շարունակելու
է շարժվել նույն ճանապարհով:
Միաժամանակ փոխքաղաքապետն ընդգծել է, որ այգին այսօր ունի մի շարք առաջնային խնդիրներ, որոնք հաջորդ տարի արդեն պետք է լուծված լինեն: Մասնավորապես, խոսքը տարածքի ցանկապատման և այգու անվտանգության ապահովման մասին է: Քաղաքապետարանի օրակարգում է նաև այգու աշխատակիցների առողջապահական ապահովագրության հարցը:
 
«Փոփոխությունները ժամանակի հրամայականն են, սակայն դա չի նշանակում, որ կտրուկ փոփոխություններ են սպասվում աշխատակիցների շրջանում: Այստեղ չեն կարող լինել միայն մարդիկ, որոնք զբաղվում են կենդանիների առք ու վաճառքով կամ ունեն այլ հետաքրքրություններ»,-ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:
 
Այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վլադիմիր Սիմոնյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել, որ կառավարման ոլորտում իր փորձը կներդնի այգու զարգացման գործում:
 
Հանդիպումից հետո Տիգրան Վիրաբյանն աշխատակազմի ղեկավար կազմի հետ անցկացրել է առանձին խորհրդակցություն: Տեղեկացվել է, որ ձևավորվել է նեղ-մասնագիտական աշխատանքային խումբ, որը կաջակցի այգու աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը: Նշվել
է նաև, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան է հրավիրվել կենդանաբույժ Իման Մեմարիանը, ով առաջիկայում՝ փաստաթղթային կարգավորումներից և ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո կզբաղեցնի փոխտնօրենի պաշտոնը: Նա, մինչև այս, երկար տարիներ ղեկավարել է Թեհրանի Կենդանաբանական այգին: Համագործակցելով կենդանաբանական միջազգային մի շարք կառույցների հետ՝ Մեմարիանն ունի աշխատանքային մեծ փորձ:
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 873 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար