Վարչապետը Հռոմում հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահի հետ

22-11-2019 16:41:46   | Իտալիա  |  Քաղաքական
 

 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Իտալիայի Հանրապետությունում։
 
Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության և տնտեսական զարգացման նախարարություններին կից Իտալիայի արտաքին առևտրի գործակալության՝ ICE-ի նախագահ Կարլո Ֆերոյի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր նաև ICE-ի գլխավոր տնօրեն Ռոբերտո Լուոնգոն։
 
Վարչապետը կարևորել է Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության ղեկավարության հետ հանդիպումը՝ երկկողմ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու համատեքստում, ինչի համար ձևավորվել են լավ հիմքեր։ Նիկոլ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և ընթացիկ տարում տնտեսական կապերի զարգացման լավ դինամիկան, ինչի մասին են վկայում իտալական կապիտալի ներգրավվածության ընդլայնումը մեր երկրում, երկկողմ առևտրաշրջանառության աճը, նաև 2020 թ. հունվարից Երևան-Միլան-Հռոմ չվերթների գործարկումը, որը կնպաստի
զբոսաշրջային և բիզնես կապերի զարգացմանը։
 
Կարլո Ֆերոն ողջունել է ՀՀ վարչապետի այցն Իտալիա և նշել, որ իտալական կողմը բավական հետաքրքրված է Հայաստանի հետ գործարար համագործակցության զարգացմամբ, տպավորված է բիզնեսի ոլորտում արձանագրվող աճով և պատրաստ է քննարկել համատեղ նախաձեռնությունների հնարավորությունները։ Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության նախագահը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեությունը՝ նշելով, որ այն մասնագիտացած է իտալական ընկերությունների միջազգային գործունեությունը խթանելու գործում։ Նա արդյունավետ է համարել այս տարվա հունիսին Երևանում և երեկ Միլանում հայ-իտալական գործարար համաժողովների անցկացումը և առաջարկել քննարկել ֆորումների արդյունքների կապիտալիզացման հնարավորությունը։
 
Փոխգործակցության զարգացման համատեքստում զրուցակիցները հետաքրքրական են համարել զբոսաշրջության, հյուրանոցային բիզնեսի, գյուղատնտեսության, ագրոտուրիզմի ոլորտներում համատեղ ծրագրերը և մտքեր փոխանակել դրանց իրականացման հեռանկարների շուրջ։ Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության նպատակը Հայաստանում բիզնես գործունեության համար եվրոպական չափանիշներին համահունչ տնտեսական և օրենսդրական միջավայրի ձևավորումն է և դեպի եվրասիական շուկա ազատ, անսահմանափակ մուտքի ապահովումը, ներկայացրել այդ ուղղությամբ արվող քայլերը։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Կարլո Ֆերոյին համագործակցելու պատրաստակամության համար, առաջարկել նրան Հայաստանում առկա հնարավորությունները ներկայացնել իտալական ներդրողներին, ինչպես նաև հրավիրել Հայաստան՝ տեղում ծանոթանալու երկրին և առկա հնարավորություններին։ 
 
Երկուստեք կարևորվել է զբոսաշրջային բիզնեսում ներգրավված ՓՄՁ-ների միջև փորձի փոխանակումը։ Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ հետագա անելիքների
և կոնկրետ ծրագրերի շուրջ քննարկումները շարունակել Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների և Իտալիայի արտաքին առևտրի պետական գործակալության մակարդակով։
 
Հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական «Corriere della Sera» oրաթերթին։
 
 
***
 
 
Իտալիայի արտաքին առևտրի ինստիտուտը՝ ICE-ը, պետական գործակալություն է, որն իր արտերկրյա մասնաճյուղերի միջոցով աջակցում է աշխարհում իտալական ընկերությունների բիզնես գործունեության զարգացմանը և Իտալիայում արտաքին ներդրումների ներգրավմանը։ ICE-ը խորհրդատվական, տեղեկատվական, հաղորդակցական, մասնագիտական թրեյնինգային օժանդակություն է տրամադրում Իտալիայի փոքր և միջին ձեռնարկություններին։
 
Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 350 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար