Հարկերի մասին մատչելի տեղեկատվությունն արդեն հասանելի է էլեկտրոնային հարթակում

Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակվել են էլեկտրոնային ուղեցույցներ

22-11-2019 17:56:56   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

 
Գործարարներն այսուհետ կարող են հարկերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն ստանալ էլեկտրոնային հարթակում: Նոյեմբերի 22-ին ներկայացվել են շահութահարկի, շրջանառության և ավելացված արժեքի հարկերի, տրանսֆերային գնագոյացման կարգավորումների օրենսդրական դրույթները պարզաբանող էլեկտրոնային ուղեցույցներ, ինչպես նաև գործարարների լայն շրջանակի համար կիրառելի տիպային գործարքների օրինակներ: Ուղեցույցները մշակել են ոլորտի փորձագետները` ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ֆինանսների նախարարության մասնագետների հետ քննարկումների արդյունքում և Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» (Good Governance Fund) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի շրջանակում:
 
Շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Երևանում Բրիտանական դեսպանատան Գործերի ժամանակավոր
հավատարմատար Էլիսոն Չիքը և գործարար դաշտի ներկայացուցիչներ։
Ուղեցույցները հասանելի են ՊԵԿ պաշտոնական www.petekamutner.am կայքում երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն։ Հարկատեսակների վերաբերյալ դրույթները և տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ներկայացված են գործնական օրինակներով և գծապատկերներով։ Ուղեցույցներում կան նաև ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածների և ՀՀ կառավարության որոշումների ակտիվ հղումները։ «Պատահական չէ, որ տեղադրված են նաև տիպային գործարքների օրինակներ, որոնք ցույց են տալիս, թե յուրաքանչյուր գործարքի դեպքում, ինչպես պետք է կիրառվեն հարկային օրենսդրության դրույթները»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը: Նրա կարծիքով ուղեցույցների գնահատականը կտա իրական շահառուն` բիզնես հանրությունը: «Թեև կոմիտեն և ֆինանսների նախարարությունն ունեն իրազեկման ու պաշտոնական պարզաբանում տրամադրելու գործառույթ, սակայն էլեկտրոնային հարթակ ստեղծելու նպատակն այն է, որ հաճախ հանդիպող հարցերի վերաբերյալ լինի պարզեցված, օրինակներով հագեցած բացատրություն, այսինքն` ավելի մանրամասն, քան հնարավոր է ունենալ իրավական ակտում գրված իրավական տեքստով»,-ընդգծել է Արթուր Մանուկյանը:
Ուղեցույցները պարբերաբար լրամշակվելու են ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխություններին զուգահեռ: «Ուղեցույցները գալիս են ձևավորելու նոր մշակույթ հարկ վճարող-հարկային մարմիններ փոխհարաբերություններում: Այս հնարավորությունից օգտվելով հարկ վճարողները կկարողանան գործել ավելի կանխատեսելի և հասկանալի
հարկային միջավայրում»,-նշել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը` վստահություն հայտնելով, որ ուղեցույցները հարկ վճարողների համար կդառնան «սեղանի գիրք»` էլեկտրոնային տարբերակով և նրանց կծառայեն ամենօրյա հասանելիությամբ:
 
«Աջակցություն հարկային համապատասխանության բարելավմանը» ծրագրի նպատակն է բարձրացնել հարկային վարչարարության թափանցիկությունը, ինչպես նաև հարկ վճարողների հարկային համապատասխանությունը, նպաստել հարկային վեճերի քանակի և համապատասխան վարչական ծախսերի նվազեցմանը։
 
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 507 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար