«Պետք է բարձրացնել 2015թ. հանրաքվեի կեղծման գործը, Տիգրան Մուկուչյանը դեռ շատ ասելիք ունի». Նարինե Դիլբարյան

05-12-2019 18:09:13   | Հայաստան  |  Քաղաքական

Դիմապատկերը հիշեցրեց. 2015 թ. իշխանությունները Սերժ Սարգսյանի գլխավորությամբ իրականացրին հերթական ընտրակեղծիքը՝ անցկացրին, այսպես կոչված, սահմանադրական փոփոխությունների իրենց նախագիծը, որը պիտի «հավերժացներ» իրենց իշխանությունը, կեղծեցին հանրաքվեի արդյունքները, 2018 թ. ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, թիմով հեռացան, «ընդդիմություն» դարձան, բայց կեղծքիների ծնունդ համակարգային օրենքը իր բոլոր չարորակումներով մնաց մեր պետության ու քաղաքացիներիս պարանոցին, որպես խեղդող օղակ:

Հիմա բերկրանքի մեջ է երեկվանից մեր քաղաքացիների մի մասը՝ Սերժ Սարգսյանի դեմ քրգործ է հարուցվել, վերջապե՛ս, բայց ինչի համար՝ իր ընկեր Բեգլարյանի ընկերությանը վառելիքի ներկրման մրցույթի ապօրինի հաղթող է դարձրել, վնաս պատճառելով պետությանը, քա՜նի տասնյակ հազար այդպիսի մրցույթներ են կայացել ամենատարբեր ոլորտներում, ով չգիտե՝ ովքեր են հաղթում «մեր» մրցույթներում, այսօրվա հանրային քննարկումների առարկա դարձած և իրավապահների ուշադրությանն արժանացած կասկածահարույց դեպքերն էլ վկա առողջապահության, շինարարության, սպորտի և այլ ոլորտներում, հին համակարգը ողջ է և իր խողովակներով անցկացնում է նոր դեմքերին, այդպիսիններն են գայթակղվել, մոլորվել.....համակարգն ամեն ինչ է, անձերը՝ գործիք: Հերթական դատարկ պարկուճն ենք կրակելու, ինչպե՞ս են ապացուցելու, որ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ, հրամանով է եղել այդ մրցույթի արդյունքների ամփոփումը, այսքան ամիս է Ռոբերտ Քոչարյանի մեղսագրումն ենք փորձում ապացուցել մարտի մեկի դեպքերին բանակը մասնակից դարձնելու և սահմանադրական կարգը տապալելու համար՝ ինքնաբացարկների տարափի տակ, հերթական հարվածն ենք ստանալու՝ Սերժ Սարգսյանի ուղղակի մասնակցությունը մրցույթների կեղծման ընթացքում ապացուցելու շղթայում: Համոզված եմ՝ այն ժամանակ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի ամենամեծ մեղքը Հայաստանում արդեն առկա ընտրակեղծիքների մեխանիզմի կատարելագործումն էր իր իշխանության վերարտադրության համար, որի համար նրանից քաղաքական և իրավական պատասխանատվություն է պետք պահանջել: ԿԸՀ-ում չկա՞փաստաթղթեր, չկա՞ն վկաներ, կուսակցություններ, քաղաքացիներ, հասարակական կազմակերպություններ, որոնք պայքարել են հանուն ՀՀ քաղաքացիների ազատ կամարտահայտման: Պետք է բարձրացնել 2015 թ. հանրաքվեի կեղծման գործը, Տիգրան Մուկուչյանը դեռ շատ ասելիք ունի, մի ազատ ընտրության անցկացումը ինդուլգենցիա չէ նրա համար, թող չասեն՝ հրաման է եղել, իրենք ենթարկվել են, ո՛չ, հրամանն իրականություն է դառնում կատարողների բանակի միջոցով: Պետք հիշենք նաև 2013 թ. ընտրությունները, դրանց կեղծումը, և միայն այսպես, այս ճանապարհով կկազմաքանդենք ժողովրդավարությունն ու առաջընթացը կասեցնող հին համակարգը, և իրականություն կդարձնենք նոր Հայաստանը:

 

Նարինե Դիլբարյան 
 «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ

 

 

 

 

 

 


Նոյյան տապան   -   Քաղաքական
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1458 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար